Պատմական Նիկոլ էիք փնտրում, գտաք իրականը

Պատմական Նիկոլ էիք փնտրում, գտաք իրականը

Տարբեր կերպ մեկնաբանվեց Փաշինյանի «Պատմական Հայաստանից անցում՝ դեպի իրական Հայաստան» հայտարարությունը։ Բայց ինչպես նրա բոլոր հայտարարությունները, դա ևս վերլուծության կարիք չուներ։ Նմանվում ենք այն մարդուն, ով թվացյալ գետ է տեսնում իր առաջ ու նրան թվում է, թե դա խորություն ունի։ Հազար միջոց է որոնում՝ գետն անցնելու համար ու չի գտնում։ Որոշում է բոբիկ ոտքերով փորձել «գետի» խորությունը։ Երբ անցնում է գետի կեսը՝ տեսնում է, որ նույնիսկ ոտնաթաթերը չեն թրջվում։ Այնքան մակերեսային է լինում թվացյալ գետը, որ նա ամաչում է գետն անցնելու իր հնարքներից։ Հիմա մենք ենք։ Այնպիսի փորձառու ղեկավարներ ենք ունեցել, որ իներցիայով, երբ պաթոսը վերջացել է, սկսել ենք լրջություն տալ 2018-ին վարչապետի աթոռին հանկարծ հայտնվածին։ Փորձում ենք տարբեր քաղաքագիտական, փորձագիտական, ռազմագիտական հնարքներով նրա ամեն մի հայտարարությունը մեկնաբանել, քննադատել։ Ժողովուրդ, ձեր դեմ վարար գետ չէ, ընդամենը կանգնած ջրագոյացություն է, հնարքներ մի որոնեք՝ անցեք ջուրը։ Այն ձեր ոտնաթաթերն անգամ չի թրջի։

Փաշինյանի ոչ մի հայտարաության մեջ նոր բան չկա։ Դուք բազմիցս եք անցել այդ ջուրը ու ամեն անցնելուց էլի քննարկում եք, թե ո՞նց անցնեք։ Առանց ուշադրություն դարձնելու գոյացած ջրին, անցեք։ Այսպիսի բան պատկերացրեք։ Իշխանության ղեկին հայտնվել են փորձ, կրթություն, տարրական հայրենասիրություն չունեցող, պատմություն չիմացող մարդիկ։ Դուք եք նրանց բերել իշխանության։ Ձեզ թվացել է , թե նրանք պատմական առաքելությամբ են գալիս։ Ձեր եղածին, ձեր կորսվածին մի բան ավելացվելու է։ Արցախը Հայաստան է դառնալու ու վերջ, Հայաստանը ծաղկելու ու բարգավաճելու է, Բանակը հզորացվելու է, «թալանած գումարները» ձեզ են վերադարձվելու, հարկերը նվազելու են, կոռուպցիան վերանալու է, քաղբանտարկյալներ չեն լինելու․․․ Դրան ավելացրեք հազարավոր այլ կեղծ խոստումներ։ Ձեզ արքայավայել կյանք է խոստացել։ Դուք օվկիանոս եք պատկերացրել ու ընկել եք մի փոքրիկ ջրափոս։ Ու բախվել եք իրականության հետ, բախվել եք իրական Փաշինյանի հետ։ Պատմական Նիկոլ էիք փնտրում, գտաք իրականը։ Սա է ողջ եղելությունը։ Եվ վեց տարի անընդհատ մեկնաբանել, թե՝ նա սա ասաց, սա խոստացավ, անլուրջ է։ Այդ ջրափոսը լցվել է, որ դուք այն օվկիանոս պատկերացնեք ու որևէ մեկդ չհամարձակվեք անցնել օվկիանոսը։ Այդ ջրափոսը լցվում, թարմացվում է ամեն օր ու դուք անտեղի եք կանգնում նրա առաջ ու հնարքներ որոնում։ Ընդամենը քայլ է պետք։