Հիշենք, որ Հայոց Ցեղասպանությունը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Թուրքիան լիովին ջախջախված էր եւ ոչնչացման եզրին․ Թուրքագետ

Հիշենք, որ Հայոց Ցեղասպանությունը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Թուրքիան լիովին ջախջախված էր եւ ոչնչացման եզրին․ Թուրքագետ

«Հրապարակի» զրուցակիցն է թուրքագետ Մհեր Աբրահամյանը։

-Թուրքիայում երկարաշարժից հետո ի՞նչ փոխվեց։

-Թուրքիան բավականին փորձությունների միջով է անցել իր պատմության ընթացքում, այս աղետալի երկրաշարժը ևս մեկ փորձություն է Թուրքիայի համար, սակայն Թուրքիան ինչպիսի ճգնաժամային իրավիճակում էլ գտնվի՝ նա իր արտաքին քաղաքականությունը երբեք չի փոխել: Հնարավոր է որոշակի թմրեցրել է, բայց արտաքին քաղաքականությունը Թուրքիայում մնացել է նույնը։ Իսկ Էրդողանի ժամանակաշրջանում դա առավել ակնառու է, անցնելով տարբեր ճգնաժամերի միջով՝ չի փոխել երկրի արտաքին քաղաքական ուղղությունը և ուղղվածությունը։

-Արդյոք բնական աղետը կարո՞ղ է որոշակիորեն մեղմացնել Հայաստանի նկատմամբ տարվող քաղաքականությունը, դա կազդի՞ Ադրբեջանի գործողությունների վրա։

-Թուրքիան երբեք չի մոռանում Հայաստանը, հիշենք, որ Հայոց Ցեղասպանությունը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Թուրքիան լիովին ջախջախված էր և ոչնչացման եզրին էր կանգնած, ուստի հույս ունենալ, որ այս երկրաշարժը կազդի Թւորքիայի քաղաքականությանը Հայաստանի վրա ու ինչ-որ այսպես հումանիտար քայլերը` Հայաստանի կողմից, կստիպեն Թուրքիային, որպեսզի նա իր քաղաքականությունը փոխի Ադրբեջանի նկատմամբ և Ադրբեջանն էլ փոխի իր դիրքորոշումը, կարծում եմ այս ժամանակահատվածում սխալ է այդ մասին խոսելը, քանի որ ինչպես արդեն նշեցի, Թուրքիան չի փոխի իր արտաքին քաղաքական ուղղությունը՝ կախված տարբեր ճգնաժամային շրջաններից։

-Էրդողանը հայտարարեց, որ ընտրությունները չեն հետաձգվելու։ Երկրաշարժից հետո երկրում դժգոհության ալիք է հասունացել, արդյոք դա չի՞ բարդացնում Էրդողանի գործերը։

-Երկրաշարժը կարծես թե քաղաքական հարված հասցրեց Էրդողանին, սակայն  Էրդողանը լինելով ճգնաժամերն ու կրիզիսները հաղթահարող անձնավորություն, կարողացավ շատ արագ կազմակերպվել` իր թիմի հետ միասին և թեկուզև մինիմալ կերպով լուծել երկրաշարժի հասցրած քաղաքական վնասը և մենք տեսնում ենք, որ առաջին իսկ օրվանից Էրդողանն այցելում է տարբեր վայրեր, որտեղ տեղի է ունեցել երկրաշարժը, հանդիպում է մարդկանց հետ, գնում է նրանց վրանները և օգտագործելով իր ունեցած ձիրքը, պոպուլիզմի և հռետորաբանության և քաղաքական ներուժի ունակությունները, նա կարծես թե կարողանում է հաղթահարել այս խնդիրը և դուրս գալ հաղթանակած։

-Հայտնի է թուրքական ընդդիմության միասնական թեկնածուն։ Որքա՞ն եք գնահատում նրա շանսերը։

-Ընդդիմության շանսերը կարելի է ասել զրոյացան, որովհետև ճաք տեղի ունեցավ այն վեց քաղաքական ուժերի միջև, որոնք միավորվել էին, որպեսզի հակազդեին Էրդողանին, սակայն թեկնածուի ընտրությունը տեղի ունեցավ և տարաձայնություններ ծագեցին։ Հատկապես մեկ կուսակցությունը դուրս եկավ Քեմալ Քըլըչդարլօղլուի թեկնածության դեմ։ Իհարկե, այստեղ ընդդիմությունը շատ մեծ սխալ թույլ տվեց, այնտեղ կային ավելի հզոր քաղաքական գործիչներ և ավելի երիտասարդ, որոնք ավելի շատ վարկանիշ ունեին այսօրվա Թուրքիայում, ուստի ընդդիմությունը, կարելի է ասել, այդ քայլով ոչնչացրեց իրեն և Էրդողանի քաղաքականությունը, որն ուղղված էր ընդդիմությանը ոչնչացնելուն՝ կարծես հասավ իր նպատակին և այժմ Էրդողանը, կարող ենք ասել, որ ավելի ուժեղացած, ավելի բարձր ռեյտինգով կգնա ընտրություններին։

-Արդյոք նույնիսկ երկրաշարժից հետո, չնայած ինչպես նշեցիք` Թուրքիան սովոր է տարբեր ճգնաժամեր հաղթահարելուն, Հայաստանը շարունակում է թեթեւ խնդիր մնալ վերջինիս համար։

-Հայաստանը համարել թեթև խնդիր Թուրքիայի համար, կարծում եմ մի քիչ սխալ կլինի։ Այնքանով է թեթև, որ այսօրվա Հայաստանի իշխանությունը կարծես թե փորձում է օդում կախված խաղաղության ինչ-որ օրակարգ մտցնել և հարաբերություններ հաստատել Թուրքիայի և Հայաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև, սակայն անգամ վերջին հանդիպումներին տեսնում ենք, որ հայկական կողմը չի նշում առանց նախապայմանների եզրույթը։ Եթե մնա այս իշխանությունը, ապա կարելի է ասել, Թուրքիան հաղթահարել է այդ խնդիրը և Հայաստանի նկատմամբ իր քաղաքականությունը չի փոխվել, մնում է նույն նվաճողական քաղաքականությունը, բայց այս իշխանության պարագայում էրդողանական վարչակարգին կամ ընդհանրապես Թուրքիային հեշտ է տրվում Հայաստանի նկատմամբ իր քաղաքականությունն իրականացնելը։