ՀՀ իշխանությունները պետք է ականջալուր լինեն ներկայացված գաղափարին

ՀՀ իշխանությունները պետք է ականջալուր լինեն ներկայացված գաղափարին

Աստված, տուր ինձ հանգստություն՝ ընդունելու այն, ինչ ես չեմ կարող փոխել, քաջություն՝ փոխելու այն, ինչ կարող եմ, և իմաստություն՝ իմանալու տարբերությունը:

Ռեյնոլդ Նիբուհր

 

2020թ.-ի պատերազմում կրած պարտությունից հետո ԼՂ֊ի հիմնահարցի կարգավորմանն ուղղված ՀՀ կառավարության գործունեությունը ընդդիմության և փորձագիտական հանրության կողմից շարունակաբար ենթարկվել է քննադատության։ Չնայած վերջինիս արդիականությանը՝ այն որոշակիորեն խոցելի էր համապարփակ հայեցակարգի բացակայության պատճառով։ Այս հանգամանքը չի նպաստել ընդդիմության կողմից ներկայացվող տեսակետների ընկալմանը ո՛չ միայն Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, այլ նաև միջազգային ուժային կենտրոններում։

Այս առումով միանգամայն տարբեր էր Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի կողմից օրերս ներկայացված տեսլականը ԼՂ-ի հիմնախնդրի հնարավոր կարգավորման վերաբերյալ։ Այն աչքի է ընկնում իր իրավական վավերականությամբ, տրամաբանական ներդաշնակությամբ և ավելորդ հուզականության բացակայությամբ։ Չնայած դրա իրագործման համար բազմաթիվ բարդությունների առկայությանը՝ հանրությանը ներկայացված հայեցակարգը պաշտոնական բանագնացների և իրենց համախոհների կողմից պիտակավորելը՛ առավել ևս առանց քննարկման մերժելը, ներկա պայմաններում համարում եմ անթուլատրելի։

Նախկին ԱԳ նախարարի կողմից մշակված գաղափարը արդեն իսկ պաշտպանել են մի շարք նշանավոր քաղաքական և հասարակական գործիչներ Հայաստանում և Սփյուռքում։ Վարդան Օսկանյանի ներկայացրած մոտեցման մասին վարչապետի խոսնակի մեկնաբանությունը բավականին զուսպ էր իշխանական ճամբարի ներկայացուցիչների կարծիքների ֆոնին։ Միգուցե չափից ավելի լավատես եմ, բայց կառավարության կողմից տարածված պաշտոնական հաղորդագրությունը հակված եմ մեկնաբանել որպես այլընտրանքային գաղափարի հեղինակի և իր ընդդիմախոսների միջև քննարկման կազմակերպման հնարավորություն։

ԼՂ֊ի շուրջ ստեղծված օրհասական իրավիճակը թելադրում է պետական այրերին հնարավորինս ձերբազատվել փառասիրությունից և առաջնորդվել ազգային շահերով։ Ուստի կարծում եմ, որ ՀՀ իշխանությունները պետք է ականջալուր լինեն ներկայացված գաղափարին և հեղինակի հետ առնվազն քննարկեն առաջարկության մանրամասները և դրա իրականացման հնարավորությունները, հատկապես, որ գաղափարի որոշ դրույթներ իմ համոզմամբ ենթակա չեն եղել հանրայնացմանը։

Արմեն Մարտիրոսյան

ՀՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր (1990-95թթ.),

ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր (1995-99թթ.)

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար (1999-2003թթ.) ՄԱԿ֊ում

ՀՀ մշտական ներկայացուցիչ (2003-09թթ.),

ԳԴՀ-ում ՀՀ դեսպան (2009-2013թթ.), Հնդկաստանում ՀՀ դեսպան (2015-2021թթ.),

Լիտվայում ՀՀ դեսպան (2021-2022թթ.)։