Նախկին ռեկտորն ընտրվել է ամբիոնի վարիչ

Նախկին ռեկտորն ընտրվել է ամբիոնի վարիչ

Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտորի ընտրությունների շուրջ տեղի ունեցած թղթաբանական զեղծարարությունը բացահայտվեց ընտրություններից միայն շաբաթներ անց, երբ նախ սոցիալական ցանցերում, ապա մամուլի էջերում բարձրաձայնվեց կատարվածի մասին։ 

Իսկ տեղի էր ունեցել այն, որ 2022թ. դեկտեմբերի 16-ին Գեղարվեստի պետական ակադեմիայում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի նախագահությամբ տեղի ունեցած հոգաբարձուների խորհրդի նիստում գիտական աստիճան չունեցող Արամ Իսաբեկյանը միաձայն ընտրվել էր ռեկտոր։ Մինչդեռ ՀՀ կառավարության 2021թ․ հուլիսի 29-ի 1248-Ն որոշման համաձայն՝ «ռեկտորի պաշտոնում կարող է ընտրվել ՀՀ այն քաղաքացին, որն ունի գիտական աստիճան»։

Ինչպես հայտնի է, բարձրացված աղմուկից հետո ակադեմիայի հոգաբարձուների խորհուրդը նիստ հրավիրեց եւ անվավեր ճանաչեց ՀԳՊԱ-ի ռեկտորի ընտրությունը, իսկ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մկրտիչ Այվազյանը:

Ինչ վերաբերում է Արամ Իսաբեկյանին, ապա, հավանաբար, հաշվի առնելով նրա մտերմությունը ներկայիս իշխանությունների հետ, նրան ակադեմիայից դուրս չթողեցին եւ կարգեցին նորանշանակ ռեկտորի ԺՊ-ի խորհրդական։ Սակայն Արամ Իսաբեկյանը չի բավարարվել միայն խորհրդականի կարգավիճակով եւ վերջին ամիսներին որոշակի հող էր նախապատրաստել ակադեմիայի ներսում իր նոր «նշանակման» համար, որի լուրը շատ չուշացավ։

Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի կայքէջից տեղեկանում ենք, որ մարտի 3-ին Գեղարվեստի ակադեմիայում կայացել է Գիտական խորհրդի նիստ, որը նախագահել է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Մկրտիչ Այվազյանը։ Օրակարգում, մասնավորապես ընդգրկված է եղել ՀԳՊԱ-ի ամբիոնների վարիչների թափուր պաշտոնների մրցույթը։

Ըստ այդմ, «Փակ, գաղտնի քվեարկության արդյունքում Գեղանկարչության և գծանկարչության ամբիոնի վարիչ ընտրվեց ՀԳՊԱ-ի նախկին ռեկտոր, ՀՀ ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր Արամ Իսաբեկյանը, Գրաֆիկայի ամբիոնի վարիչ՝ պրոֆեսոր Աբրահամ Սահակյանը, իսկ Դիզայնի ամբիոնի վարիչ՝ պրոֆեսոր Ստեփան Գյուլխասյանը»։