Սուվերենությունը պայթող «Սուրմալու» չունենալն է

Սուվերենությունը պայթող «Սուրմալու» չունենալն է

Կան խնդիրներ, որոնք լուծվում են ոչ թե խոսելով, այլ դրանց հետ եւ դրանց համար ամեն օր աշխատելով: Ահա, հենց սա է, որ մենք, չնայած մեր հազարամյա պատմությանը, նախկինում որպես հանրություն, իսկ այսօր արդեն որպես պետություն, ոչ մի կերպ չենք կարողանում հասկանալ:
Վստահաբար, եթե այսքանը հասկանայինք, ապա Երեւանի կենտրոնում մեր ամենամեծ շուկաներից մեկը՝ «Սուրմալուն», չէր լինի, ավելի ճիշտ՝ «Սուրմալուի» վիճակում չէր լինի: Մեր ճանապարհներն ու մեզանում շահագործվող տրանսպորտային միջոցներն այսքան անմխիթար ու հնամաշ, իսկ մեր շենքերն ու վերելակներն այսքան վտանգավոր չէին լինի:

Ավելին, եթե այսքան հասկանայինք, ապա երկրի համար այդքան կարեւոր Հյուսիս-հարավ մայրուղին վաղուց կառուցված ավարտված կլիներ, իսկ մեր տնտեսությունն այսպես անարդյունավետ չէր լինի:

Այս առումով «Սուրմալուի» պայթյունը նաեւ այս երկրի պետական ինստիտուտների երեսուն եւ ավելի տարիների գործունեության գնահատականը պետք է համարել, որովհետեւ «Սուրմալուում» միայն շենք եւ տարածք չէ, որ վառվում էր: «Սուրմալուում» վառվող եւ պայթող առեւտրային տարածքների հետ նաեւ այս երկրի պետական ինստիտուտների նկատմամբ հասարակության ունեցած վստահության վերջին փշրանքներն էին այրվում եւ պայթում:

Իսկ այլ կերպ չէր կարող լինել: Չէր կարող լինել, որովհետեւ հասարակությունը եւս մեկ անգամ տեսավ եւ համոզվեց, որ լինի պատահար, հրդեհ, թե վթար, դրանց մասին պետական ինստիտուտները հիշում են միայն պատահարից հետո եւ այն էլ՝ մեղավորներ գտնելու համար: Ընդ որում, անգամ մեղավորներ գտնելու նրանց գործելակերպն է տարբեր: Նրանք մեղավորներին փնտրում են բացառապես իրենցից դուրս: Նրանց համար, բացի իրենցից, մեղավոր են բոլորը: Այս երկրի պետական ինստիտուտների համար, այս առումով, կարեւորը «մենք մեղավոր չենք»-ը հասարակությանը համոզելն է:

Մենք հասարակությամբ եւ պետական ինստիտուտներով շատ ենք սիրում խոսել մեր երկրի սուվերենության մասին: Եթե առիթ է լինում, սիրում ենք անընդհատ կրկնել, որ մենք սուվերեն եւ ինքնիշխան երկիր ենք: Բայց հետն էլ, չգիտես ինչու, չենք ուզում հասկանալ, որ սուվերենությունը ծառի վրա չի աճում: Դա ծառի վրա աճած խնձոր կամ տանձ չէ, որն ինչ-որ մեկը կարող է մեզնից խլել: Առավել եւս, դա մի բան չէ, որը մեզնից մեկը կարող է չարամտորեն օտարներին փոխանցել: Սուվերենությունը ժամանակակից գյուղատնտեսությամբ եւ արդյունաբերությամբ ժամանակակից տնտեսությունն է, ժամանակակից ռազմարդյունաբերության եւ քսանմեկերորդ դարի բանակն է: Եվ, վերջապես, սուվերենությունը նաեւ «Սուրմալուի» նման այրվող եւ պայթող շուկաներ չունենալն է:

Թե չէ մենք անընդհատ զբաղվելով մեր սուվերենությունը թուրքերից, ադրբեջանցիներից եւ մնացած բոլորից պաշտպանելով՝ մոռանում ենք, որ սուվերենությունը միայն ուրիշներից պաշտպանելով չի լինում: Այն նաեւ մեզնից, մեր անփութությունից, թափթփվածությունից եւ անպատասխանատվությունից պաշտպանելով է լինում:

Գալուստ Սարգսյան