Մենք իսկապես ուրիշ ենք

Մենք իսկապես ուրիշ ենք

2000-ականների առաջին երկու տասնամյակը (մինչև 2018 թվականը) մեր անկախության լավագույն ժամանակաշրջանն էր: Արցախյան առաջին պատերազմն ավարտվել էր հաղթանակով, ներքաղաքական ցնցումները հիմնականում դարձել էին պատմություն: Վաղուց մոռացվել էին ցրտի, ջրի և հոսանքի բացակայության տարիները: Բայց մարդ արարածն օժտված է անհագուրդ բնավորությամբ. անընդհատ զարգացում է պահանջում: Անընդհատ ձգտում է բարեկեցության և կյանքի որակի աճի: Ինչը նորմալ է, քանի որ դա հենց մարդկային առաջընթացի առաջնային խթանն է: Եվ դրա լույսի ներքո Սերժ Սարգսյանի նախագահության տարիները մեզ՝ ընդդիմադիրներիս, թվում էին լճացման տարիներ: Պետք է «լճացումը» հաղթահարվեր «թավշյա իշխանափոխությամբ» ու նրա բերած աղետներով, որպեսզի ընկալվեր հանդարտ ժամանակաշրջանի արժեքայնությունը մեր կյանքում:   

Ինչու հիշեցի այդ ժամանակահատվածը՝ հատկապես, որ նախկինների (Սարգսյան և Քոչարյան), ավելի նախկինների (Տեր-Պետրոսյան և ՀՀՇ) և շատ ավելի նախկինների (խորհրդային ժամանակաշրջան) նկատմամբ երբեք կարոտախտային զգացումներ չեմ ունեցել: Որքան էլ ավելի լավ կամ, ընդհակառակը, ավելի վատ ու միաժամանակ ավելի հետաքրքիր կյանք եմ ունեցել այդ տարիներին: Ինչևէ, դա հիշելու առիթ տվեց սոցիոլոգիական հետազոտությունների «GALLUP International Association» միջազգային ընկերակցության հայաստանյան լիիրավ անդամ «Էմ Փի Ջի» ՍՊԸ-ի տնօրեն Արամ Նավասարդյանի հերթական մամուլի ասուլիսը: Ասեմ, որ այդ ոլորտը հոգեհարազատ է ինձ, քանի ԵՊՀ-ի բանասիրականն ավարտելով՝ աշխատանքի էի անցել այնպիսի կազմակերպությունում, որն ուներ հետազոտությունների բաժին: Եվ աշխատանքային տարիների երեք տասնամյակ (ընդհատումներով) նվիրել եմ սոցհարցումներ կազմակերպելուն և անցկացնելուն: Նույնիսկ փորձել այդ գծով ասպիրանտուրա ընդունվել, ինչն օբյեկտիվ պատճառով (պրոֆիլային բուհական կրթության բացակայություն) չի ստացվել:  

Անցնենք պարոն Նավասարդյանի ներկայացրած տվյալներին. հեռախոսային հարցումն իրականացվել է 1100 քաղաքացու շրջանում: «Եթե առաջիկա կիրակի օրը լիներ խորհրդարանական ընտրություններ, որ կուսակցությանը կամ դաշինքին կտայիք ձեր ձայնը» հարցին «Քաղաքացիական պայմանագրի» օգտին նշում է արել հարցվածների 17.5%-ը, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր դաշինքները ստացել են, համապատասխանաբար, 4.5 և 2.2 տոկոս, նիկոլամերձ «Հանրապետությունը»՝ 1.4%, ծառուկյանական «Բարգավաճ Հայաստանը»՝ 1.3%: Մնացածները չեն հաղթահարել նույնիսկ մեկ տոկոսի շեմը և դուրս են մնում այս ներկայացումից: Այնինչ, հարցվածների համարյա կեսը՝ 47.4%-ը, վերը նշված հարցին պատասխանել է, որ չի քվեարկի ոչ մեկի օգտին: Անմիջապես անդրադառնամ այս վերջին տվյալին. այսպիսի պատասխան տված մարդիկ բացարձակ զուրկ են հայրենիքի զգացողությունից: Նրանք իրենց կզգան նույնքան լավ և նույնիսկ ավելի լավ՝ եթե ապրեն ոչ թե Հայաստանում, այլ, ասենք, թշնամական Ադրբեջանում կամ Թուրքիայում: Էլ չեմ ասում քրիստոնյա Վրաստանի մասին: Որտեղ ծնվել, մեծացել և դպրոցն ավարտելուց հետո հեռացել եմ ես: Բայց այնտեղ եղած ժամանակ միշտ ինձ զգացել եմ որպես երկրորդ կարգի քաղաքացի: Չնայած վրացիներից չեմ տարբերվել հագուկապով, լեզուների իմացությամբ և այլն: 

Վերադառնալով 47.4 տոկոսին՝ ասեմ, որ մոտավորապես այդ համամասնությամբ ընտրողներ 2021 թվականի հունիսի 20-ի ընտրությանը չգնացին ընտրատեղամաս և դրանով ապահովեցին խայտառակ պարտության թիվ մեկ պատասխանատու և մեղավոր Փաշինյան Նիկոլի վերարտադրությունը: Ինչն ուղղակի նոնսենս (անհեթեթություն) էր մարդկային զարգացման և մտածողության տեսակետից: Ես, համենայն դեպս, չգիտեմ մեկ այլ օրինակ, երբ պարտության մեղավորը համաժողովրդական քվեարկությամբ վերընտրվի իր պաշտոնում:

Անցնենք «Քաղաքացիական պայմանագրի» ստացած 17.5%-ին: Ի դեպ, հենց այս տվյալի համար էի վերհիշել Սերժ Սարգսյանի «լճացման» տարիները: Այդպիսի ժամանակներում ընտրողների 15-20 տոկոսը սովորաբար քվե է տալիս գործող իշխանությանը: Դա գիտեմ թե՛ իմ և թե՛ հարցումներ անցկացնող այլ ընկերությունների պրակտիկայից: Ինչը բնական երևույթ է, քանի որ այդ մարդիկ այն քաղաքացիներն են, ովքեր առաջին հերթին կարևորում են կայունությունը: Ի դեպ, ժամանակին (1999 թ.) այդպիսի անվանումով պատգամավորական խումբ էր գործում մեր երկրի խորհրդարանում: Ինչևէ, դա բնական էր անվտանգային խնդիրներ չունեցող երկրում, սակայն վերին աստիճանի անբնական է այնպիսի երկրում և այնպիսի իշխանության օրոք, երբ առկա են ծայրահեղ վտանգներ: Բայց դե մենք, երևի, իսկապես ուրիշ ենք: Ու այդ պատճառով էլ հարցված քաղաքացիների շուրջ 20 տոկոսը պատրաստ է իր ձայնը տալ այն քաղաքական ուժին, որի առաջնորդի մեղքով պատերազմ հրահրվեց և այդ պատերազմում խայտառակ պարտություն կրեցինք: Որի առաջնորդի մեղքով Հայաստանի Հանրապետությունը կորցրեց հյուսիս-հարավ միջպետական ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածը և Ջերմուկը դարձավ ապրելու ր հանգստանալու համար խիստ վտանգավոր: Եվ որի պատճառով, ի վերջո, հազարավոր երիտասրդներ զոհվեցին, կա՛մ հաշմանդամ դարձան և կա՛մ գերի ընկան թշնամուն: