Չկարողացա տեսնել եւ գրկել  մայրիկիս, քանի որ մահացել էր ամիսներ առաջ

Չկարողացա տեսնել եւ գրկել  մայրիկիս, քանի որ մահացել էր ամիսներ առաջ

Երկար տարիների փնտրտուքից հետո  29-ամյա Անին գտել է իր կենսաաբանական ծնողներին:  Անին ծնողներին գտնելու համար դիմել էր «Հայոց մայրեր» հասարակական շարժումը համակարգող Հայկուհի Խաչատրյանին:  Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրեն զանգահարել է Անիի քեռին, ու ասել, որ տեսանյութը դիտել են,  նկարներով շատ նման է իր քրոջը, ով նույն թվականին, ապրիլ ամսին Հրազդանի ծննդատանը ծնդաբերել է, սակայն ասել են, որ երեխան մահացած է ծնվել. «Սկսենք նրանից, որ ես հիմնեցի «Հայոց մայրեր» հասարակական շարժումը: Բազմաթիվ դիմողներ ու փնտրողներ եղան: Նրանցից մեկը Անին էր: Նրա  հարցով  մենք դիմեցինք ոստիկանության Հրազդանի բաժին, բայց չգիտեմ ինչու՝ գործին ընթացք չտվեցին: Դրանից Անին շատ հիասթափվեց:  Փորձեցինք հարցուփորձ անել,  որոշ համընկնումներ կային, թվերը համընկնում էին, բայց որեւէ նմանություն կամ այլ  համընկնում չկար: Անիի դեպքը բժիշկ Նարիմանյանի ձեռքով է եղել : Մեզ արձագանքեց «Առաջին ալիքը», ռեպորտաժ պատրաստեց եւ ցուցադրեց: Արտաշատից մեկը զանգահարեց եւ ասաց, որ Անին շատ նման ա իր քրոջը,  եւ համընկնում է ամեն բան: Նկարներով փոխանակվեցինք, տեսանք, որ արտաքինով շատ նման են իրար, ու սկսեցին շփվել:  Շփվելու ընթացքում կրկին համընկնումներ, ու որոշել են ԴՆԹ հետազոտություն անել: Բայց տվյալները այնքան են համապատասխանում, որ  կարծում եմ, որ դրա կարիքը չկա, բայց զուտ համոզվելու եւ ավելին ասելու համար ԴՆԹ-ն անհրաժեշտ է»: 
Զրուցեցինք  նաեւ Արայիկի հետ, ով, տեսնելով Անիի մասին պատմող տեսանյութը,  սկսել է գտնել իր քրոջ աղջկան. «Անիի պատմած կանաչ  մեքենան, դա իմ քեռու մեքենան է, Էդ մեքենայով  քրոջս տարել էինք Հրազդան: Մենք Արտաշատից ենք, Էդ թուրքին շատ գովեցին, ասացին,  լավ բժիշկ ա: Էն մութ տարիներն էին:  Մեր հարազատները  Հրազդանում էին,  մեր քրոջը տարանք, որ Հրազդանի ծննդատանը ծննդաբերի: Քույրս ծննդաբերեց, մեզ ասացին, որ մահացած ա երեխան: Մայրս  եկավ, եւ պահանջեց երեխու դիակը: Ով  կմտածեր,  որ երեխային կծախեն: Մինչեւ վերջերս էլ, մայրս ասում էր, որ իրեն փաթաթած  մի փոքր մսի կտոր տվեցին: Երբ սկսցին երեխաների վաճառքից խոսել , ես  միշտ իմ կնոջն ասում էի, կտեսնես իմ քրոջ երեխեքին ծախել են: Առաջին երեխուց հետո քույրս՝  2 աղջիկ երեխա էլ ունեցել ա Հանրապետական հիվանդանոցում, կրկին ասել են մահացել ա, բայց իմ քույրն ասում  էր. «Ես իմ երեխեքի ձենը լսել եմ»: Դրանից հետո Մարգարյան հիվանդանոցում 1 տղա ու 1 աղջիկ ա ունեցել, ցավոք տղան հիվանդացավ 7 ամսեկանում, մահացավ:  Բա ոնց էին էնտեղ խեղդված ծնվում, Մարգարյանում՝ առողջ: 
Իմ քրոջը էտ տարիքին նկար ունի, շատ նման են իրար:  Անի հետ ծանոթացանք, հիմա որ Անին գա նստի իր քրոջ կողքը չես տարբերի իրարից: Ափսոս, որ քույրս այս ամենը չտեսավ, անցած տարի նոյեմբեր ամսին մահացել ա»: 
Անին հանդիպել է իր հարազատներին: Նա գրեթե համոզված է, վերջապես իր երազանքը իրականացավ՝ գտավ իր կենսաբանական ծնողներին, սակայն չհասցրեց անգամ խոսել ու գրկել մորը. «Ես երեխայիս հետ գնացի քեռուս տուն: Բոլոր բարեկամները այնտեղ էին հավաքվել: Շատ լավ ընդունեցին ինձ, շատ լավ էին ինձ վերաբերվում, նայում էին, ասում, որ ես շատ նման եմ մայրիկիս : Ուղղակի խոսքեր չեմ գտնում  արտահայտվելու, թե ի՞նչ զգացմունք եմ ունեցել, արցունքներս խեղդում էին կոկորդս երբ իմացա, որ իմ մայրը մի քանի ամիս առաջ մահացել է, որ ես երկար փնտրտուքներից հետո չկարողացա տեսնել եւ գրկել  մայրիկիս: Դեռ չեմ  տվել ԴՆԹ-ի անալիզը, պետք ա տանք, դրանից հետո ես կգնամ գերազմանոց: Ես համոզված եմ, որ գտել եմ իմ ծնողներին, քանի որ շատ բաներ է համընկնում:  Ուղղակի ես չգիտեմ, թե բժիշկ կոչվածը ի՞նչ խղճով է այդպես արել, որովհետեւ այս մարդիկ չեն  հրաժարվել, ես երկար սպասված եմ եղել, ամեն ինչ նորմալ է եղել:  Ասեմ, որ Նարիմանյանի դեմ գործ եմ հարուցել»,-ասաց Անին եւ հավելեց, որ եթե ԴՆԹ-ի պատասխանը  բացասական գա, նա կապը կպահի այդ ընտանիքի հետ: