Shaman-ի և Գազմանովի երգերը՝ դպրոցական ծրագրու՞մ

Shaman-ի և Գազմանովի երգերը՝ դպրոցական ծրագրու՞մ

Ռուսաստանում դպրոցական ծրագրում կարող են ներառվել ռուս հայտնի երգիչներ Shaman-ի (Յարոսլավ Դրոնով), Օլեգ Գազմանովի և Նիկոլայ Ռաստորգուևի երգերը։ Առաջարկն արել է Պետդումայի պատգամավոր Սերգեյ Կոլունովը։ 

Կրթության նախարարությունը պատրաստ է դիտարկել դաշնային կրթական ծրագրի համալրման հնարավորությունը, հայտնում է «Парламентская газета»-ն։

«Ես լսել եմ ժամանակակից հեղինակների երգերը դպրոցներում ներառելու առաջարկներ երեխաներից, հատուկ գործողության մասնակիցների մայրերից ու կանանցից։ Նրանք ինձ խնդրեցին համապատասխան առաջարկով հանդես գալ»,- ասել է Կոլունովը։

Պատգամավորն իր առաջարկն ուղարկել է կրթության նախարար Սերգեյ Կրավցովին։ Կոլունովը նշել է, որ հայրենասիրական երգերը երեխաների մեջ սերմանելու են հայրենիքի հանդեպ սիրո զգացում և հպարտություն։
Կոլունովի դիմումի պաշտոնական պատասխանն արդեն ստացվել է կրթության նախարարությունից։

Գերատեսչությունում նշել են, որ պատրաստ է դիտարկել «Երաժշտություն» առարկայի դաշնային աշխատանքային ծրագիրը ժամանակակից հեղինակների հայրենասիրական երգերով համալրելու հնարավորությունը, ասվում է պատասխանում։

Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Նատալյա Բուդարինան ավելի վաղ հանձնաժողովի նիստում հայտարարել էր, որ ՌԴ նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի վստահված անձանց ցուցակում ընդգրկված է 346 մարդ։ Նրանց թվում էին Shaman-ը, երգչուհի Լարիսա Դոլինան, դերասան Սերգեյ Բեզրուկովը և այլք։