Հրայր Թովմասյանը հանկարծ չփորձի մեզ ջղայնացնի՝ մենք արդեն ցույց ենք տվել, թե ինչի ենք ընդունակ

Հրայր Թովմասյանը հանկարծ չփորձի մեզ ջղայնացնի՝ մենք արդեն ցույց ենք տվել, թե ինչի ենք ընդունակ

ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ նախաձեռնություն սկսելու մասին իշխող խմբակցության հայտարարությունից հետո «Իմ քայլի» պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը հայտարարեց, որ «ԱԺ մեծամասնության կողմից որեւէ պաշտոնյայի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործընթաց սկսելու մասին հայտնելուց (կամ նույնիսկ դրա մասին ակնարկելուց) անմիջապես հետո տվյալ պաշտոնյան անհապաղ, առանց այլեւայլությունների հրաժարական պիտի տա՝ անկախ տվյալ պաշտոնյայի ինքնավարության աստիճանից», քանի որ «միակ առաջնային մանդատով օժտված կառույցի դեմ ուղղակի խաղ չկա ու չպիտի լինի։ Ի հեճուկս ԱԺ-ի գործող պաշտոնյա չի կարող լինել եւ վերջ։ Հրայր Թովմասյանը չի պաշտոնավարելու եւ վերջ։ Հույս ունեմ՝ ինքնակամ կգնա. դեռ կարող է»,- գրել էր պատգամավորը։ 

- Պարոն Ուլիխանյան, ի՞նչ նկատի ունեք, երբ ասում եք՝ «ԱԺ-ի դեմ խաղ չկա»։

- Ես թույլ չէի տա ասելու, որ մեր դեմ խաղ չկա, ես շեշտում եմ՝ ինչ գրած է, այն էլ նկատի եմ ունեցել՝ որպես առաջնային մանդատ ունեցող, ժողովրդի օրինական, լեգիտիմ  ներկայացուցիչ, այո, իր գործն ունի անելու հասարակական կյանքի ցանկացած ոլորտում, եւ ԱԺ-ի պահանջը պարտադիր է բոլորի համար։

- Այդ ո՞նց՝ ձեր ցանկություններն օրենք են, ու պիտի բոլորը ենթարկվե՞ն դրան։ Հրայր Թովմասյանն էլ ասում է, որ հիմքեր չկան իր հեռանալու համար։

- Ինձ չի հետաքրքրում՝ էդ մարդն ինչ հիմքեր է տեսնում կամ չի տեսնում, ես համաձայն չեմ, որ ինքն այդ հիմքերը չի տեսնում, միգուցե այդպես է արտահայտվում։ Իր ինտելեկտուալ կարողությունների վրա կասկած չունեմ, ամեն դեպքում՝ ինքը Շմայս չի, Գառնիկ Իսագուլյան չի, ինտելեկտուալ կարողություններ ունեցող մարդ է ու ինքը հաստատ գիտի, որ բոլոր անհրաժեշտ հիմքերը կան իր գնալու։ Իր այսօրվա չգնալն ուղղակի հուշում է, որ իրեն նախկին իշխանության իր քաղաքական հայրերը թույլ չեն տալիս գնա, հակառակ դեպքում ինքը վաղուց վեշերը հավաքած կլիներ։ Ես առիթն օգտագործելով՝ նրան նորից օգնության ձեռք եմ մեկնում եւ ասում եմ՝ մի վախեցիր, պարոն Թովմասյան, դու կարող ես դառնալ ՀՀ քաղաքացի, ՀՀ-ն այն իրավական պետությունն է, որն իր քաղաքացիներին պաշտպանում է ապօրինի ոտնձգություններից։ Եթե քեզ սպառնում են, ՀՀ-ն քեզ անպայման կպաշտպանի իր ոստիկանական, իրավապահ համակարգով, իր Իսկանդերով, որեւէ մեկից պետք չի վախենալ։ Իսկ եթե, այնուամենայնիվ, դու այնպիսի մարդ ես, որ որոշել ես ինչ-որ մեկից վախենալ, ապա դու ճիշտ սուբյեկտից չես վախենում։

