Բանակցությունները կարող են վերադառնալ 90-ականների հուն, որը նախատեսում էր ոչ միայն տարածքների հանձնում Ադրբեջանին

Բանակցությունները կարող են վերադառնալ 90-ականների հուն, որը նախատեսում էր ոչ միայն տարածքների հանձնում Ադրբեջանին

Հեռանկարային հետազոտությունների ու նախաձեռնությունների կենտրոնը հրապարակել է «ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի փուլերը, իրավիճակն ու հեռանկարները» վերտառությամբ 38 էջանոց հոդված: Հեղինակը քաղաքական գիտությունների դոկտոր, ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանն է։ Հոդվածը շատ ծավալուն է, ներկայացնում ենք կրճատումներով։

Որպես նախաբան Թորոսյանը նշում է, որ Արցախում ապրիլին տեղի ունեցած  համապետական ընտրություններից, ինչպես նաև Հայաստանում 2018թ. տեղի ունեցած իշխանափոխությունից հետո ստեղծվել է մի իրավիճակ, երբ կարգավորման տեսակետից Արցախում ու Հայաստանում առանցքային դերակատարություն են ստանձնել անձինք, ովքեր նախկինում այդ գործընթացի հետ որևէ առնչություն չեն ունեցել։ Կա նաև անհրաժեշտ գիտելիքների և փորձի ակնհայտ բացակայություն պատասխանատու կառույցների ու պաշտոնյաների շրջանում։ Հեղինակի հայացքով՝ ակնհայտ է, որ այս պահին օգտագործվում են առերևույթ անսպասելի, «սենսացիոն» արտահայտություններ ու «գաղափարներ», որոնք ոչ միայն միտված չեն խնդրի լուծմանը, այլև կարող են պատճառ դառնալ անբարենպաստ զարգացումների ու վտանգավոր շրջադարձերի: 
Եվ այսպես Հայաստանում ընդունված է այդ ժամանակաշրջանները բաժանել փուլերի՝ ըստ երկրի ղեկավարների պաշտոնավարման շրջանների: Հետևաբար, Հայաստանի դեպքում հակամարտության կարգավորման գործընթացը կարելի է բաժանել 4 փուլերի։ 

Լ. Տեր-Պետրոսյանի հայեցակարգային մոտեցումները

Հայաստանի առաջին նախագահի պաշտոնավարման ընթացքում հակամարտության 3 կողմերին՝ Հայաստանին, Ադրբեջանին և Լեռնային Ղարաբաղին ներկայացվել են (1997թ.) կարգավորման 2  համաձայնագրերի նախագծեր՝«Փուլային» և  «Փաթեթային»։ Հակամարտության կարգավորման իր մոտեցումների վերաբերյալբարձրացած քննադատության ալիքին ի պատասխան Լ. Տեր-Պետրոսյանը հրապարակեց «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածը՝ ձևակերպել է իր հետևյալ մոտեցումները․Հայաստանն ու Ղարաբաղն այսօր ուժեղ են քան երբևէ, բայց հակամարտության չկարգավորման դեպքում մեկ-երկու տարի հետո անհամեմատ թուլանալու են։ Այն, ինչ մերժում ենք այսօր, ապագայում խնդրելու, բայց չենք ստանալու, ստատուս-քվոն երկար ժամանակով պահպանել հնարավոր չէ, որովհետև դա թույլ չեն տա ո՛չ միջազգային հանրությունը, ո՛չ էլ Հայաստանի տնտեսական կարողությունները, Ղարաբաղի հակառակորդը միջազգային հանրությունն է, որին մենք, փաստորեն, ձեռնոց ենք նետել։ Կամ՝ ո՞րն էր ավելի նախընտրելի՝ պահել Ղարաբաղը և կորցնել քարոզչական պատերազմը, թե՞ կորցնել Ղարաբաղը և փայլուն հաղթանակ տանել քարոզչության ասպարեզում»։ Ղարաբաղի հարցի լուծման միակ տարբերակը փոխզիջումն է, փոխզիջումն ընտրություն չէ լավի ու վատի միջև, այլ վատի ու վատթարի միջև։        
Այս մոտեցումների հիման վրա նա  առաջարկում էր համաձայնություն տալ 1997թ.-ի «Փուլային» լուծմանը, որով Ղարաբաղը պետք է լիներ Ադրբեջանի կազմում, ԼՂԻՄ-ի սահմաններով, ինքնավարության լիազորություններով։

