Միայնակ լինելուն սովորելը

Միայնակ լինելուն սովորելը

«Վատ չի լինի, որ մենք սովորենք միայնակ լինելուն, երբ մենք սովորենք միայնակ լինելուն, գուցե համապատասխան հետեւություններ անենք։ Մենք ուրիշ ռեժիմի ենք սովորել, մեզ թվացել է, որ մենակ չենք»։ Մեջբերումը պատկանում է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին: Ասեմ, որ տեսականորեն այդ կարծիքը գոյության իրավունք ունի: Եթե նայենք Եվրոպայի քաղաքական քարտեզին, ապա կտեսնենք դրա վկայությունը՝ Լյուքսեմբուրգ, Անդորրա, Լիխտենշտեյն, Սան Մարինո, էլ չասած Վատիկանը: Բայց ողջ խնդիրն այն է, որ Հին Հռոմի կայսրության վերացումից հետո Եվրոպան, նախ, մեկուկես հազարամյա ընթացք է ունեցել: Երկրորդ․ դրան գումարվել է այն հանգամանքը, որ այդ տարիների ընթացքում մայրցամաքը վերածվել է քրիստոնեական քաղաքակրթության ընդհանուր տարածքի: Երրորդ․ դրան նպաստել է այդ քաղաքակրթության շրջանակում ժողովրդավարության առաջանալը (կամ վերածնունդը, եթե պատմության խորքերը գնալով հասնենք Հին Հունաստանին): Եվ չորրորդ․ այդ պետություններն ունեցել են խելացի, ճկուն եւ իրենց հայրենիքը սիրող ղեկավարներ: Այդ բոլոր պայմանների առկայության պարագայում վերը նշված պետությունների գոյությունն ավելի քան արդարացված է: 

Իսկ հիմա մեր հայացքը տեղափոխենք Հարավային Կովկասի ուղղությամբ: Կտեսնենք քրիստոնեական երկու փոքր երկիր` մահմեդական երկրներով շրջապատված: Որոնցից մեկը լեզու գտավ մահմեդական հզոր հարեւանի (Թուրքիայի) հետ եւ տեղավորվեց անվտանգային նրա հովանու ներքո: Խոսքը, բնականաբար, Վրաստանի մասին է: Բայց դա դժվար չէր անել, քանի որ տարածքային քողարկված պահանջներ ներկայացնելով հանդերձ՝ թուրքերը երբեք չեն նախաձեռնել վրացիների կոտորածը կամ վտարումն այս տարածաշրջանից: Ինչն առկա է մեր առումով. հիշենք Նիկոլի հրամանատարությամբ 44-օրյա պատերազմի խայտառակ պարտությունից հետո Թուրքիայի նախագահի այցն Արցախ: Եվ, Նիկոլի բնութագրմամբ, «դժգույն ու դժբախտ» Շուշիում արտասանած խոսքը, որ հայերն այս տարածաշրջանում իրենց թրի մնացորդներն են: Իսկ եթե մեր անմիջական հարեւանությամբ ամենահզոր պետության ղեկավարը երազում է մեզ ոչնչացնել, ապա ինչպե՞ս ենք սովորելու միայնակ լինելուն: Դա՝ մեկ, եւ երկրորդ՝ Թուրքիայի օժանդակությամբ թյուրքախոս մեկ այլ պետություն, թքած ունենալով միջազգային հանրություն կոչվածի վրա, մեր պետության ողջ տարածքը հայտարարում է իրենը:

Արցախը ոչ բարով-խերով թշնամուն հանձնելուց հետո ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձը նախաձեռնեց անվտանգային համակարգը փոխելուն ուղղված գործընթաց: Բնական է, հընթացս մեղադրելով ռազմավարական նախկին դաշնակցին թե՛ Արցախը հանձնելու եւ թե՛ ՀՀ արեւելյան սահմանները չպաշտպանելու հարցում: Երեւի «մոռացել» է, որ դեռեւս 2019-ի աշնանն էր առկա բազմահազար զոհերի հաշվին «արցախյան բեռից ազատվելու» ազգակործան ծրագիրը: Ինչեւէ, թուրք-ադրբեջանական տանդեմին ենթարկվելն ու ստորանալը, մի կողմից, արեւմտյան հովանավորներ փնտրելը, մյուս կողմից, նրա պատկերացումներում դիտվում են որպես  միայնակ լինելուն սովորելու գործընթաց:

Իսկ թե ինչ են տալու արեւմտյան հովանավորները՝ լավագույնս երեւում է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ասածից: Ահա այդ հատվածը. «Եվ, անշուշտ, վերջին ավելի քան 30 տարիների ընթացքում մենք հասել ենք որոշակի վստահության, որ հարկավոր են երրորդ կողմի աջակցություն եւ երաշխիքներ: Մեր կարծիքով՝ ամերիկյան եւ եվրոպական միջնորդություններն ամենահուսալի երաշխիքներն են»:
Փաստորեն, ռուսական ռազմական ներկայությունն Արցախում չաշխատեց, ինչն արձանագրել է նաեւ դեսպանը, եւ դրանից դասեր քաղելը ենթադրում է, որպես ամենահուսալի երաշխիք, արեւմտյան միջնորդություններն ընդունելը: Հարգարժան դեսպանը մոռանում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով զբաղվող միջնորդների թվում Ռուսաստանից բացի եղել են նաեւ Ֆրանսիան ու ԱՄՆ-ն, որոնք թույլ են տվել, որ հակամարտությունը լուծվի ռազմական եղանակով: Չնայած դրա անթույլատրելիության մասին բազմիցս է բարձրաձայնվել: 

Վերջաբանի փոխարեն. նախկինների օրոք սովորական երեւույթ էր մի բան ասելն ու այլ բան անելը: 2018 թվականի «թավշյա» արհավիրքից հետո այն վերածվեց չգրված օրենքի, ինչը, ի դեպ, բացահայտվում է յուրաքանչյուր տարվա մարտի 5-ին, երբ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը նրա կյանքի գործը տապալած խմբակի անդամները, որպես կանոն, խոստանում են շարունակել վերջինիս արածը: