Հրաժարվում են ներդրումներ անել այն շենքերի վրա, որոնք հետո տեղափոխելու են ակադեմիական քաղաք

Հրաժարվում են ներդրումներ անել այն շենքերի վրա, որոնք հետո տեղափոխելու են ակադեմիական քաղաք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ օրերս տեղի է ունեցել Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների զարգացման խորհրդի առաջին նիստը, որում ներկայացվել է ՀՀ գիտատեխնոլոգիական զարգացման ռազմավարության նախագիծը: Խորհրդի կազմում ներգրավված են ինչպես պետական հատվածի ներկայացուցիչներ, այնպես էլ ոլորտի մի շարք հայտնի ընկերությունների՝ «Սինոփսիս Արմենիա», «Ինթելինեյր», «ՍԱԴԱ սիստեմս», «Սթրաթեջիք վելյու վենչուրս», «Բիգքընթրոլս», «Պրոջեքթ ինթեգրեյշըն» եւ այլ ընկերությունների ղեկավարներ: Քննարկման ընթացքում ներկայացվել են ռազմավարության տեսլականը, նպատակը եւ շրջանակը: Ըստ այդմ՝ ռազմավարության տեսլականը Հայաստանում գիտատեխնոլոգիական ոլորտի թռիչքային աճի ապահովումն է:

ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, ով ներկա է եղել հանդիպմանը, ավելին չի ասում, մասնավորապես՝ թե ինչպես են պատրաստվում այդ տեսլականն իրագործել, քանի որ եղել է ընդամենը անդրանիկ նիստը, որտեղ ներկայացվել է գիտության եւ տեխնոլոգիաների զարգացման խորհրդի հիմնական նպատակը, իսկ որպես գլխավոր նպատակ՝ ներկայացվել է Հայաստանը բարձրտեխնոլոգիական արդյունաբերական երկիր դարձնելը։ «Դրա համար էլ պետք է ստեղծել աշխատանքային խմբեր, որոնք պետք է աշխատեն այդ ուղղությամբ»,- ասում է Ա․ Սաղյանը։

Նախագծում ներկայացվել է 5 ճյուղ՝ արհեստական բանականություն եւ մեքենայական ուսուցում, միկրոէլեկտրոնիկա, ընդլայնված ռոբոտաշինություն, քվանտային տեխնոլոգիաներ, կենսատեխնոլոգիա եւ գիտություններ, որոնք իրենց մեջ պարունակում են ե՛ւ կրթական, ե՛ւ գիտական, ե՛ւ արդյունաբերական ուղղությունների կոմպոնենտներ: «Այդ 5 կետերը դեռ պետք է հստակեցվեն, նոր աշխատանքային խումբն աշխատի, հիմնական գործառույթն է՝ համախմբել ողջ ներուժը Հայաստանում, սփյուռքում եւ փորձել զարգացնել տեխնոլոգիական ուղղվածությունը, այսինքն՝ կիրառական գիտությունը․ գիտություն-արդյունաբերություն կապը, ինչը շատ կարեւոր է»։