- Իշխող խմբակցությունը նրա լիազորությունները դադարեցնելու նախաձեռնության մասին է հայտարարել, հիմա Դուք ունե՞ք հիմքեր, թե՞ պարզապես ունեք ցանկություն, ու նա պիտի վախենա եւ հեռանա։

- Իրավական պրոցեդուրաներն իրենց հունով կգնան, իսկ իմ ասելը․․․ Ես ԱԺ պատգամավոր եմ, եւ իմ քաղաքական ուղերձ հղելու հնարավորությունը սահմանված է «ԱԺ կանոնակարգ» օրենքով եւ Սահմանադրությամբ։ Այն, ինչ ես ասում եմ, դա էլ է իրավական, սա քաղաքական հորդոր է Հրայր Թովմասյանին, եւ հույս ունեմ, որ նա ականջալուր է լինելու դրան, այլ տարբերակ չկա։ Ես իրեն ճիշտ ձեւն եմ հուշում՝ թող գա ասի, որ ինձ այս մարդիկ են սպառնում չգնալ, եւ ՀՀ-ն Հրայր Թովմասյան քաղաքացուն կպաշտպանի։

- Հետաքրքիր է՝ Ձեր քաղաքական ուղերձներն ինչո՞ւ մյուս նախկիններին չեք հղում, օրինակ՝ Տիգրան Մուկուչյանին, գլխավոր դատախազին եւ այլն։

- Իմ ասածի տրամաբանությունն այն է, որ եթե ԱԺ-ն որեւէ մեկի պաշտոնավարման վերաբերյալ կասկած հայտնի, պետք է նա գնա։ Ինձ որ հարցնեք, ես Տիգրան Մուկուչյանի պաշտոնը չեմ համարում այն կարեւորության, որն այս պահին խանգարում է մեր երազանքների Հայաստանի կառուցմանը։

- Բայց այսօրվա իշխանության ներկայացուցիչներից շատերը ոչ հեռավոր անցյալում ասում էին, որ նա մեծագույն «նկարիչ» է, կեղծել է ՀՀ քաղաքացու կամքը, քվեն։

- Ես չեմ մեկնաբանելու՝ նախկինում ով ինչ է ասել, գուցե հերթն իրենց էլ կհասնի, այս պահին նման անհրաժեշտություն չենք տեսնում, բայց հենց տեսնենք, էդ մարդն առանց իրավական պրոցեսներին սպասելու, տեղում պետք է վեշերը հավաքի ու ազատի կաբինետը։

- Դուք ուզում եք ասել, որ Ձեր կարծիքը վերին ատյանի ճշմարտությո՞ւն է։

- Մեր կարծիքը ԱԺ ինստիտուտի կարծիքն է, իսկ այդ ինստիտուտը Հայաստանի ժողովրդի կամքն արտահայտող ինստիտուտ է։ Հիմա դուրս է գալիս, որ ԱԺ-ն ժողովրդի կամք արտահայտի, ու որեւէ մեկը հնարավորություն ունենա այդ կամքին հակառա՞կ գնա։

- Ժողովուրդը Ձեզ ասել է, որ Հրայր Թովմասյանի հրաժարակա՞նը պահանջեք կամ Ձեզ պատվիրակել է օրենքներից վե՞ր լինել։

- Ոչ, ժողովուրդը մեզ ասել է՝ կգնաք ու ձեր ծրագիրը կիրականացնեք, ընդ որում՝ դա ասել է 100 տոկոս աջակցությամբ, խոսքն ընտրության արդյունքների մասին չէ, այլ քաղաքական տրամաբանության, որովհետեւ, եթե հիշում եք, մասնակցել են 10 կամ 11 քաղաքական ուժեր, բայց եղել է մեկ վարչապետի թեկնածու։ Դա նոնսենս է, մյուսները չեն ունեցել թեկնածու ու սատարել են Նիկոլ Փաշինյանին։ Ու բոլորը ձայն են ստացել հենց միայն նրա համար, որ սատարել են Նիկոլ Փաշինյանին։ Որովհետեւ այն ուժերը, որոնք կհամարձակվեին հայտարարել, թե գնում են իշխանություն ստանալ ու չեն սատարում Նիկոլ Փաշինյանին, զրո ձայն էին ստանալու։ Ժողովուրդը մեզ ձայն տալով՝ հանձնարարել է գնալ եւ կատարել մեր ներկայացրած ծրագիրը։

