«Հրապարակ». Փաշինյանն ուզում է ասել, որ իմ ոխերիմ «բարեկամ-թշնամի» Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ է մեղավոր

«Հրապարակ». Փաշինյանն ուզում է ասել, որ իմ ոխերիմ «բարեկամ-թշնամի» Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ է մեղավոր

Երեկ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիոն փաստաթղթի հերթական տարելիցի օրը, «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները քննարկում էին կազմակերպել՝ «Հայաստանի իրական օրակարգը» թեմայով։ Քննարկման առաջին բանախոսը սահմանադրագետ Վարդան Պողոսյանն էր, ով խոսեց Հայաստանի Սահմանադրությամբ եւ Անկախության հռչակագրով ամրագրված Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման մասին՝ նշելով, որ Արցախի ինքնորոշման դեմ ուղղված ցանկացած գործողություն Անկախության հռչակագրի եւ ՀՀ Սահմանադրության խախտում է։

Քննարկումից դուրս մեզ հետ առանձին զրույցում Պողոսյանը մանրամասնեց, թե ինչ ասել է Արցախի ինքնորոշման իրավունք, ինչ է դա ենթադրում: Հարցրինք` արդյոք դա չի՞ նշանակում, որ Արցախն այսօր ինքնաբերաբար ճանաչվում է Ադրբեջանի մաս, որի կազմում էլ խոսվում է Արցախի ժողովրդի ինքնորոշման մասին։

«Ոչ, չի ենթադրում՝ այն պարզ պատճառով, որ Արցախն ինքնորոշվել է Ադրբեջանական ԽՍՀ-ի գոյության ժամանակահատվածում, երբ որ Ադրբեջանական ԽՍՀ-ն մի առանձին ինքնիշխան սուվերեն պետություն չէր, այլ ընդամենը Սովետական Միության մի մասն էր։ Եվ այդ՝ Սովետական Միության մի մասը հանդիսացող Ադրբեջանական ԽՍՀ-ում Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը սկզբից՝ 1988 թվականի փետրվարին, հետո արդեն՝ 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեով որոշեց, որ դառնում է անկախ պետություն»,- ասաց Վարդան Պողոսյանը։

- Եթե Արցախը 1991 թվականին արդեն իսկ որոշել է իր ճակատագիրը, որ անկախ պետություն է, մենք 30 տարի էլ ի՞նչ ենք որոշում։

- Մեր էսօրվա քննարկման թեման այն է, որ Արցախն ինքնորոշվել է՝ դա փաստ է, ՀՀ տարբեր իշխանությունները՝ ԽՍՀՄ վերջին շրջանում եւ անկախ Հայաստանի իշխանությունները, ճանաչել են այդ փաստը, այն ամրագրված է Հայաստանի անկախության հռչակագրում, հռչակագիրը ներառված է Սահմանադրության մեջ հղման, հիշատակման միջոցով, եւ, հետեւաբար, ՀՀ ցանկացած իշխանական մարմին, լինի դա Ազգային ժողովը, կառավարությունը, թե Սահմանադրական դատարանը, իրավունք չունի արհամարհելու այդ փաստը, որ Արցախն ինքնորոշվել է, եւ հրաժարվի ինքնորոշման այդ փաստից։ Այսինքն՝ ճանաչի, որ չկա Արցախի Հանրապետություն, ինքնորոշված Արցախ, եւ ճանաչի Արցախն Ադրբեջանի Հանրապետության կազմում։

- Իշխանական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը երեկ հերթական անգամ շեշտել է, որ Արցախն Ադրբեջանինն է, ուստի մենք ինչպե՞ս կարող ենք Արդբեջանին տալ մի բան, որն ի սկզբանե իրենցն էր։ Բայց կան նաեւ ՔՊ-ականներ, օրինակ՝ Ալեն Սիմոնյանը, որ խոսում են Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման մասին։ Ստացվում է՝ Ձեր կամ ընդդիմության ասածն ու իշխանությունների ասածը նո՞ւյնն են։

- Ես որեւէ նմանություն չեմ տեսնում, որովհետեւ, եթե որպես իշխանության դիրքորոշում վերցնենք այն, ինչ Վիգեն Խաչատրյան է ասել, ապա նա ասում է, որ Արցախն Ադրբեջանի մաս է, իսկ ես՝ որպես Վարդան Պողոսյան, ասում եմ, որ Արցախն առնվազն 1991 թ․ դեկտեմբերի 10-ի հանրաքվեով վերջնականապես իր ճակատագիրը որոշել է, որ ինքն անկախ պետություն է։

- Բայց ՔՊ-ականների մի մասն էլ, ինչպես նշեցի, ինքնորոշման իրավունքի վրա է շեշտը դնում։