Մենք ունե՞նք այդ ռեսուրսները՝ գիտական, նյութատեխնիկական, մարդկային, որպեսզի Հայաստանում զարգացնենք ռոբոտաշինություն, արհեստական բանականություն, քվանտային տեխնոլոգիաներ։ «Այդ հարցին ես չեմ կարող պատասխանել, որովհետեւ դրան դեռեւս պատասխան չկա։ Իհարկե, պետք է առաջին հերթին հիմք ընդունել այն ներուժը, նյութատեխնիկական բազան եւ, ամենակարեւորը՝ այն կադրային կազմը, որ կա Հայաստանում։ Շատ ուղղություններով դեռ շատ թույլ է, բայց, ամեն դեպքում, սա հեռահար նշանակություն ունեցող ծրագիր է, եւ այն, ինչ կա, պետք է փորձել ստեղծել։ Նախատեսվում է դրսից մարդկանց հրավիրել ու փորձել այդ ամենն առաջ տանել, առայժմ դա մի գաղափար է, որը քննարկվել է, բայց ընթացքում դրանք այնքան կփոխվեն, ինչպես ցանկացած գաղափար»։
Երկրի ղեկավարը նշել էր, որ վերջին երեք տարիներին կտրուկ ավելացել է գիտության ֆինանսավորումը, ի՞նչ խնդիրներ է դա լուծել ու լուծում։ «Այո, այս վերջին 2-3 տարիների ընթացքում գիտության ֆինանսավորումը կտրուկ ավելացել է, ու դրանք հիմնականում ուղղված են եղել աշխատավարձերի բարձրացմանը, մի շարք գրանտների տրամադրմանը, սարքավորումներով ապահովմանը, բայց դա բավարար է, թե բավարար չէ, ռացիոնալ է կատարվում, թե ոչ՝ այլ հարց է։ Օրինակ, իմ խորին համոզմամբ, պետք է գումարների մի մասը տրամադրվի հենց նյութատեխնիկական բազայի ուղղությամբ, այսինքն՝ ոչ միայն սարքավորումներին, այլեւ լաբորատորիաների, շենքերի, դրանց կահավորման, օպտիմալացման ուղղությամբ։ Մեզանում տարածված մոտեցում է, չէ՞, երբ մի նոր կահույք ես առնում, ձգտում ես այդ կահույքը դնել այն սենյակում, որը վերանորոգված է, բայց ցավն այն է, որ այդ ուղղությամբ ոչ մի առաջընթաց չկա։ Եվ դա, ինչպես ես եմ հասկանում, կապում են ակադեմիական քաղաքի հետ, այսինքն՝ այդ շենքերը, հավանաբար, այստեղ այլեւս չեն լինելու, ուրեմն հիմա ինչո՞ւ դրանց վրա ներդրումեր անենք։ Բայց կան նաեւ ընթացիկ, ավելի փոքր ծախսեր՝ ջեռուցման, տանիքի, որոշ լաբորատորիաների վերանորոգման հետ կապված, որոնց ուղղությամբ չի կատարվում քայլ։ Ամեն դեպքում, ես գիտեմ՝ եղել են դեպքեր, ինստիտուտը դիմել, պահանջել է գումար՝ ջեռուցման համար կամ արտադրական տարածքի վերանորոգման համար, կանխանշելով, որ կա ներդրող, որը մեծ գումար է ներդնում տեխնոլոգիական գծի համար, ընդամենը գումար տրամադրեք, որ վերանորոգենք, բայց մերժել են՝ ասելով, որ այդ ինստիտուտը գտնվում է ակադեմիական ծրագրի շրջանակում, եւ դա տեղափոխվելու է։ Հիմա սա է խնդիրը, նստենք սպասե՞նք  8-10 տարի, հատկապես որ բոլորս էլ գիտենք, որ այդ տեղափոխումները շուտ չեն լինելու, իսկ եթե այդ 8-10 տարվա մեջ եղածն էլ լրիվ քանդվի-վերանա, հետո նորի՞ց ենք սկսելու ամեն ինչ»,- նկատում է ԳԱԱ նախագահը։

Ստացվում է՝ մի կողմից փորձում են ակադեմիական քաղաք ստեղծել, բայց մյուս կողմից էլ, դրան զուգահեռ, այս ընթացքում ակադեմիական ինստիտուտները կպարալիզացվեն։ «Հավանաբար, դրան էլ կգնա, բայց, համենայնդեպս, մինչեւ ակադեմիական քաղաքի այս գաղափարի ծագելը, այն ժամանակ կառավարության դիրքորոշում կար՝ յուրաքանչյուր տարի 2-3 գերազանցության կենտրոններ ստեղծել, այսինքն, ինստիտուտները միավորելով՝ ստեղծել կենտրոններ եւ դրանց վրա գումար դնել, որպեսզի դրանք համապատասխանեցվեն ժամանակակից պահանջներին։ Բայց ակադեմիական քաղաքի գաղափարի ի հայտ գալուց հետո դա կարծես անցավ 2-րդ պլան։ Նույնիսկ ակադեմիական համակարգում 2 կենտրոնների ստեղծման որոշումը, որը մենք կայացրել ենք նախագահությունում եւ ուղարկել ենք ԿԳՄՍՆ, դա էլ դեռեւս ընթացք չի ստացել»։

Այդուհանդերձ, ԳԱԱ նախագահը կարեւորում է այդ խորհրդի ստեղծման գաղափարը․ «Եթե այսօր այդ ակադեմիական քաղաքի ստեղծման դրույթներն ուղղված են հիմնականում կրթության եւ գիտության ինտեգրմանը, բայց գիտություն-արդյունաբերություն կապը մնում է բաց։ Ու այս նոր նախաձեռնությունը միտված է հենց դրան։ Դրա համար ես կարեւորում եմ այդ քայլը, բայց թե ինչպես դա կարվի, ինչ մեխանիզմներով, դեռեւս պետք է քննարկենք, բայց որ դժվար խնդիր է՝ պարզ է բոլորին։ Այսօր աշխարհում բարձրտեխնոլոգիական պետությունները մատների վրա կարելի է հաշվել, եւ ասել, որ այսօր մեր նպատակն է Հայաստանը դարձնել բարձրտեխնոլոգիական պետություն, ես կասեի, որ դա ավելի շատ բարի ցանկություն է»։ Այսինքն՝ անիրատեսակա՞ն է կառավարության այդ ծրագիրը։ «Ես նման բան չեմ ասում, այլ այն, որ դա ծրագիր է եւ ոչ նպատակ, իսկ նպատակը պետք է բխի ծրագրից։ Այդ ծրագրի հիման վրա էլ պետք է տարբեր տեսակի նպատակներ ու խնդիրներ դրվեն, որպեսզի դա դարձնեն իրականություն։ Ինչ մեզնից կախված է, պետք է փորձենք անել, նորից եմ ասում՝ դա դժվար խնդիր է, բայց բոլորս կուզենանք տեսնել Հայաստանը որպես բարձրարդյունաբերական, տեխնոլոգիական երկիր»։