- Ձեր ծրագրում չկար նման կետ։

- Ընդհանրապես, հանձնարարություն տալիս, ում ինչ հանձնարարում ես, նաեւ պետք է հնարավորություն տաս՝ ոչնչացնելու բոլոր խոչընդոտները։ Հիմա կոնկրետ Հրայր Թովմասյանը խոչընդոտ է, որովհետեւ ինքը եւ էլի մարդիկ կան, իրենց ներկայությամբ հակասական վիճակ են ստեղծում Սահմանադրության 4-րդ կետով ամրագրված կարեւոր սկզբունքին, այսինքն՝ իշխանության թեւերի տարանջատմանն ու հավասարակշռմանը։ Ինչո՞ւ է խոչընդոտում, որովհետեւ մենք չենք կարողանում հավասարակշռվել, ունենք իշխանության երկու լեգիտիմ թեւ եւ մի թեւ՝ զրո լեգիտիմությամբ։ Այդ կառույցը պետք է լինի Հայաստանի ամենահեղինակավոր կառույցներից մեկը։ Ուրեմն եթե ԱԺ պատգամավորը նման հայտարարություն է անում ՍԴ նախագահի վերաբերյալ, դա բան չի՞ հուշում։ Կարո՞ղ է ես մարգինալ ինչ-որ պատգամավոր եմ։

- Չէ, բան չի հուշում, եթե ունեք իրավական ճանապարհ, լուրջ հիմքեր, եթե ՍԴ-ն հակասահմանադրական վճիռներ է կայացնում, ապա իրավական ճանապարհով հասեք հարցի լուծմանը։ Ունե՞ք իրավական հիմքեր։

- Անպայման կգտնենք, բայց ես հույս ունեմ՝ դրան չի հասնելու։ Ի՞նչ է նշանակում՝ իրավական ճանապարհ կա, ես գիտեմ, որ վերջնարդյունքը պարզ է, այսինքն՝ Հրայր Թովմասյանը չի լինելու։
Եթե նույնիսկ չլինի իրավական ճանապարհ, մենք ունենք ներուժ՝ այնպես անելու էլի լրիվ օրենքի սահմաններում, որ Հրայր Թովմասյանը շանս չունենա։ Չեմ ուզում, որ խոսքս սպառնալիք հնչի, եթե ես հիմա ասեմ՝ ինչ կլինի, եթե ինքը փորձի կառչած մնալ այդ աթոռին, դա կդառնա սպառնալիք։ Բայց ես հույս ունեմ, որ ինքը կռահում է, թե ինչ է լինելու, եւ վստահ եմ, որ ինքը գնալու է, ու առաջարկում եմ դա անել առանց այլեւայլությունների, ժողովրդի հետ պետք չէ մուկն ու կատու խաղալ։ Հանկարծ չփորձի մեզ ջղայնացնի։ Մենք արդեն ցույց ենք տվել, թե ինչի ենք ընդունակ։

- Եթե նկատի ունեք, որ կհորդորեք շրջափակել ՍԴ շենքը, ապա ձեզ կմեղադրեն իշխանազանցության մեջ։

- Ես շա՞տ եմ նման գլադիատորի, ի՞նչ բռնի գործողություն, մենք ամբողջությամբ մերժում ենք բռնությունը։ Դուք մի մոռացեք, որ ես ՔՊ-ից եմ, եւ իմ կուսակցությունն է մերժում բռնությունը։ 

- Այդ դեպքում ի՞նչ պետք է անեք։

- Օրինակ, մենք կարող է որոշենք, որ այդ մարդուն ձեռով չենք բարեւում, կարող է որոշենք, որ որեւէ տեղ չենք հրավիրում, իրեն կմեկուսացնենք, ու դա ինքը լավ է հասկանում։

- Ձեր խոսքում նշեցիք Հրայր Թովմասյանի ինտելեկտուալ կարողությունների մասին, ես ճի՞շտ հասկացա, որ խնդիրը նրա կարողությունները չեն, պարզապես ուզում եք, որ ձեզանից լինեն բոլոր պաշտոնյաները…

- Ձեզ ո՞վ ասեց, թե դրա համար ենք ուզում, ես, օրինակ, չգիտեմ, թե ով է լինելու ՍԴ նախագահը։

- Ինչի՞ չգիտեք, Վահե Գրիգորյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ գնում է ՍԴ նախագահ։

- Էդ ո՞վ է որոշել․․․ ուրեմն էդ մարդը․․․ արել է  հայտարարություն, ու ինձ չի հետաքրքրում՝ ինչ հայտարարություն է տեղի ունեցել։ Հիմա ես որ ասեմ՝ ես եմ ՍԴ նախագահը, ուրեմն ե՞ս եմ նախագահը։ Եվ, ի վերջո, շատ կարեւոր է մարդու ով լինելը։ Ես չեմ կասկածում Հրայր Թովմասյանի պրոֆեսիոնալ կարողությունների վրա, բայց քանի որ հանրությունը կասկածներ ունի էդ մարդու վերաբերյալ․․․

- Ո՞նց եք չափում՝ ինչքանը կասկածներ ունի, ինչքանը՝ ոչ, ի վերջո, ՀՀ-ում բոլորը չէ, որ ձեզ ընտրել են։

- Ախր, մենք հանրության ներկայացուցիչներն ենք։

- Հրայր Թովմասյանն էլ է հանրության ներկայացուցիչների միջոցով ընտրվել, ընդ որում՝ այն ԱԺ-ի, որի մաս է կազմել նաեւ Նիկոլ Փաշինյանը եւ ընդունել այդ կառույցի լեգիտիմությունը։

- Նիկոլ Փաշինյանը, երբ ԱԺ պատգամավոր է եղել, որոշումներ կայացնելու վրա ազդեցություն չի ունեցել։

- Բայց ընդունել է, որ այդ Ազգային Ժողովը լեգիտիմ է, եւ մանդատ է վերցրել։

- ՀՀ-ում անցած տարվա դեկտեմբերի ընտրությունների արդյունքում նախորդ իշխանությունները ոչ թե ավելի քիչ ձայն են հավաքել ու դարձել են ընդդիմություն, այլ զրո մանդատ են ստացել։ Երբ ժողովուրդը որոշում է, թե ովքեր պետք է կազմեն իշխանությունը, որոշում է նաեւ, թե ովքեր չպետք է մաս կազմեն իշխանությանը։ Հիմա արդյոք մենք հասկացե՞լ ենք ժողովրդի այս ուղերձը։ Հրայր Թովմասյանը ՀՀԿ-ի կողմից պատգամավոր է եղել, նրա կողմից նշանակված նախարար․ Սահմանադրության  գրողն է եղել՝ կոնկրետ Սերժի համար։

- Որից հիմա Նիկոլ Փաշինյանն է անկաշկանդ օգտվում։

- Սահմանադրությունը գործում է այնքան ժամանակ, մինչեւ նոր Սահմանադրության ընդունումը կամ փոփոխություն կատարելը։ Ես դժգոհ եմ Սահմանադրությունից, բայց չեմ կարող ոտնահարել։

- Բայց նույն Ձեր հայտարարությունը մեկնաբանվեց պատգամավորի կողմից իշխանության թեւերի տարանջատման սկզբունքի խախտում, դատական համակարգի անկախության ոտնահարում եւ սահմանադրական կարգը տապալելուն ուղղված հրապարակային կոչ։

- Չկա նման բան, մեր բոլոր գործողություններն են իրավական, նույն իմ հայտարարությունը, որ ես արել եմ, քննարկել եմ իրավաբանների հետ, դրանում որեւէ ապօրինի բան չկա, ես քաղաքական ուղերձ եմ արել։