Դյումա- Հայր․ Հայաստանն աշխարհին ժպտում է ամենատխուր հայի ժպիտով

Դյումա- Հայր․ Հայաստանն աշխարհին ժպտում է ամենատխուր հայի ժպիտով

Կրկին վերընթերցում եմ Հայր Դյումայի գրառումը հայերի մասին․« Եթե այցելում է մեկի կողմից երաշխավորված կամ հարգանքի արժանի հյուր (հայի համար միևնույնն է), հայ օջախում սկսվում է տոնախմբություն. Մորթում են գառնուկ, վառում են բաղնիքը և բոլոր բարեկամներին հրավիրում են խնջույքի… Հայի խոսքը համարյա միշտ ճիշտ է, նրա գործարքային ստորագրությունը գրեթե սուրբ: Հայաստանն աշխարհին ժպտում է ամենատխուր հայի ժպիտով»։ 

Սա ի՞նչ է նշանակում։ Ուշադրություն դարձրեք Դյումայի  խոսքին՝ ամենատխուր հայի ժպիտով։ Այսինքն հայը ժպտացել է անգամ ամենատխուր ժամանակ։  Հայը ժպտացել է աշխարհին, բայց ժպիտն ու թախիծը միահյուսված են եղել։ Ինչու՞ կանգ առա այս խոսքի վրա։ 2018-ին, երբ նիկոլենք եկան, նրանցով հմայված մեր շատ մտավորականներ գրեցին՝ վերջապես հայի երեսին ժպիտ երևաց։

Բոլորն իրար ժպտում են, բոլորն ուրախ են։ Այդ ժամանակ մտքումս կրկնում էի Դյումայի խոսքերը՝ Հայաստանն աշխարհին ժպտում է ամենատխուր հայի ժպիտով։ Ժպիտն ու քաղցրությունն անպակաս են եղել հայից։ Ժպիտն ու սերը երբեք չի լքել  հային։ Հիմա մտածում եմ, եթե Դյուման մի հրաշքով կենդանանար ու տեսներ, որ գառնուկ մորթած, տաք բաղնիք ու խնջույք սարքած հայը իր գլխին կարգել է մեկին, որը բերանում ճիշտ խոսք չկա, ի՞նչ կգրեր․․․ Էլի՞ կգրեր նույնը՝  «Հայի խոսքը համարյա միշտ ճիշտ է, նրա գործարքային ստորագրությունը գրեթե սուրբ»: Կպնդե՞ր իրենը, որ հայի խոսքը ճիշտ է․․․ Այն հայի, որ վեց տարի խաբում է ազգին։ Նրան տեսնելով  չէ՞ր մաքրի իր գրածը․․․

Ուրիշ բան կառաջարկե՞ր․․․Չէ՞ր զարհուրի, երբ տեսներ, որ ամենաուրախ հայի ժպիտն այսօր ձևախեղվել ու ծամածռություն է դարձել։ Որ հայի սերն ու ժպիտը ատելություն ու թույն է դարձել այն օրվանից, երբ իր տուն մտել է հայ, որ արժանի չէր հարգանքի ու մեծարանքի․․․ 

Դյուման ասում էր․ Հայաստանում իրենց սկիզբն էին առնում Երկիրը ոռոգող չորս նախապատմական գետերը: Հայաստանի բարձրագույն լեռան վրա հանգրվանեց տապանը: Հայաստանում սկսվեց ավերված աշխարհի վերակենդանացումը: Վերջապես Հայաստանում Նոյը տնկեց խաղողի այգի և առաջին անգամ փորձարկեց գինու զորությունը: