Հովիկ, դա քեզ պետք ա՞

Հովիկ, դա քեզ պետք ա՞

Նիկոլ Փաշինյանին եւ Հովիկ Աղազարյանին համեմատելիս միշտ պետք է հիշել, որ նրանք արտառոց, անգամ հիմար հայտարարություններ անելու գծով մրցակից չունեն: Գոնե՝ Հայաստանում: Պատրաստ եմ այս թեմային առնչվող հարուստ փաստական նյութ տրամադրել բոլոր ապագա հետազոտողներին, եթե այդպիսիք գտնվեն: Նիկոլագիտություն եւ աղազարյանագիտություն՝ ի՞նչ վատ գիտություններ են որ:

Առաջին հայացքից կարող է թվալ, որ հիմարություններ դուրս տալու գծով Նիկոլն իր հավասարը չունի: Բայց դա այդպես չէ: Ավելի ուշադիր լինելու դեպքում կտեսնենք, որ ՔՊ-ում կան մեծ թվով, այսպես կոչված, «երկրորդ պլանի դուրս տվողներ», որոնք, փորձելով արդարացնել իրենց առաջնորդի դուրս տված հիմարությունները, ավելի մեծ հիմարություններ են դուրս տալիս: Նիկոլ Փաշինյանը, օրինակ, կարող է հայտարարել, որ այս, այս, այս գյուղերը հայկական չեն, եւ իսկույն կհայտնվի մի ՔՊ-շնիկ, այն էլ՝ ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող, ու կհայտարարի՝ մարդ եմ ման գալիս, որ պնդի, թե Նիկոլի նշած գյուղերը հայկական են: Սրանք այսպես են մտածում՝ եթե այս, այս, այս գյուղում մարդ չի ապրում, եթե այս, այս, այս ճանապարհներին հոթել, մոթել, ճաշարան-մաշարան չկա, ուրեմն այդ գյուղերն ու ճանապարհները հայկական չեն: Մեկ բառով ասած՝ էշություն: Գնացեք, թուրք պատմաբաններին հարցրեք, թե քանի հայկական գյուղ ու քաղաք կա «Արեւելյան Անատոլիայում» (Արեւմտյան Հայաստանում): Ձեզ կասեն՝ հազարավոր: Այդ քաղաքներն ու գյուղերը, եթե այսօր դրանցում հայի շունչ էլ չկա, միեւնույն է՝ հայկական են: Եղբայր, եկեղեցիներ կան, գերեզմանաքարեր, պատմություն կա՝ վերջապես: Հիմա ազերին աչքը դրել է անմարդաբնակ գյուղերի ու տարածքների վրա, թե՝ պիտի տաս: Պետք է տա՞լ: Վաղը ռուսները կասեն՝ Սեմյոնովկան, Լերմոնտովոն, Ֆիալետովոն, Պրիվոլնոյեն տուր, ռուսներ են ապրում: Պետք է տա՞լ: ՔՊ-ում մարդ եմ ման գալիս, որ ասի՝ Սեմյոնովկան հայկական գյուղ է կամ՝ Պրիվոլնոյեն:

Այո, իսկական գլխացավանք գործ է ՔՊ-շնիկների դուրս տված էշությունների հետեւից ընկնելը: Էլ չեմ խոսում դրանց ուսումնասիրության մասին: Վերցնում եմ յուրաքանչյուրի դուրս տված 10-ական հիմարություն եւ համեմատում միմյանց հետ: Եվ ի՞նչ է պարզվում: Գուցե ականջներիդ չհավատաք, բայց ասեմ՝ Նիկոլի դուրս տված 10 հիմարությունից 8-ը լավն է, 2-ը՝ ոչինչ, մինչդեռ Աղազարյան Հովիկի դուրս տված 10 հիմարությունից 8-ը բանի պետք չէ, իսկ 2-ը հանճարեղ է: Այս համեմատության մեջ Հովիկը հաստատ կրում է, բայց շահեկան դիրքում, այնուամենայնիվ, Նիկոլն է: Նախ՝ Նիկոլը վարչապետ է, եւ, ապա՝ Նիկոլի դուրս տված հիմարությունները երբեմն ճակատագրական հետեւանք են ունենում: Հովիկ Աղազարյանն ամենամեծ ցանկության դեպքում անգամ չէր կարող բլթացնել, որ Արցախն Ադրբեջանի մաս է, մինչդեռ Նիկոլի դուրս տվածը ճակատագրական եղավ Արցախի համար: Ինչո՞ւ․ որովհետեւ Նիկոլը, ասացեք խնդրեմ, վարչապետ է ու, բացի այդ, իր հետեւից մի բոլուկ ՔՊ-շնիկ ունի, որոնք հաջորդ օրը եւեթ դուդուկները միացրին, թե բա` մարդ ենք ման գալիս, որ ասի՝ Արցախը հայկական է: Հովիկ Աղազարյանն այս հնարավորությունները չունի, ոչ էլ մարդ ունի թիկունքում, որ իրեն սատարեն: Հովիկ Աղազարյանը պարզապես անզուգական տաղանդ ունի «հանճարեղ» մտքեր հայտնելու: Վերցնենք թեկուզ ամենաթարմ դեպքը: Զատկի օրերին, մինչ բոլորը զբաղված էին իրենց մեջ հավատն առ Հիսուս ամրապնդելու սուրբ գործով, Հովիկ Աղազարյանը, ոչ դես, ոչ դեն, հայտարարեց, որ ինքը Քրիստոսի գոյությանը սկսել է հավատալ Նիկոլին ճանաչելուց հետո: Բոլորը ապշած մնացին, անգամ՝ Նիկոլը, որ հասցրել էր նույն թեմայով մի հիմարություն էլ ինքն ասել: Էն, որ հայտարարել էր, թե Հիսուս Քրիստոսը երկրի վրա քայլած ամենամեծ հեղափոխականն է: Նիկոլին եկեղեցին պատասխանեց, բայց Հովիկին՝ ոչ: Ասում եմ, չէ՞, ապշել էին բոլորը, բացառությամբ թերեւս այդ հիմարության հեղինակի:

Կարող եք հարցնել՝ Հովիկ Աղազարյանի հայտարարության մեջ ի՞նչն է հանճարեղ: Դա տեսնելու համար պետք է այլ ռակուրսից մոտենալ խնդրո առարկա հայտարարությանը: Հովիկ Աղազարյանն ավարտել է ԵՊՀ մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետը, իսկ դա արդեն ինչ-որ բան նշանակում է: Նա մեխանիկ է՝ քաղաքականությունից կիլոմետրերով հեռու մարդ: Եվ երբ ասում է՝ Քրիստոսին սկսել եմ հավատալ Նիկոլին ճանաչելուց հետո, կարիք չկա դրա տակ քաղաքական ենթատեքստ փնտրելու: Չէ, եթե շատ եք ուզում՝ փնտրեք, բայց այդտեղ քաղաքական ենթատեքստ, ինչպես մութ սենյակում սեւ կատու, չկա: Չէր էլ կարող լինել: Ավելին ասեմ՝ եթե դրա տակ քաղաքականության նշույլ լիներ, ապա այդ հիմարությունն այդքան հանճարեղ չէր լինի: Լավ, դրա ի՞նչն է հանճարեղ՝ էլի կհարցնեք:

Պատասխանեմ՝ Հովիկ Աղազարյանն իսկապես Նիկոլին ճանաչելուց հետո է սկսել հավատալ Հիսուս Քրիստոսին: Նա չի ստում եւ չի ձեւացնում: Նա խոստովանում է դա, ինչպես Երկիր մոլորակի վրա ապրող մեխանիկը կխոստովաներ իր թերիմացությունը՝ որեւէ չճանաչված թռչող օբյեկտ ապամոնտաժելիս: Բայց դա էլ դեռ ամենահանճարեղ պահը չէ: Փաստորեն ստացվում է, որ եթե Հովիկ Աղազարյանը Նիկոլին չճանաչեր, շարունակելու էր մնալ անհավատ: Իսկապես հանճարեղ է:

Եվ ավարտեմ: Հովիկ ջան, մենք համարյա հասակակից ենք, եւ, կարծում եմ, կարող եմ մի բարեկամական խորհուրդ տալ քեզ: Մի քիչ քիչ շփվիր ՔՊ-շնիկների եւ հատկապես` Նիկոլի հետ: Վաղը նրանք կարող են մի այնպիսի բան անել, որ ոչ միայն Քրիստոսի Գոյությանն ու Հարությանը սկսես մեխանիկորեն հավատալ, այլեւ ճգնավոր դառնաս ու թողնես վայելքների աշխարհը: Բա դա քեզ պետք ա՞…