Մի՞թե մեր սուրբ հայրենիքն արժանի չէ դրան

Մի՞թե մեր սուրբ հայրենիքն արժանի չէ դրան

44-օրյա պատերազմից հետո իրադարձությունների ընթացքը ցույց է տալիս, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը կարծես դիվանագիտական լուծում չունի, քանզի Ադրբեջանը հակված է ռազմական ճանապարհով լուծել, իսկ Հայաստանը վախից կուչ է եկել եւ ակնկալում է, որ Արեւմուտքի եւ Եվրոպայի միջամտությամբ կլուծվի հարցը: Եվ, չգիտես ինչու, չի նկատում, որ պատերազմից մինչ այսօր ոչ մի երկիր, բացի դատարկ խոստումներից, Հայաստանին որեւէ գործնական՝ կոնկրետ օգնություն ցույց չի տվել: Տարբեր մակարդակի խոստումներ տվել են, փափուկ բարձ են դրել Հայաստանի գլխի տակ, սակայն դրանից այն կողմ քայլ չի արվել: Հայաստանի համար նախկինում էլ, այսօր էլ փրկության երկու ճանպարհ կա. մեկը միջազգային հանրության` Ռուսաստանի, Արեւմուտքի օգնությունն է, սակայն 44-օրյա պատերազմը եւ հաջորդած իրադարձությունները հստակ ցույց տվեցին, որ երկու կողմն էլ վստահելի գործընկեր չէ` երկուսն էլ խաբում են մեզ: Ամեն կողմն իր խաղն էր խաղում, որպեսզի իր կողմը քաշի Հայաստանը` ուրիշ ոչինչ: 

Պարզվեց, որ ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Արեւմուտքը, ե՛ւ Եվրոպան՝ ի դեմս անգամ մեր բարեկամ Ֆրանսիայի, դատարկ խոստումներ են շաղ տալիս, իսկ ճակատագրական պահերին մատը մատին չեն խփում: Շարունակում են խաղաղության կոչեր ուղղել՝ խաղաղության պայմանագիրը կյանքի կոչելու համար: Եվ դա մի պատճառով է տեղի ունենում. երկու կողմն էլ հստակ պայմանավորվածություն ունեն Ադրբեջանի հետ, պաշտպանում են նրան, քանզի նրանց համար Հայաստանը մի մոծակ է, իսկ Ադրբեջանը՝ Թուրքիայի եղբայր, նավթի ու գազի պաշարներ ունեցող գործընկեր: Համոզված եմ, որ Հայաստանի իշխանությունները եւս տեղյակ ու մասնակից են այս խաղին: Նրանց էլ են ներշնչել, որ կարող է նոր ցեղասպանություն լինել հայ ժողովրդի նկատմամբ։

Ուրեմն ինչպե՞ս դուրս գալ այս վիճակից: Տարբերակները քիչ են` կա՛մ Հայաստանը պետք է հանձնվի Ադրբեջանին, կա՛մ համախմբվելով` կռվի: Մեկ է, չկռվելու պարագայում, անգամ եթե սուսուփուս, առանց կռվի հանձնենք Հայաստանը, իսկ դա ՀՀ իշխանություններն սկսել են Տավուշի գյուղերից, կորցնելու են այն, ինչ կորցնելու ենք կռվելու պարագայում: Մի՞թե ավելի թանկ բան կա, քան հայրենիքը, ինչի՞ց ենք վախենում, որ հայ ժողովրդին համախմբելով չենք փորձում՝ թեկուզ պատերազմով, պաշտպանել մեր հայրենիքը: 
Մի՞թե մեր սուրբ հայրենիքն արժանի չէ դրան:   

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