Ինչու պետք է հեռանան

Ինչու պետք է հեռանան

Հայաստանում կառավարման արդյունավետության ու օպտիմալության, օրենսդրական ճշգրիտ դաշտ ձեւավորելու եւ ապագային միտված բարեփոխումների մասին խոսելն այսօր, առնվազն, զավեշտական է։ Բայց եթե մենք ուզում ենք մեր երկիրը դուրս բերել այս ծայրահեղ անհուսալի ճգնաժամային վիճակից, պետք է հասկանանք, թե ինչ է «թողել» Նիկոլ Փաշինյանի իշխանությունը՝ մեզ որպես «ժառանգություն», եւ ինչու ենք պնդում, որ նա պետք է հեռանա, որպեսզի շանս ստեղծվի այս ճգնաժամը հաղթահարելու։ Յուրաքանչյուրը, անշուշտ, ինքն իր համար ունի այն հարցի պատասխանը, թե ինչ է տվել այս իշխանությունը երկրին եւ անձամբ՝ իրեն։ Եվ այդ պատասխանները կարող են ծայրահեղ տարբեր լինել։ Մեկի համար սա մի հոծ սեւ գիծ է եւ չարիքների ու անկումների անվերջանալի երեք տարի, որտեղ թվարկելի են համակարգային փլուզումները, արժեհամակարգային նահանջները, մահերն ու ավերը, կորուստներն ու հետընթացը տարբեր ոլորտներում։ Մյուսի համար պատկերը բոլորովին այլ է, եւ նա, հնարավոր է, ունի իր «ճշմարտությունը»։

Ասենք՝ ճանապարհներ են կառուցվել, բանակում սնունդն է լավացել, «հաբռգած» հարեւանն այլեւս վերեւից չի նայում իրեն, պետական բարձր պաշտոնյայի դղյակի կառուցումը կիսատ է մնացել, իր համար ատելի մարդիկ դատվում են կամ բանտում են հայտնվել, վարչապետը պարբերաբար լայվեր է անում եւ ասում, որ սիրում է իրեն՝ ժողովրդին։ Գուցե էլի կան բաներ, որոնք մեզ համար տեսանելի չեն։ Անգամ հնարավոր է, որ այս փաստարկների մեջ նաեւ որոշ ճշմարտություն կա, եւ մենք չէ, որ պետք է դատենք այսպես մտածողներին։ Մենք միայն կարող ենք հորդորել՝ ձեր սեփական տան պատուհանից մի նայեք երկրին ու նրա ապագային։ Կարողացեք մոռանալ հին վիրավորանքները, կենցաղային նախանձով ու մակերեսային շահով մի առաջնորդվեք։