Ռ. Քոչարյանի հայեցակարգային մոտեցումները

ՀՀ նախագահի պաշտոնը 1998թ-ին ստանձնած Ռ․ Քոչարյանի պաշտոնավարման ընթացքում՝ 1998-2008թթ. համանախագահները կողմերին ներկայացրել են 3 նախագիծ․ «Ընդհանուր պետություն», «Քի Ուեսթ», «Մադրիդյան սկզբունքներ»։ «Դրանցից առաջինը, թեև ԼՂ-ի համար նախատեսում էր ավելի լայն լիազորություններ, սակայն, փաստորեն, նույնպես Ադրբեջանի կազմում և մերժվեց։ Երկրորդ տարբերակը քննարկվեց ամերիկյան Քի Ուեսթ բնակավայր հրավիրված ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի և Ադրբեջանի նախագահ Հ. Ալիևի հետ։ Վերադարձից հետո մի քանի ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաներ հրաժարականներ ներկայացրեցին և Հ. Ալիևը մերժեց այդ տարբերակը։ Որոշ ժամանակ անց նա մահացավ, և երկրի նախագահի պաշտոնը ստանձնեց որդին՝ Ի. Ալիևը»,-գրում  է ԱԺ նախկին նախագահը՝ հիշեցնելով, որ նոր նախագիծ մշակելու համար տևական ժամանակ պահանջվեց։ Ի վերջո, 2007թ. նոյեմբերին Մադրիդում կողմերին ներկայացվեց «Մադրիդյան սկզբունքները» կոչվող նախագիծը՝ որպես բանակցությունների հիմք։ Հակամարտության բոլոր կողմերը (ՀՀ, ԼՂ, Ադրբեջան) այն հետագայում համաձայնել են որպես հիմք ընդունել և մինչ օրս այն բանակցային սեղանին է։ Այս սահմանում է, որ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի Հելսինկյան եզրափակիչ ակտի 3՝ ինքնորոշման իրավունքի, տարածքային ամբողջականության և ուժի ու ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքների հիման վրա։ 

««Մադրիդյան սկզբունքներ» փաստաթղթի հետ կապված՝ կա մեկ հանգամանք, որն այս շրջանում շատ ուսանելի կարող է լինել ՀՀ և ԼՂՀ նոր իշխանությունների համար։ Ի. Ալիևը փորձեց խորամանկել։ Համաձայնություն տալով փաստաթղթին, որը լուծման հիմք է համարում 3 սկզբունքներ, որոնցից մեկը ինքնորոշման իրավունքն է, նա շարունակում էր հին ադրբեջանական «երգը»՝ Լեռնային Ղարաբաղը կարող է ինքնորոշվել, բայց Ադրբեջանի կազմում։ Որոշ ժամանակ անց նա հասկացավ, որ որևէ լուրջ միջավայրում այդ պնդումը որևէ արժեք չունի, բայց հրաժարվել փաստաթղթից չէր կարող։ Ադրբեջանական կողմը տևական ժամանակ ամեն ջանք գործադրում է իրավիճակը շտկելու՝ կա՛մ նոր նախագծի անցնելու, կա՛մ խնդրի կարգավորումն այլ միջազգային կազմակերպություն տեղափոխելու համար, սակայն ապարդյուն»,-կարծում է հոդվածագիրը։ Նա նաև նշում է, որ 97 -ին արվող  չարագուշակ կանխատեսումներից որևէ մեկը ոչ միայն չիրականացավ։ Ամփոփելով՝ Թորոսյանն արձանագրել, որ թեև կարգավորման 2 րդ փուլի՝ Ռ. Քոչարյանի նախագահության ժամանակահատվածում հակամարտությունը չի կարգավորվել, սակայն հաջողվել է հասնել բանակցությունների ռազմավարության փոփոխությանը։ «Ի տարբերություն նախորդ փուլի, երբ միջնորդների առաջարկած կարգավորման նախագծերը նախատեսում էին Ադրբեջանի կազմում Ղարաբաղի կարգավիճակ՝ ԼՂԻՄ-ի սահմաններով, հաջողվել է բանակցային գործընթացը տեղափոխել սկզբունքորեն այլ հարթություն, բանակցությունների հիմք է ընդունվել «Մադրիդյան սկզբունքներ» փաստաթուղթը, ըստ որի ԼՂ կարգավիճակը պետք է որոշի Արցախի ժողովուրդը՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա։ 

