Ադրբեջանական նոր ագրեսիան վերջ կդնի Փաշինյանի իշխանությանը

Ադրբեջանական նոր ագրեսիան վերջ կդնի Փաշինյանի իշխանությանը

«Այս պահին, այո, վտանգն առկա է: Ադրբեջանը հնարավոր է ռազմական սադրանք իրականացնի Հայաստանի նկատմամբ»,- նախօրեին եթերում հայտարարում էր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Ադրբեջանական զինուժի կողմից սադրանքները շարունակվում են, զարմանալու բան չկա: Անընդհատ էդ սադրանքները եղել են, ու կարծում եմ՝ առաջիկայում էլ ունենալու ենք: Պետք է պատրաստ լինենք այս ամենին»,- նույն օրն ասում էր իշխանության մեկ այլ ներկայացուցիչ՝ ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը՝ հավելելով. «Այս պահին մեզ օդ ու ջրի պես զենք է անհրաժեշտ»:

Արդյոք այս հայտարարություններից կարելի՞ է եզրակացնել, որ իշխանության ներսում հասունացել է այն գիտակցումը, որ Ադրբեջանի հետ նախաձեռնած խաղաղության օրակարգը ձախողվել է, եւ Հայաստանը պետք է միջոցներ ձեռնարկի իր պաշտպանությունը կազմակերպելու համար: Ցավոք, իշխանության ներկայացուցիչների մտահոգությունը բոլորովին այլ շարժառիթ ունի: Ինչպես Նիկոլ Փաշինյանը, այնպես էլ նրա քաղաքական կուրսի սպասարկուները չեն մտածում Հայաստանի եւ նրա անվտանգության մասին, նրանց հետաքրքրում է բացառապես սեփական անվտանգությունը: Զենքն ու անվտանգության հավելյալ երաշխիքներն անհրաժեշտ են ոչ թե Հայաստանը, այլ սեփական իշխանությունը, իրենց անձնական անվտանգությունն ապահովելու համար:

Փաշինյանը խաղաղության օրակարգն առաջ քաշեց ոչ թե 2020 թ․ 44-օրյա պատերազմից ու պարտությունից, այլ անմիջապես իշխանազավթումից հետո, երբ հայտարարում էր, որ Ղարաբաղի հարցի կարգավորումը պետք է բավարարի նաեւ Ադրբեջանին: Ադրբեջանին բավարարում էր Արցախի եւ նրա շուրջ ստեղծված անվտանգության գոտու ամբողջական բռնազավթումը եւ այդ տարածքի հայաթափումը: Փաշինյանի եւ նրա իշխանության ջանքերի շնորհիվ այդ պահանջի մեծ մասը բավարարվեց, որի արտահայտությունը 2020 թ․ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան էր: Փաշինյանին թվում էր, որ Արցախը հանձնելով եւ կապիտուլյացիան մարսելով, ինքը կարող է հանգիստ շունչ քաշել, եւ իրեն այլեւս ոչինչ չի կարող խոչընդոտել իշխանությունը պահելու հարցում. Արցախի հարցը հօգուտ Ադրբեջանի լուծվել է, արտաքին վտանգը չեզոքացվել է, մնում է Հայաստանում իր ընդդիմախոսներին ճնշի ու ցմահ պաշտոնավարի: Մինչդեռ Ադրբեջանը շարունակում էր նոր պահանջներ դնել Փաշինյանի առաջ, այդ թվում՝ Սյունիքի տարածքով միջանցք տրամադրելու եւ ՀՀ այլ տարածքների տիրանալու ձեւով: Փաշինյանը պատրաստ է բավարարել Ալիեւի այդ պահանջները եւս, բայց ամեն անգամ երբ Ադրբեջանը Հայաստանից հերթական կտորն է պոկում, այստեղ հակաիշխանական հզոր ալիք է բարձրանում, որը գնալով ավելի ու ավելի դժվար է ճնշելը: Փաշինյանի եւ նրա թիմակիցների վերջին շրջանի հայտարարությունները հենց դրա արգասիքն են. սրանք տեսնում են, որ Ադրբեջանը նոր ագրեսիա է պատրաստում, եւ մտածում են, որ դա կարող է իրենց իշխանության վերջը լինել: 

