Ռոնալդուն Կատարից հաղորդագրություն է գրել սկանդալային հարցազրույցի լրագրողին

Ռոնալդուն Կատարից հաղորդագրություն է գրել սկանդալային հարցազրույցի լրագրողին

Կատարում շարունակվում է ֆուտբոլի Աշխահի առաջնությունը։

Երեկ՝ նոյեմբերի 28-ին, Պորտուգալիայի հավաքականը առաջնության երկրորդ տուրի շրջանակում երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ՝ այս անգամ հաղթելով Ուրուգվայի ընտրանուն՝ 2-0։ Ինչպես հայտնի է, հանդիպման 54-րդ րոպեին խփվել է խաղի առաջին գնդակը։ Գոլը սկզբում արձանագրվել էր թիմի ավագ ու ընդգծված առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի հաշվին, սակայն որոշ ժամանակ անց ՖԻՖԱ-ն փոխել էր իր որոշումը՝ խփված գնդակը արձանագրելով թիմի մեկ այլ ֆուտբոլիստի՝ Բրունո Ֆերնանդեսի հաշվին՝ պատճառաբանելով, թե Ռոնալդուն փոխանցումից հետո գլխով շփում չի ունեցել գնդակի հետ, հետևաբար գոլը նրա հաշվին չէր կարող գրանցվել։

Հանրահայտ լրագրող Պիրս Մորգանը, որը բոլորովին վերջերս սկանդալային հարցազրույց էր վերցրել պորտուգալացուց, անդրադարձել է նաև այս իրադարձությանը՝ տեղեկացնելով, որ Ռոնալդուն Ուրուգվային խփած գոլից հետո իրեն հաղորդագրություն է գրել։
«Ռոնալդուն ինձ գրեց ու պնդեց, որ գնդակը վերջինը հենց իր գլխին է դիպել, հետևաբար գոլի հեղինակը հենց ինքն է եղել։ Ռոնալդուն անգամ ինձ գրել էր, որ անգամ Բրունո Ֆերնանդեսն է համաձայն այդ կարծիքի հետ»,- ասել է Մորգանը։