Սերժ Սարգսյանի հայեցակարգային մոտեցումները

2008թ. ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնած Ս. Սարգսյանի պաշտոնավարման ողջ ժամանակահատվածում բանակցային փաստաթուղթը «Մադրիդյան սկզբունքներն» էին։ Այդ ընթացքում պետք է կատարվեր տևական և մանրակրկիտ աշխատանք հակամարտության կարգավորման գործընթացի հիմնական սկզբունքների՝ որպես բանակցությունների հիմք, ամրապնդման և փաստաթղթային ամրագրման, ինչպես նաև օրակարգային 6 հարցերի («Մադրիդյան սկզբունքների» 6 տարրերի) համար լուծումների մշակման ուղղությամբ, որը դարձավ գործընթացի երրորդ փուլի՝ Ս. Սարգսյանի պաշտոնավարման ժամանակահատվածի առանցքային խնդիրը։ 2008թ. նոյեմբերի 2-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները ստորագրեցին Մայնդորֆյան (մոսկովյան) հռչակագիրը, որով արձանագրվում էին «Մադրիդյան սկզբունքների» ներկայացմամբ սկսված  քննարկումների փուլի մեկնարկային պայմանները։ Ըստ այդմ՝ Մայնդորֆյան հռչակագիրը անդրադառնում է ոչ թե խնդրի լուծման մեխանիզմներին, այլ սկզբունքներին: Փաստաթուղթն արձանագրում էր այն ստորագրող կողմերի համաձայնությունը, որ խնդիրը պետք է լուծվի միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի հիման վրա (կետ 1)։ Թորոսյանի հայացքով՝ կարգավորման գործընթացի իրավական բաղադրիչի տեսակետից կարևոր իրադարձություն էր 2009թ. հուլիսին Լ’Աքվիլայում համանախագահող երկրների նախագահների հայտարարությունը բանակցային փաստաթղթի հիմնական դրույթների վերաբերյալ, որով առաջին անգամ պաշտոնապես հրապարակվեցին 2007թ. Մադրիդում ներկայացված բանակցային փաստաթղթի հիմնական դրույթները, ինչը հնարավորություն տվեց պաշտոնական տեղեկության հիման վրա գնահատել գործընթացի էությունը։ 

Մի քանի ամիս անց արվեց ևս մեկ կարևոր քայլ։ 2009թ.  դեկտեմբերին Աթենքում տարածված Մինսկի խմբի և Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարների համատեղ հայտարարության եզրափակիչ հատվածը արձանագրեց. «Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները... հայտարարում են իրենց երկրների պատրաստակամության մասին՝ հիմնական սկզբունքների վրա կատարվող աշխատանքներն ավարտելու վերաբերյալ, ինչպես դա նախատեսված էր Լ’Աքվիլայում համանախագահ երկրների նախագահների  հայտարարությունում։ Նախարարները կրկին հաստատեցին իրենց հավատարմությունը կարգավորման մնացած հարցերի լուծման ուղղությամբ ինտենսիվ աշխատանքին և համաձայնություն ձեռք բերելուն, որը հիմնված կլինի, մասնավորապես, Հելսինկյան եզրափակիչ ակտի ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ազգերի իրավահավասարության ու ինքնորոշման սկզբունքների վրա»։ Այս փաստաթուղթը դարձավ Ադրբեջանի ներկայացուցչի ստորագրած առաջին վավերագիրը, որտեղ ուղղակիորեն արձանագրված էր, որ ԼՂ հակամարտության լուծման նպատակով պետք է կիրառվի ինքնորոշման սկզբունքը։ Ամփոփելով այս հատվածը՝ հոդվածագիրը եզրակացնում է՝ իսկ դա ակնհայտորեն հաստատում էր Ս. Սարգսյանի բազմիցս արած հայտարարությունները, որ բանակցային գործընթացի էությունն այն է, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում։