- Ինքնորոշման իրավունքի վրա շեշտը չպետք է դնել այն իմաստով, որ ինքն Ադրբեջանի կազմում է, բայց իրավունք ունի ինքնորոշվելու։ Ես ասում եմ, որ Արցախը եղել է Ադրբեջանական ԽՍՀ կազմում եւ Սովետական Միության ժամանակահատվածում արդեն իսկ ինքնորոշվել է՝ դառնալով անկախ պետություն։ Եվ մեր ներպետական փաստաթղթերը հստակ խոսում են Արցախի ինքնորոշման փաստի ճանաչման մասին։

- Եթե ճիշտ եմ հիշում, ապա Ռոբերտ Քոչարյանն է մի առիթով հայտարարել, որ Ադրբեջանն ու Արցախն առանձին-առանձին են անկախացել ԽՍՀՄ-ից, այսինքն՝ Արցախը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում։

- Շատ ճիշտ եք հիշում, դա ինքն ասել է Ստրասբուրգում, երբ ԵԽԽՎ-ում ելույթ ունեցավ։ Ես դեռեւս 1999 թվականին հոդված եմ հրապարակել՝ Լեռնային Ղարաբաղի տարածքային պատկանելության վերաբերյալ, որտեղ ասել եմ․ «Արցախը երբեւէ չի եղել անկախ Ադրբեջանի կազմում»։ Իսկ անկախ Ադրբեջան երկու անգամ է եղել, մեկը՝ 1918-1920 թթ․, մյուսը՝ 1991 թվականի վերջերից։ Ուրեմն, ո՛չ այն ժամանակ, ո՛չ հիմա Լեռնային Ղարաբաղը չի եղել անկախ Ադրբեջանի կազմում։ Փաստ է, որ Լեռնային Ղարաբաղը եղել է Ադրբեջանական ԽՍՀ կազմում՝ 1923 թ․ սկսած։ Ընդ որում, 1923 թվականին էլ Ադրբեջանական ԽՍՀ-ն առանձին միութենական հանրապետություն չէր, այլ կար Անդրկովկասյան ֆեդերացիա՝ որպես մեկ միասնական պետություն, բաղկացած երեք մասից, եւ Արցախն այդ ժամանակ եղել է Ադրբեջանական ԽՍՀ կազմում։

- Դե, Ալիեւը հիմա, ըստ էության, հենց դրա վրա է շեշտը դնում, որ Արցախը Սովետական Միության ժամանակ եղել է Ադրբեջանի կազմում։

- Այո, Սովետական Միության տարիներին եղել է, բայց 1990 թ. ապրիլի 3-ին ընդունվել է Սովետական Միության օրենք, թե միութենական հանրապետություններն ինչպես կարող են դուրս գալ Սովետի կազմից, եւ էդ օրենքի մեջ նաեւ գրված է եղել, որ եթե միութենական հանրապետությունում կան ինքնավար միավորումներ, այսինքն՝ ինքնավար հանրապետություն կամ ինքնավար մարզ, իսկ Լեռնային Ղարաբաղը եղել է ինքնավար մարզ, իրենց համար հանրաքվեն առանձին ձեւով է իրագործվում, եւ էդ ինքնավար միավորումներն իրենք իրավունք ունեն որոշելու՝ մնո՞ւմ են էդ միութենական հանրապետության կազմում, թե՞ դուրս են գալիս։ Այսինքն՝ դեռեւս 1990 թ․ ապրիլի 3-ին ընդունված օրենքին համապատասխան, այսինքն՝ Սովետական Միության իրավունքին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղն իր ճակատագիրն արդեն իսկ որոշել է։

- Իսկ այն, որ Սոչիում Փաշինյան-Ալիեւ-Պուտին եռակողմ ձեւաչափով հղում արվեց 1991 թվականին ընդունված Ալմա-Աթայի՝ ԱՊՀ երկրների հռչակագրին, սա ի՞նչ էր նշանակում։ Այդ հռչակագիրը, ի դեպ, Հայաստանի ԳԽ-ն ընդունել է Արցախի հետ կապված վերապահումով։

- Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը խաղում է ադրբեջանական խաղերը, Նիկոլ Փաշինյանը դրանով ուզում է մեղքը գցել բոլոր նախորդ իշխանությունների վրա, որ դեռեւս 1991 թ․ դեկտեմբերին, երբ մենք ստորագրել ենք Ալմա-Աթայի հռչակագիրը, ճանաչել ենք Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, որը բացարձակ անհեթեթություն է։ Բայց նպատակը դա է, որպեսզի ասի՝ նախորդներն արդեն տվել են, ես չեմ տվել, հիմա ես անելիք չունեմ։

- Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը նախկինների վրա մեղքը բարդելու հարցում ավելի հեռո՞ւն է գնում՝ հասնելով ընդհուպ Լեւոն Տեր-Պետրոսյանին։

- Այո, հասնելով նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանին, որ միայն իմ ոխերիմ թշնամիները չեն մեղավոր, իմ ոխերիմ «բարեկամ-թշնամի» Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ է մեղավոր, որովհետեւ ինքն ուզում է էդպես մեկնաբանել, որ 1991 թ․ արդեն Հայաստանը հրաժարվել է Ղարաբաղի ինքնիշխանությունից, ինքնորոշումից։