Փորձարկման փուլ է, եւ լավ է, որ ուսանողներն այդ էքսպերիմենտի տակ չընկնեն

Փորձարկման փուլ է, եւ լավ է, որ ուսանողներն այդ էքսպերիմենտի տակ չընկնեն

Հոկտեմբերի 14-ից, առողջապահության նախարարի հրամանի համաձայն, կկիրառվի ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ ներկայացնելու պահանջ։ Հիշեցնենք, որ, ըստ հրամանի, աշխատողը պարտավոր է յուրաքանչյուր 14 օրը մեկ ներկայացնել իր հաշվին կատարված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ (առավելագույնը 72 ժամ վաղեմության)։

Բուհերում, ինչպեսեւ մյուս հաստատություններում, հոկտեմբերի 14-ին ընդառաջ աշխատակցները փորձում են ապահովել պահանջվող սերտիֆիկատներից կա՛մ մեկը, կա՛մ մյուսը։

Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Լիլիթ Արզումանյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ իրենց բուհում նույն վիճակն է, ինչպես ամբողջ հանրապետությունում։ «Համենայնդեպս, սա մի գործընթաց է, որը փորձում ենք իրականացնել»,- ասում է Արզումանյանն ու նշում, որ ունեն նաեւ առողջական խնդիրներով աշխատակիցներ, որոնց հակացուցված է պատվաստումը, բայց «խնդիրն այն է, որ բժիշկները շատ հաճախ թուղթ չեն տալիս, ու չգիտենք, թե ինչու չեն տալիս, ամեն դեպքում՝ իշխանություններն այս հարցը պետք է կարգավորեն, որ հիվանդներին բացառություն արվի, իսկ այդպիսի մարդիկ կան»։

Երեկ արդեն բուհի աշխատակազմը՝ մոտ 100-ից ավելի մարդ, հանձնել էր ՊՇՌ հետազոտության թեստեր․ «Նաեւ կան պատվաստվածներ, սա մի գործընթաց է, որտեղ ես որեւէ մեկին որեւէ ձեւով պարտադրելու բարոյական իրավունք չունեմ, ով ինչ ուզում է, կարող է անել»։
Հետաքրքրվեցինք՝ շա՞տ են այն մարդիկ, ովքեր ո՛չ թեստավորվել են եւ ո՛չ էլ պատվաստվել են ուզում։ «Ոչ, դեռ վերջնական տվյալները չունենք, բայց շատ չեն»։ Ռեկտորը չգիտի, թե ինչ տույժ-տուգանքներ են լինելու, եթե տվյալ հաստատությունում աշխատակիցները պահանջված սերտիֆիկատները չունենան։

Եղե՞լ են աշխատակիցներ, ովքեր ինքնակամ համաձայնել են անցնել հեռավար ուսուցման։ «Շատ քիչ, մի հոգի կա, որ կանցնի հեռավարի, քանի որ մեր բուհը, իր մասնագիտական առանձնահատկություններից ելնելով, այդ հնարավորությունը չի տալիս»։

Ինչ վերաբերում է ուսանողությանը, ռեկտորը նշեց, որ ուսանողների շրջանում եւս կան պատվաստվածներ, թեպետ պետությունը նման պարտադրանք չի դրել նրանց վրա․ «Սա այն բացառիկ հարցն է, որ մեր իշխանությունները, իմ կարծիքով, ճիշտ են վարվում եւ ուսանողներին չեն պարտադրում պատվաստվել, որովհետեւ, այնուամենայնիվ, փորձարկման փուլ է, եւ լավ է, որ ուսանողներն այդ էքսպերիմենտի տակ չընկնեն»։     

Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանն ասում է, որ իրենց բուհում այս ընթացքում անընդհատ պատվաստվել են, եւ անցյալ շաբաթվա դրությամբ աշխատակազմի մոտ 62 տոկոսը պատվաստված էր։ «Ունենք նաեւ բացարձակ հակացուցում ունեցող մարդիկ, հղի կանայք կամ ժամանակավոր հիվանդներ, ովքեր բժշկի տեղեկանք ունեն, եւ նրանց հակացուցված է պատվաստվելը»,- ասում է նա ու հավելում, որ չունեն աշխատակիցներ, որոնք միաժամանակ հրաժարվեն թե՛ պատվաստվելուց, թե՛ թեստ հանձնելուց։

Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորն ասում է, որ կառավարությունից ստացել են գրություն, ըստ որի՝ վարչական իրավախախտումների մասով նախատեսված է համապատասխան հոդված, որ եթե լինեն տեսչական ստուգումներ, ապա թե՛ քաղաքացու նկատմամբ կարող է կիրառվել տուգանք, թե՛ գործատուի՝ տվյալ կազմակերպության․ «Տուգանքների չափերը «Վարչական իրավախախտումների մասին» օրենքով ամրագրված են ու նշված են նվազագույն աշխատավարձի բազմապատիկով, իսկ քաղաքացու նկատմամբ, կարծեմ, տասնապատիկն է՝ 10 հազար դրամի չափով, գործատուի մասով էլ՝ 100 հազարի կարգի»։

Կարինե Հարությունյանն առաջիններից է պատվաստվել՝ դեռ ապրիլին, իսկ ընդհանուր առմամբ՝ վարակման դեպքերը շատ չեն բուհում․ «Հատուկենտ դեպքեր լինում են, եթե խմբում վարակված մարդ է լինում, ապա խումբն անցնում է առցանց ուսուցման, մինչեւ սահմանված ժամկետը՝ 2 շաբաթ»։