Տիգրան Թորոսյանը նաեւ կարծում է, որ Ալիևը սկսել էր հասկանալ, որ հայտնվել էր անելանելի իրավիճակում․ մի կողմից՝ չէր կարող հրաժարվել տարիներ տևած բանակցությունների արդյունքներից, երբ միջանկյալ արդյունքներին հավանություն էր տվել։ Դա, ըստ նրա, համարժեք կլիներ հայտարարությանը, որ Ադրբեջանի հետ բանակցություններն անիմաստ են և ՄԱԿ-ի ԱԽ 3 երեք անդամ միջնորդ պետությունները կարող էին լուծում պարտադրել իրենց ներկայացրած «Մադրիդյան սկզբունքների» հիման վրա, որը նույնպես տանելու էր ԼՂ անկախության ճանաչմանը, իսկ մյուս կողմից՝ հենց որ հրապարակվեր համաձայնագրի նախագիծը, պարզ կդառնար, որ դրա իրականացումը հանգեցնելու է ԼՂ անկախության ճանաչմանը։ Ահա թե ինչու, ինչպես «Կազանյան փաստաթուղթը» (2011թ.), որը մոտ մեկ տասնյակ հանդիպումների արդյունքում ներկայացրել էր Ռուսաստանը, այնպես էլ հետագայում ի հայտ եկած մի շարք այլ նախագծեր, որոնք «Մադրիդյան սկզբունքներում» արձանագրված սկզբունքների շրջանակում խնդրո առարկա 6 տարրերի համար լուծումներ էին առաջարկում, մերժվեցին։ Եվ հայկական կողմերի մարտավարության արդյունքում գրեթե միշտ դա ստիպված էր անել ադրբեջանական կողմը։

 Նիկոլ Փաշինյանի հայեցակարգային մոտեցումները

Հոդվածագիրն արձանագրում է՝ 2018-ին իշխանությունը ստանձնած Փաշինյանը հենց սկզբից փորձեց սեփական մոտեցումներ ներկայացնել կարգավորման գործընթացի վերաբերյալ, որոնք էապես տարբերվում էին նախորդների մոտեցումներից։ Դրանցից, թերևս, առավել էականները հետևյալն էին՝Ղարաբաղը պետք է մասնակցի բանակցային գործընթացին, ինքը լիազորված չէ ներկայացնելու Արցախի տեսակետը, համանախագահները պետք է բացատրեն տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի էությունը, լուծումը պետք է բավարարի Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի ժողովուրդներին։

Թորոսյանի հայացքով՝ գործընթացի մեջ նոր ներգրավվող դերակատարի՝ Արցախի մասին հայտարարությունը կարելի է հաջող համարել, «բայց  ոչ այն պատճառով, որ դրանից հետո միջնորդները կպաշտպանեն այդ մոտեցումն ու ԼՂ-ն անմիջականորեն կներգրավվի բանակցությունների գործընթացում» ․ակնհայտ է, որ դա տեղի չի ունենա տեսանելի ապագայում, քանի որ առաջընթացի տևական բացակայության դեպքում նրանք չեն ցանկանա կողմերի անհամաձայնության նոր գործոն ներմուծել։ Սակայն նման քայլը նոր փուլի սկզբի արձանագրման, ինչպես նաև Ղարաբաղի ինքնուրույնության ընդգծման առիթ կարող էր դառնալ։ Ինչ վերաբերում է համանախագահներին բացատրելու մասին փաշինյականան մոտեցմանը, ապա Թորոսյանը միջազգային իրավունքի նորմերի վերաբերյալ միջնորդներից մեկնաբանություն ակնկալելը տարօրինակ մոտեցում է համարում և մի բան, որը դժվար է գտնել հակամարտությունների կարգավորման գործընթացներում։ Ճիշտ հակառակը՝ մի քանի տասնամյակ է, ինչ միջազգային բանակցություններում կողմերի անձնակազմերի անբաժանելի մաս են կազմում մասնագիտական խմբերը և նրանք են մեկնաբանում փաստաթղթերն ու նորմերը։ Թորոսյանը խորհուրդ է տալիս՝ կարելի է գոնե ծանոթանալ Կոսովոյի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի կարծիքում ներառված հարցի քննարկմանը մասնակցած պետությունների պատվիրակությունների կազմերի հետ և հասկանալ, որ միջնորդները պարտավոր չեն կողմերին տրամադրել խորհրդատվական ծառայություններ, նրանց խնդիրն է միջնորդության հաջողության ապահովումը։

