Հեշտը ոչ թե գլխացավանքը վերացնելն է, այլ դրա ի հայտ գալը թույլ չտալը

Հեշտը ոչ թե գլխացավանքը վերացնելն է, այլ դրա ի հայտ գալը թույլ չտալը

Թուրքիայի նախկին վարչապետի կողմից Բաքվում արված հայտարարությունը՝ 21-րդ դարը Թուրքիայի դար դարձնելու եւ Սյունիքում միջանցք ունենալու մասին, վկայում է հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերություններից թուրքական աշխարհի ունեցած սպասելիքների անիրատեսության մասին: Անիրատեսություն, որի հիմքում թուրքական աշխարհի ունեցած տնտեսական եւ ռազմաքաղաքական իրական կարողությունների գերագնահատումն է ընկած:
Եվ որքան էլ Փաշինյան Նիկոլի վարչախումբը Հայաստանը թուրք-ադրբեջանական ազդեցության ծիրում պահելու համար փորձի փոքրացնել այն հնարավորությունների թիվն ու դերը, որոնք կբացվեն Հայաստանի համար, եթե նա գնա թուրքական պատկերացումներից տարբերվող «տարածաշրջանային խաղաղության» պատկերացումներին առավելություն տալու ճանապարհով, միեւնույն է, վաղ թե ուշ, անպայման կգա այն օրը, երբ մեր երկիրն ու պետությունը կհասկանան, որ միայն Հայաստանը «տարածաշրջանային խաղաղության թուրքական պատկերացումներով» ղեկավարվող Հայաստան դարձնելով, հնարավոր չի լինի հասնել նրան, որ թուրքական աշխարհը եւս հրաժարվի իր պանթուրանական ծրագրերից ու այդ ծրագրերի շրջանակներում Հայաստանից ու հայ ժողովրդից ունեցած իր պահանջներից: Այս առումով առավելագույնը, ինչին կարող է հասնել «նիկոլյան պարտվողականությամբ» ղեկավարվող Հայաստանը, դա ոչ թե «միանգամից հանձնված», այլ «մի քիչ, մի քիչ» հանձնվող Հայաստան դառնալն է:

Այս երկիրն ու այս պետությունը, իվերջո, պետք է հասկանան, որ, ի տարբերություն մեզ, որ ժամանակին արցախյան պատերազմի աշխարհաքաղաքական նշանակությունը շփոթեցինք Լաչինի միջանցքի լայնության հետ, թուրք-ադրբեջանական տանդեմը լավ է հասկանում, թե ինչ է Սյունիքն ու նրա աշխարհաքաղաքական նշանակությունը:
Նրանք գիտեն եւ հասկանում են, որ Սյունիքում Հայաստանից պատերազմով արտատարածքային միջանցք խլելու իրենց ցանկացած նախաձեռնություն նաեւ համատարածաշրջանային խաղաղությանը նետված մարտահրավեր կլինի: Եվ, անկախ Թուրքիայից եւ Ադրբեջանից հնչող հոխորտանքներին, նրանք լավ են գիտակցում, որ Սյունիքի արտատարածքային միջանցքի հարցն իրենց համար միայն հայ-ադրբեջանական պատերազմով լուծվող հարց չի դառնա: Չի դառնա, որովհետեւ այստեղ՝ Սյունիքում, այնքան ու այնպիսի շահեր են խաչվում, որ ցանկացած լավ չհաշվարկված նախաձեռնություն իրենց կարող է մի այնպիսի լայնածավալ պատերազմի մեջ ներքաշել, որի սպասարկումը՝ երկրաշարժից արդեն իսկ թուլացած, բազմաթիվ հակամարտություններում իր արկածախնդիր ներգրավվածությամբ աչքի ընկնող, ինչպես նաեւ Հայաստանի, Հունաստանի եւ այլ երկրների հետ փաստացի սպառազինությունների մրցավազքի մեջ գտնվող թուրք-ադրբեջանական տնտեսության համար կարող է կործանարար լինել:

Անշուշտ, ասվածից ամենեւին էլ չի հետեւում, որ Թուրքիայից կամ Ադրբեջանից այլեւս ռազմատենչ հայտարարություններ կամ հայ-ադրբեջանական շփման գծում սրացումներ չեն լինելու: Դրանք եղել են երեկ, լինելու են այսօր եւ կլինեն նաեւ վաղը: Խնդիրը դրանց բովանդակությունը հասկանալու եւ դրանց ճիշտ արձագանքելու մեր կարողությանն է վերաբվերում: Մենք՝ որպես անկախ պետություն, ի վերջո, պետք է կարողանանք ելնել այն փաստից, որ այսօր այս տարածաշրջանում, ոչ թե ուրիշ տեղ, այլ հենց Սյունիքում են հանգամանքներն այնպես դասավորվել, որ շահագրգիռ բոլոր կողմերի համար էլ կոմունիկացիոն ուղիների բացման միակ ընդունելի տարբերակը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եւ նրա իրավասությունների շրջանակներում դրանք բացելու տարբերակն է մնացել:

Այդ տարբերակն է մնացել, որովհետեւ, բացի այդ տարբերակից,  բոլոր տարբերակներն ավելի շատ Արեւմուտք-Ռուսաստան երկրորդ ճակատ բացելու, քան այլ բանի մասին կլինեն, որովհետեւ, բացի այդ տարբերակից, մյուս բոլոր տարբերակները ոչ թե հաղորդակցության ուղիների բացմանն ու առեւտրին, այլ 700 միլիոնանոց թուրքական աշխարհի միավորմանը վերաբերող տարբերակներ կլինեն: Իսկ քանի որ ե՛ւ Արեւմուտքում, ե՛ւ Ռուսաստանում լավ են գիտակցում երկրորդ ճակատ ունենալու աննպատակահարմարությունը, առավել եւս, քանի որ բոլորն են հասկանում, որ 700 միլիոնանոց թուրքական աշխարհը ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ իրենց գլխացավանքն է լինելու, ուրեմն կհասկանան նաեւ, որ հեշտն ու քիչ ծախսատարը ոչ թե երկրորդ ճակատ ունենալն ու հետո այն վերացնելու համար «հերոսաբար» պայքարելն է կամ ոչ թե թուրքական գլխացավանքը թույլ տալն է, հետո դրա դեմ «պատժամիջոցներ կիրառելով» կռվելը, այլ ուղղակի դրանց ի հայտ գալը թույլ չտալը:

Գալուստ ՍԱՐԳՍՅԱՆ