Քանի գրոշ արժե մեղքերիդ խոստովանությունը, եթե դու ընդամենը նոր մեղքեր գործելու թույլտվություն ես խնդրում

Քանի գրոշ արժե մեղքերիդ խոստովանությունը, եթե դու ընդամենը նոր մեղքեր գործելու թույլտվություն ես խնդրում

Նիկոլ Փաշինյանը կառավարության ծրագրի 2021 թվականի կատարողականի զեկույցի առիթն օգտագործեց, որպեսզի, իր իսկ խոսքով ասած, խոստովանություններ անի։ Խոսի իր մեղքերի մասին, ընդ որում՝ ինքն իր մեղքը տեսնում է միայն նրանում, որ ժամանակին չի համաձայնել եւ չի հանձնել հողերը, չի խոսել ժողովրդի հետ, որ համաձայնեն եւ պատերազմը կանխվի։ Ասում է, որ իր միակ մեղքն այն է, որ դիմադրել է, «ինքն իրեն չի կարողացել համոզել», որ հանձնի 7 շրջանները՝ տեղի տալով միջազգային ճնշումներին, դրանով կանխելով պատերազմը, զոհերին եւ առհասարակ այսօրվա վիճակը չստեղծվի։

Իհարկե, սա պարզ մանիպուլյացիա է՝ 4 տարվա խայտառակ, ապաշնորհ կառավարման մեջ ընդամենը մի մեղք տեսնել՝ հողերը չհանձնելը, պատերազմը չկանխելը։ Մենք կարող էինք հազարավոր օրինակներ բերել, թե ինչպես են բոլոր ուղղություններով եւ յուրաքանչյուր հարցում սխալ որոշումներ կայացրել եւ ապացուցել, որ իրենց իշխանության բերելը մեր ազգի հազարամյակների պատմության ամենախայտառակ սխալներից մեկն էր։ Բայց՝ ենթադրենք այդպես է։

Ենթադրենք Նիկոլ Փաշինյանի միակ սխալը ժամանակին խելամիտ զիջումների չգնալն էր եւ գրավված տարածքները ժամանակին չհանձնելով՝ պատերազմը մեր տուն բերելը։ Ի՞նչ է նշանակում այս ուշացած խոստովանությունը, ի՞նչ է տալիս այն մեզ՝ մեր երկրին, մեր հասարակությանը, մեր զոհերի ընտանիքներին, Արցախին, Սյունիքին ու սահմանամերձ տարածքների բնակիչներին, սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին։ Ընդամենը մի բան, մի ճշմարտության բացահայտում, թե ինչպես կարող է ապաշնորհ եւ կառավարման անընդունակ քաղաքական ուժի եւ իր ուժերից վեր պաշտոն ստանձնած անձի մեղքով երկիրը ձախողվել, պետությունը կործանման եզրին հասնել։ Քանի՞ գրոշ արժի այս խոստովանությունը եւ ի՞նչ է դա տալու մեզ, եթե պարզ է, որ մարդը կարծում է, որ մի անմեղ սխալ է թույլ տվել, որ իր մեղքն այնքան էլ մեծ չէ, որ դա ընդամենը սխալ կողմնորոշվելու, որոշումներն ուշացնելու, նախկին մթնոլորտի պատճառով է տեղի ունեցել։ 
Ի՞նչ է եղել, որ՝ ընդամենը մի 3 հազար զոհ, ընդամենը մի 30-ամյա երազանքի կործանում, ընդամենը մի պետության նվաստացում եւ տապալում։

Եւ ամենակարեւորը՝ այս խոստովանությունն ընդամենը արվում է ժողովրդին մի փոքր էլ խաբելու, մոլորեցնելու, իր պաշտոնավարման ժամկետը մի քիչ էլ երկարացնելու, եւ գլխավորը՝ Արցախի վերջնական հանձնման մանդատը հասարակությունից կորզելու համար։

Անկեղծ ասած, որպես այս թատրոնի բաղկացուցիչ մաս, ես սպասում էի նաեւ արցունքներ, կերկերուն ձայն, ելույթի հուզախռով ընդհատում կեսից, մի խոսքով՝ դերասանական խաղի մեջ դա էլ է մտնում, բայց հավանաբար սցենարը մշակելիս Աննան հուշել է, որ դա «պերեբոր» կլինի, բավարարվել են այսքանով։

Բայց ինչքա՜ն պետք է մարդը կործանված լինի, որ նման գիտակցությունից, նման խոստովանություններից հետո, երբ ակնհայտ է, որ ինքն է աղետը բերել մեր տուն եւ ակնհայտ է, որ ինքը նաեւ գիտակցում է դա, նորից մանդատ խնդրի հասարակությունից՝ նոր աղետներ մեր տուն բերելու, նոր սխալ որոշումներ կայացնելու համար։ Որ փորձի համոզել, որ սա մեր ժողովրդի առաջ կանգնած այն ճակատագրական պահն է, որը մեր կամքից անկախ է ստեղծվել եւ միակ ելքը զիջելն է՝ Արցախի ցածր կարգավիճակ, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր, թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր պահանջների բավարարմանը համաձայնելով։ Եւ այս մարդու մտքով անգամ չի անցնում, որ այլ ելք էլ կա՝ թողնել հեռանալը, հայտարարելը, որ ես չկարողացա՝ տեղս զիջում եմ նրանց, ովքեր կարող են, կամ՝ ովքեր գոնե կփորձեն, ովքեր կոտրված չեն ու լացակումած չեն ծնկում թշնամու առաջ եւ մեղքերի խոստովանությամբ չեն խայտառակում այդ պաշտոնը։ 

Չէ որ այս ելույթը նաեւ թշնամին է լսում։