Վերաքննիչում քննվում է Վերմիշյանի կալանքի դեմ բողոքը․ նա շարունակում է մեղադրանքը չընդունել

Վերաքննիչում քննվում է Վերմիշյանի կալանքի դեմ բողոքը․ նա շարունակում է մեղադրանքը չընդունել

Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը շարունակում է մնալ անազատության մեջ։ Այս պահին կալանավորման դեմ բողոք է քննվում Վերաքննիչ քրեական դատարանում, իսկ կալանքի ժամկետը եւս 2 ամսով երկարացվել է հունիսի վերջին։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Մուշեղ Առաքելյանը։

«Գործն ընթացքի մեջ է, հուսով ենք՝ 1,5-2 ամսվա մեջ կավարտեն։ Բացարձակ որեւէ քննչական գործողություն չի իրականացվում, ոչ էլ պատճառը գիտենք։ Մենք մեր հիմնական ցուցմունքները տվել ենք։ Պարոն Վերմիշյանը, ի սկզբանե, ոնց այդ մեղադրանքը չի ընդունել, մինչեւ օրս մենք այդ մեղադրանքները չենք ընդունում։  Մնացած հիմնավորումների, հանգամանքների հետ կապված նախաքննությունն ավարտվի, մենք մեր դիրքորոշումը կհայտնենք»,-ավելացրեց պաշտպանը։

Ըստ ԱԱԾ-ի, Քաղաքաշինության կոմիտեն մոտ մեկ տարի ղեկավարած Վերմիշյանն իր մտերիմի անունով հիմնել է նախագծման աշխատանքներ իրականացնող ընկերություն և ուղղորդել է իրեն դիմած կառուցապատողներին գործարքներ կատարել հենց այդ ընկերության հետ։ Իրավապահների փոխանցմամբ՝ Վերմիշյանը շինարարական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությամբ՝ նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը և տրամադրմանը։ Դրա դիմաց անձամբ կամ էլ մտերիմի միջոցով Վերմիշյանը 1 միլիոնից 2,5 միլիոն դրամի չափով գումար կամ էլ այդ արժեքի ապրանք է կաշառք ստացել։

Բացի այդ, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը անցած տարի հոկտեմբերին իր աշխատասենյակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերել մի քանի շինարարական ընկերությունների սեփականատիրոջը «Հայաստանի վաստակավոր շինարարի» կոչման ներկայացնելու համար՝ որպես կաշառք ստանալով 5000 դոլար գումար և շուրջ 2 միլիոն 300 հազար դրամի շինանյութ,հաղորդել էր ԱԱԾ-ն։