Սա փաստում է իշխանությունների համատարած անկարողության եւ դիլետանտության մասին
Հարցազրույց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ
- Ամենուր քաոս է: Մեր նախորդ զրույցի ժամանակ՝ 2022-ի վերջին, հույս հայտնեցիք, որ Լաչինի միջանցքը որոշ ժամանակ անց կբացվի, սակայն օրերն անցնում են, ճանապարհը շարունակում է փակ մնալ: Դեռ որքա՞ն այս իրավիճակը կշարունակվի` ըստ Ձեզ:
- Ադրբեջանը հստակ քաղաքականություն է վարում, նրա բոլոր նպատակներն ու քայլերը շատ լավ հասկանում ենք: Հայաստանի եւ Արցախի իշխանությունները պաշտոնապես հրաժարվում են անգամ այդ հարցի վերաբերյալ բանակցությունների գնալ: Իրավիճակը կախված է բանակցողներից, տվյալ պարագայում` ռուս խաղաղապահներից եւ ադրբեջանցիներից: Արցախի իշխանությունները եւս առանձնապես մասնակցություն չունեն այս գործընթացներին, եւ հայտնի չէ՝ ռուս խաղաղապահներին կհաջողվի՞ արդյոք Արցախի իշխանություններին համոզել՝ համաձայնել Ադրբեջանի պահանջներին, թե՞ ոչ: Այսինքն` սա հարց է, որը կախված չէ մեզնից: Բարեբախտաբար, Արցախի իշխանություններն ու արցախահայությունը վճռական են՝ մինչեւ վերջ պայքարելու համար: Սա արդեն իսկ հույս է ներշնչում, որ առանց զիջումների հնարավոր է բացել Լաչինի միջանցքը:
- Օրեցօր Արցախում իրավիճակը բարդանում է: Պարենային ճգնաժամ է արդեն: Ադրբեջանը հայտարարում է, սակայն, որ ճանապարհն Արցախի հայերի համար բաց է: Հայկական կողմից կարծես համարժեք պատասխան չի հնչում Ադրբեջանի ստերին:
- Հայաստանի եւ Արցախի իշխանությունները բոլոր դեպքերում Ադրբեջանի այդ հայտարարությունը հերքել են, անգամ միջազգային ատյաններում ապացուցում են, որ Ադրբեջանը բացահայտ կեղծիք է տարածում, այլ հարց է, որ միջազգային ատյանների արձագանքներն ու դրանց կողմից ընդունված բանաձեւերը վերաբերում են Արցախի իրավիճակի հումանիտար հետեւանքներին, սակայն հումանիտար ճգնաժամը քաղաքական գործընթացների հետեւանքն է, հումանիտար խնդիրների կարգավորմամբ քաղաքական խնդիրները չեն լուծվելու: Հետեւաբար ճիշտ կլիներ, որ միջազգային ատյաններն ուշադրություն դարձնեին Ադրբեջանի ագրեսիայի պատճառներին, այլ ոչ թե հետեւանքներին: Ամենամեծ խնդիրն Արցախի հումանիտար վիճակը չէ: Այո, ծանր վիճակ է, սակայն մարդիկ մի կերպ դրան կդիմանան: Վիճակը ծանր է, սակայն մարդիկ կդիմանան երկար, այստեղ խնդիրն այն է, թե այս դժվարին վիճակը հաղթահարելուց հետո վերջնարդյունքում ինչ են ունենալու արցախահայերը: Քաղաքական խնդիրների կարգավորման հեռանկար չեմ տեսնում:
- Քաղաքական խնդիրների կարգավորում ասելով կոնկրետ ի՞նչ եք հասկանում:
- Հասկանում եմ, որ, նախ, Արցախում պետք է լուծվեն անվտանգության հետ կապված բոլոր տեսակի խնդիրները` միջազգային երաշխիքներով, սակայն դա առանց Արցախին կարգավիճակ տալու հնարավոր չէ: Արցախը պետք է ունենա սեփական զինված ուժեր, սեփական պետական կառավարման համակարգ…. մի խոսքով` առանց կարգավիճակ ստանալու, Արցախը չի կարող լուծել քաղաքական խնդիրները:
- Արցախի շուրջ ձեւավորված թնջուկը կարծես քիչ էր, Հայաստանի զորամասերից մեկում էլ 15 ժամկետային զինծառայողներ դաժանաբար այրվեցին: 2020 թվականին, երբ ազերիները զորամասեր են պայթեցրել, զինվորներին տեղավորել էին ինչ-որ անհասկանալի վայրերում, որոնք անվանում են զորանոց, եւ որտեղ չկա ջեռուցում, խմելու ջուր: Ի վերջո` բանակում տիրող այս իրավիճակի մեղավորն ու պատասխանատուն ո՞վ է:
- Այս ողբերգության միակ մեղավորն ու պատասխանատուն Հայաստանի գործող իշխանություններն են` Նիկոլ Փաշինյանի եւ Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ: Սա այն դեպքն է, երբ ոչինչ չեն կարող բարդել նախկին իշխանությունների վրա: Թե ինչու ոչինչ չի արվում, ինչու զորամասեր չեն կառուցվում, ես ասել չեմ կարող, միայն կարող եմ ասել, ներող եղեք բառիս համար, բայց համատարած բարդակ է բոլոր ոլորտներում, պարզապես բանակում այդ խնդիրներն ունենում են տեսանելի հետեւանքներ: Իշխանությունները եթե ասում են, որ ՀՀ տարածքում զորավարժություններ անել չի կարելի, որովհետեւ Ադրբեջանը դա կընկալի որպես սպառնալիք, ապա նույն տրամաբանությամբ իշխանությունները բանակում եւս իրավիճակը չեն կարգավորում, քանի որ Ադրբեջանը դա եւս կարող է ընկալել որպես սպառնալիք: Ակնհայտ է, որ այս իշխանությունները հետին պլան են մղել բանակը, քանի որ համարում են, որ Հայաստանին բանակ պետք չէ: Ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում՝ Հայաստանը խաղաղության դարաշրջան է մտնում, այդ տրամաբանությամբ Հայաստանին ընդհանրապես բանակ պետք չէ: Այս իշխանությունների համար կարեւոր են պարգեւավճարները, դատախազների աշխատավարձերը ու այլ երեւույթներ, սակայն ո՛չ բանակը: Ազատ գյուղում տեղի ունեցածը հենց այս մոտեցման հետեւանքն է, վաղը նորից կարող է նույնը կրկնվել: Եթե չի փոխվում իշխանության որակը, բանակում էլ ոչինչ չի փոխվելու: Կարող է իրավիճակ փոխվել միայն այն դեպքում, երբ հասարակական ճնշումների ազդեցությամբ իշխանավորները պատասխանատվություն ստանձնեն:
- Հայաստանում ամենաթողություն է տիրում: 2022-ի ամռանն էլ «Սուրմալուում» պայթյուն տեղի ունեցավ, մարդիկ մահացան, սակայն ո՞վ ենթարկվեց պատասխանատվության: Բանակում տեղի ունեցածի համար ո՞վ պետք է օրենքի առաջ պատասխան տա: Մի քանի բարձրաստիճան զինվորականներ ազատվեցին պաշտոնից, եւ վերջ: Իսկ այս աղետի հիմնական մեղավորն ո՞վ է:
- Ցանկացած այլ նորմալ երկրում ոչ միայն նման պաշտպանության նախարար նշանակող վարչապետը, այլեւ ողջ կառավարությունը պետք է հրաժարական ներկայացներ: Սա փաստում է իշխանությունների համատարած անկարողության եւ դիլետանտության մասին: Այստեղ այլ կարծիք լինել չի կարող: Եթե մեզանում չկա պահանջատեր հասարակություն, ապա իշխանություններն էլ հրաժարական չեն տալու իրենց կամքով:
Կարծիքներ