2020-ի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարությունից հետո փողոց դուրս եկավ 10-15 հազար մարդ. Փաշինյանն ստիպված էր տեւական ժամանակ թաքնվել բունկերում, իսկ նրա իշխանության ներկայացուցիչներն անհետացան հանրության տեսադաշտից եւ հայտնվեցին այն ժամանակ, երբ ընդդիմությունն իր ձեռքը վերցրեց փողոցային պայքարը, բողոքը դարձավ կառավարելի: 2022 թ․ սեպտեմբերյան պարտությունից հետո փողոց դուրս եկավ 40-60 հազար մարդ, Փաշինյանը կրկին մտավ բունկեր եւ դուրս եկավ այն ժամանակ, երբ ընդդիմությունն իր ձեռքը վերցրեց ինքնաբուխ փողոց դուրս եկած ժողովրդական շարժումը, եւ մարդիկ ցրվեցին տներով: Փաշինյանի հույսն այն էր, որ կիրթ ու կառուցողական Ալիեւը կբավարարվի զիջումներով եւ չի սպառնա իր իշխանությանը, բայց Ալիեւին այլեւս չեն հետաքրքրում Փաշինյանն ու նրա իշխանության ճակատագիրը, նա ուզում է օգտվել ստեղծված իրավիճակից, քանի դեռ Փաշինյանն իշխանության է:

Իշխանության ներկայացուցիչներն արդեն տեսնում են, որ ադրբեջանական նոր ագրեսիային իրենց իշխանությունը չի դիմանա: Այլեւս հնարավոր չէ իրենց ձախողումների համար մեղադրել նախկիններին, Ռուսաստանին ու Պուտինին, ՀԱՊԿ-ին ու միջազգային հանրությանը: Հայ հասարակության զգալի մասը սկսել է հասկանալ, որ քանի այս իշխանությունը գոյություն ունի, Հայաստանն անընդհատ ենթարկվելու է ադրբեջանական ագրեսիային եւ անպատրաստ է լինելու հետ մղել այդ ագրեսիան: Հաջորդ ագրեսիան արդեն կավարտվի հայկական բնակավայրեր գրավելով:

Դրա համար են սրանք սկսել զենք ու իրենց իշխանության պահպանման «գարանտյորներ» փնտրել: ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ասում է. «Այն մեխանիզմները, որ մենք առաջարկել ենք խաղաղության պայմանագրի տեքստում, նաեւ երաշխիքներ են ստեղծում։ Օրինակ, միջազգային գարանտյորների մասին է խոսքը: Դեռ հստակ չէ, թե ովքեր են այդ գարանտյորները, դա բանակցությունների թեմա է: Հայաստանը գիտակցում է, որ այդ երաշխիքները պատմության ընթացքում երբեմն չեն աշխատում, բայց կարող են լինել դեպքեր, որ աշխատեն»:

Գրիգորյանը գիտի, որ ներկայումս Հայաստանի անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է, նա ակնարկում է, որ ռուսական երաշխիքները չեն աշխատում, եւ հիմա իրենք փնտրում են միջազգային «գարանտյորներ»: Նրա խոսքից կարելի է հասկանալ, որ դեռ չեն գտել, իսկ մենք կարող ենք համոզված պնդել, որ չեն էլ գտնի: Հավաքական Արեւմուտքը երաշխավորել էր Ուկրաինայի անվտանգությունը՝ միջուկային զենքից հրաժարվելու դիմաց, թե ինչ վիճակում են հիմա Ուկրաինան, ուկրաինական բնակավայրերն ու կորուստները՝ բոլորի աչքի առաջ է: Ընդհանրապես, ո՞ւմ ցավն է կտրել՝ «գարանտյորություն» անել Փաշինյանի եւ Գրիգորյանի խղճուկ իշխանության համար, ինչի՞ դիմաց անեն կամ հանուն ինչի՞:

Ավետիս Բաբաջանյան