Հակոբ Ավագյանին ասել էին, որ ձեռք չեն տա, բայց խաբեցին

Հակոբ Ավագյանին ասել էին, որ ձեռք չեն տա, բայց խաբեցին

Դեռ ամիսներ առաջ «Հրապարակը» գրել էր, որ վարչապետի աշխատակազմը պատրաստվում է կադրային ջարդ իրականացնել տեսչական մարմիններում ու նոր ղեկավարներ նշանակել, քանի որ դժգոհ են այդ մարմինների աշխատանքից՝ իրենց մահակի դերը դրանք լավ չեն կատարում։ Այդ հրապարակումից հետո, իսկապես, մեկը մյուսի հետեւից  տեսչականի պետեր փոխվեցին։ Սեպտեմբերին աշխատանքից ազատման դիմում գրեց Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը։ Իր հեռանալը նա բացատրեց այլ աշխատանքի անցնելու մտադրությամբ, ինչին ոչ ոք չհավատաց։ Ասոյանից հետո աշխատանքից ազատվեց քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը, որն այդ պաշտոնին էր 2018-ից։

Նրա տեղակալին ավելի վաղ էին ազատել։ ՔՏՀԱ տեսչականի պետ նշանակվեց Գարեգին Խաչատրյանը։ Արդեն կես տարի է, ինչ թափուր է կրթության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնը։ Նախկին պետը՝ Ալեքսանդր Շագաֆյանը, ազատվել էր Փաշինյանի հրամանով՝ մայիսին։ Նրան փոխարինում է տեղակալը՝ Ռաիսա Գալստյանը։ Իսկ օրերս ազատվեց Հակոբ Ավագյանը՝ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարը: Նրա պարտականություններն այժմ կատարում է տեղակալ Սլավիկ Սարգսյանը։ «Սլավիկը երեխա է, ինչ-որ դեղագործական ֆիրմաներում աշխատած, որը չի հասկանում, թե ուր են իրեն տարել։ Դա հեշտ գործ չէ։ 250-ից ավելի հաստիքացուցակով կառույց է տեսչականը։ Այս բարդ կառույցը կառավարելն այնքան էլ հեշտ չէ»,- ասում է տեսչականում մեր աղբյուրը։ Նա պատմում է, որ Հակոբ Ավագյանի ազատման մասին վաղուց էին խոսում, բայց նա շատ վստահ էր, որ ամուր է նստած։ Ասել է, որ իրեն նույնիսկ հանգստացրել են՝ ասելով, որ մնալու է պաշտոնին։ Բայց տեսչական մարմնում որակի վերահսկման ստորաբաժանման աշխատող ունեն՝ Թագուհի անունով, որը պարբերաբար ինչ-որ թերություններ է վեր հանել եւ ներկայացրել վերադասին։ Կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն էլ, որը կոորդինացնում է տեսչականների աշխատանքը, որոշել է ազատվել Ավագյանից։ Երբ պետք է թերությունը նկատել, նկատում են, երբ պետք չէ՝ աչք են փակում։ Բազմաթիվ դեպքեր գիտենք, երբ հենց թերությունները մատնացույց անող չինովնիկներին են ազատել աշխատանքից՝ հենց բողոքողի կեցվածքի համար։     

Հակոբ Ավագյանը եկել էր, ինչպես ՔՊ-ական ղեկավարներից շատերը, ՀԿ սեկտորից։ Տեսչության աշխատողները պատմում են, որ պաշտոնավարման սկզբում ստուգումների ակտի կամ ստուգվող այս կամ այլ կառույցի ղեկավարին ուղղված գրավոր նախազգուշացման վերջում նա գրում էր․ «Շնորհակալություն համագործակցության համար»։ Սա քաղհասարակության ներկայացուցիչներին բնորոշ տեքստ է, որով նրանք սովորաբար ավարտում են գործընկերներին ուղղված գրությունները։ Սա զավեշտական է թվացել աշխատակիցներին, որովհետեւ պատժող մարմնի ղեկավարը չի կարող համագործակցել ստուգվողի հետ։ Հակոբ Ավագյանը մասնագիտությամբ մետալուրգ է, աշխատել է փոքր եւ միջին բիզնեսի հետ՝ էկոնոմիկայի նախարարությունում։ Առողջապահական համակարգին տիրապետում էր, բայց ոլորտից տեղյակ չէր։ Սակայն ոլորտի հետ մասնագիտական առնչություն չունենալը, դրանից հեռու լինելն այս իշխանության դեպքում թերություն չեն։ Եթե այդպես լիներ, առաջին հերթին առողջապահության  նախարարից կազատվեին։ 

Այսօր Արայիկ Հարությունյանն ուզում է նոր մոտեցումներ ներդնել տեսչական մարմիններում, քանի որ բավարարված չէ ստուգումների արդյունքներով։ Բայց ի՞նչ կա տեսչականի ձեռքին՝ նա թուղթ-փաստաթուղթ ստուգող մարմին է։ «Մարդիկ գալիս են փաստաթուղթ ստուգելու։ Որակի վերահսկողությանը մոտ չեք թողնում նրանց, պետպատվերին մոտ չեք թողնում, ասում եք՝ գործ չունես պետպատվերի հետ, այնպես որ՝ տեսչականի ստուգումները սահմանափակ են»,- իրենց կառույցի խոհանոցը ներկայացնում է տեսչականի հին աշխատողներից մեկը։