Փաշինյանի երրորդ մոտեցումը՝ որ լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար, Տիգրան Թորոսյանի կարծիքով չի տեղավորվում ոչ միջազգային իրավունքի, ոչ միջազգային բանակցությունների որևէ տրամաբանության կամ սկզբունքի շրջանակներում։ Ըստ միջազգային իրավունքի նորմերի՝ ինքնորոշման հակամարտությունների դեպքում կարգավիճակը որոշում է բացառապես ինքնորոշվող (տվյալ դեպքում՝ Արցախի) ժողովուրդը՝ իր կամքի ազատ արտահայտմամբ։ Ցանկացած այլ ժողովրդի, պետության կամ կազմակերպության կարծիք կարող է հետաքրքիր լինել կամ չլինել ինքնորոշվող ժողովրդին, սակայն չի կարող պայման լինել լուծման համար։ Ըստ Թորոսյանի՝ հաշվի առնելով ինքնորոշման հակամարտությունների բնույթը՝ կարելի է վստահաբար պնդել, որ առաջիկայում էլ նման բան հնարավոր չի լինի։ Մասնագիտական մոտեցման տեսակետից բոլոր ժողովուրդներին բավարարող լուծման մասին գաղափարը անիրատեսական և անպտուղ է՝ հղի բազմաթիվ վտանգներով։

Հոդվածագիրը վերլուծում է նաև 2020թ. փետրվարին վարչապետ Փաշինյանի ներկայացրած 6 կետերը, որոնք անվանել է Մյունխենյան սկզբունքներ և նշում, որ դրանք հակամարտության կարգավորան սկզբունքներ չեն կարող լինել։ Դա է հաստատում նաև ավելի ուշ արված հայտարարությունը, որ այդ կետերը պետք է դիտարկել «Մադրիդյան սկզբունքների» համատեքստում՝ վերադառնալով ի շրջանս յուր։ 

Թորոսյանը չի շրջանցել այդ ժամանակահատվածում հակամարտության մասին ՌԴ արտգործնախարար Ս. Լավրովի`Գորչակովի ակումբում արած հայտարարությունը և այն դիտարկել որպես մարտահրավեր։ Հիշեցնենք, որ Լավրովն ասել էր կան «Մադրիդյան սկզբունքները», ինչպես նաև փաստաթղթեր, որոնք պատրաստվել են 2010-2011թթ. ՌԴ-ի կողմից՝ այսպես կոչված «Կազանյան փաստաթուղթը» և որ դրանք տարածվել են մեկ տարի առաջ Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ, որի մասնակիցները դա ակտիվորեն քննարկում են: Այդ փաստաթղթերը ենթադրում են շարժում դեպի կարգավորում՝ փուլային մոտեցման հիման վրա, առաջին փուլում նախատեսելով առավել արդիական խնդիրների լուծում՝ Ղարաբաղի հարակից մի շարք շրջանների ազատում և տրանսպորտային, տնտեսական և այլ հաղորդակցության ուղիների ապաշրջափակում»: 
Հոդվածագրի կարծիքով, այդ հայտարարությունը ցանկալի էր Լավրովի համար, պատահական չէր՝ հիմնադրամը, որը կազմակերպել էր հանդիպումը, հիմնադրվել է ՌԴ կառավարության նախաձեռնությամբ, մասնակիցներն էլ պատահական մարդիկ չեն և չէին կարող անսպասելի հարցեր հնչեցնել:

Տիգրան Թորոսյանի ամփոփմամբ․ «Հետհեղափոխական Հայաստանի արտաքին քաղաքականության հավասարակշռմանը մեկ տարի ապարդյուն սպասելուց հետո Ռուսաստանը 2019թ. ապրիլին փորձել է սթափեցնել՝ տարածելով փուլային տարբերակի նախագիծ, ինչը անթաքույց ազդանշան է, որ բանակցությունները կարող են վերադառնալ 90-ականների հուն, որը նախատեսում էր ոչ միայն տարածքների հանձնում Ադրբեջանին, այլև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակ Ադրբեջանի կազմում: Դրանից մեկ տարի անց արդեն հրապարակայնացվում է այդ վտանգը»։ 

Պատրաստեց՝ Անուշ Դաշտենցը