Իսկապես, որ դեպքում կառաջանա քաղաքական ճգնաժամ
Քաղաքական ճգնաժամ կառաջանա այն դեպքում, երբ միավորվեն մի շարք գործոններ կամ գոնե մի քանիսը: Ընդ որում, այդ գործոնների ծագումն ու դրանց միավորումն էլ տեղի կունենա ոչ թե ինքնաբերաբար, այլ խորհրդարանական ընդդիմության կողմից նախապես մշակված ճանապարհային քարտեզի համաձայն գործողություններ իրականացնելու դեպքում: Առաջին գործոնը մանդատներից հրաժարումն է: Երկրորդը փողոցային պայքարի ծավալումն է: Երրորդը իշխող խմբակցության մեջ ճաքեր հարուցելն է: Նշված գործոնների կարևորությունը, սակայն, չի ենթադրում դրանց հերթականություն: Երրորդն, օրինակ, պետք է նախաձեռնվի առաջինը: Այն նույնիսկ պետք է սկսվեր վաղուց: Այդ առումով ընդդիմության տեսադաշտում պետք է լինեն խորհրդարանի առավել չեզոք քպկականները: Ի դեպ, դա մատնանշելով որևէ գաղտնիք չեմ բացում. որևէ կառուցվածք քանդելու համար պետք է գտնել դրա թույլ կողմերը: Իսկ Ազգային ժողովի իշխող խմբակցության տեսանկյունից դրա թույլ կողմն առավել պասիվ անդամներն են:
Այնուհետև պետք է զարկ տրվի երկրորդ գործոնին. նպատակը փողոցում բողոքավորների կրիտիկական զանգված հավաքելն է: Կախված զանգվածի ոգևորվածության մակարդակից՝ այն կարող է ունենալ տարբեր ծավալներ, որպեսզի համարվի կրիտիկական: Այդ պահին վերջապես հայտարարվում է մանդատները վայր դնելու մասին, ինչի տեխնիկական կողմը (դիմում գրելը) պետք է նախապես պատրաստված լինի: Եվ հայտարարությունից հետո դիմումները հանձնվում են ԿԸՀ-ին: Պետք է ապահովված լինի նաև հանձնելու հարմար պահը՝ լինի աշխատանքային օր և ժամ: Իսկ մանդատները հանձնելուց հետո արդեն նախկին պատգամավորներից ոմանք կառաջնորդեն փողոցի մարդկանց: Իհարկե, ոչ բոլորը կարող են լինել լիդերներ, և այդ պատճառով առաջ են գալիս անձնազոհության պատրաստ երիտասարդները (այդպիսին է երիտասարդության բնույթը): Մանդատներն էլ պետք է հանձնեն բոլորը, բայց եթե դա չստացվի՝ խնդիր չէ: Խնդիր չէ նաև, եթե հնարավոր չլինի այդ առումով ապահովել պատգամավորության թեկնածուների ցուցակներում առկա հաջորդ անձանց համաձայնությունը: Հարցը լուծվում է ինքնալուծարման մասին ընդդիմադիր երկու խմբակցությունների ղեկավարների հայտարարությամբ:
Եվ այդ դեպքում նշանակություն չունի, որ օրենսդրորեն առկա չէ նման դրույթ. կարևորն այստեղ ոչ թե օրենքի տառն է, այլ քայլի զգացմունքայնությունը և դրա ազդեցիկությունը: Պետք է հիշել, որ եթե Նիկոլը հետևեր օրենքի տառին, ապա 2018-ին իշխանություն չէր գրավի, իսկ 2022-ին հազիվ թե որպես պատգամավոր կրկին հայտնվեր Ազգային ժողովի կազմում: Ինչ մնում է նման դրույթ չլինելուն, ապա դրա շրջանցման օրինակն արդեն տվել է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը: ՀԱՊԿ-ի կանոնադրության մեջ, օրինակ, առկա չէ որևէ պետության անդամության սառեցման հնարավորությունը, սակայն հենց դրանից է օգտվում վերը նշված անձը: Ու պատկերացրեք, բավականին միավորներ է շահել Արևմուտքում: Ինչի վկայությունն այդ հայտարարության վերաբերյալ արևմտյան լրատվականների շահագրգիռ անդրադարձն էր շաբաթներ առաջ: Թող ինքնալուծարման մասին իշխանությունն անընդհատ պնդի, որ դա հակաօրինական է: Որպես հակաքայլ լիդերը կամ լիդերներից որևէ մեկն ընդամենը հիշեցնում է ՀԱՊԿ-ի օրինակը՝ առանց քննարկման մեջ մտնելու: Եվ վերջ:
Կարծում եմ, որ եթե ընդդիմությունը կարողանա մշակել գործողությունների այսօրինակ ճանապարհային քարտեզ ու իրականացնել այն, ապա իրադարձությունները կզարգանան այնպիսի տեմպերով, որ ոչ մի ուժ ի վիճակի չի լինելու կանգնեցնելու դրանք՝ լինի այն տեղական, թե դրսի: Ինչ մնում է այս սցենարի հրապարակմանը, ապա, կրկնվեմ, սրանով գաղտնիք չի բացվում: Սրա մասին շատ լավ պատկերացում ունի Նիկոլը ու փորձելու է խանգարել դրան: Բայց չմոռանանք, որ նրա անհատական վարկանիշն ընդամենը 8 տոկոս է, և իրադարձությունների զարգացման պահին այդ երևույթը կունենա վճռական նշանակություն:
Կարծիքներ