Եթե քարտեզները մեզ մոտ են, ինչպե՞ս եք քննարկելու դելիմիտացիան․ Լավրովը՝ Երևանին ու Բաքվին

Եթե քարտեզները մեզ մոտ են, ինչպե՞ս եք քննարկելու դելիմիտացիան․ Լավրովը՝ Երևանին ու Բաքվին

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր՝ դեկտեմբերի 1-ին, կայացած մամուլի ասուլիսի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի դելիմիտացիայի խնդրին և այդ համատեքստում երկու երկրների կատարած քայլերին։

«Հայերն էլ, ադրբեջանցիներն էլ բարեկիրթ մարդիկ են, գնում են այնտեղ (նկատի ունի Պրահայի և Բրյուսելյան վերջին հանդիպումները-խմբ․), բայց ինչպե՞ս կարելի է քննարկել սահմանազատման հարցը՝ չունենալով նախկին խորհրդային հանրապետությունների քարտեզները, որոնք գոյություն ունեն միայն Ռուսաստանի Գլխավոր շտաբում, ես դժվար եմ պատկերացնում», - ասել է Լավրովը։

Ռուսաստանի գլխավոր դիվանագետն, այդուհանդերձ, վերահաստատել է Մոսկվայի շարունակական աջակցությունը հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի, տարածաշրջանում տրանսպորտային երթուղիների ապաշրջափակման և ԼՂ հակամարտության ընդհանուր կարգավորման հարցերում։

Հիշեցնենք, որ այսօրվա ասուլիսում Լավրովն ակնարկել էր  նաև այն մասին, որ Պրահայում կայացած վերջին քառակողմ հանդիպման ժամանակ, հաստատելով Ալմա-Աթայի 1991 թ․ հռչակագիրը, Հայաստանն ընդունել է Ղարաբաղի՝ Ադրբեջանի ԽՍՀ-ի կազմում լինելու փաստը։