Ոստիկաններ եւ ընդդիմություն՝ ահա ազգակործանի հենարանները

Ոստիկաններ եւ ընդդիմություն՝ ահա ազգակործանի հենարանները

Մենք կարծում էինք, թե հրեշները միայն հեքիաթներում են լինում։ Հետո շատ ուշ հասկացանք, որ լինում են նաեւ իրական կյանքում ու ոչ պակաս չար, դաժան, արնախում, քան հեքիաթների հրեշները։ Հեքիաթներից գիտենք, որ մարդակեր վիշապին հաղթելու համար հերոսը նախ պարզում է վերջինիս ուժի աղբյուրը։ Թե ինչից է հրեշը ուժ ու էներգիա ստանում` մարդկանց հոշոտելու համար։ Ու հեքիաթի հերոսը նախ չեզոքացնում է վիշապին սնուցող աղբյուրը, ապա նոր միայն կարողանում մենամարտել նրա հետ ու հաղթել։ Իրական հրեշների պարագայում էլ նույնն է։ Նրանք ունեն պաշտպան ու հենարան, որոնց օգնությամբ կարողանում են ամուր պահել սեփական իշխանությունն ու շարունակել նորանոր ավերածություններ սփռել, ավելի ու ավելի շատ մարդկանց զոհաբերել ու բավարարել իրենց անսպառ ախորժակը։ Մեր սեփական, ազգային հրեշներին սովորաբար մեր ժողովուրդն է ծնում, սնում, սիրով կերակրում, մեծացնում, դնում գլխին, այսինքն` դարձնում իշխանություն, ոտքերի տակ գառ մորթում, ասում` ցավդ տանեմ, մենք քո ոտքի տակի հողն ենք, դու` մեր կուռքը, բարեհաճիր հոշոտել մեզ...

Մեր այս վերջին հրեշն արդեն 5 հազարից ավելի ջահել-ջիվան երիտասարդների արյուն է խմել, ավերել այն ամենը, որ իրենից առաջ եղածները չեն հասցրել կամ չեն կարողացել ավերել։ Երկրի մի մասը նվիրել է թշնամուն, հարյուր հազարավոր մարդկանց անտուն ու գաղթական դարձրել եւ, իր կատարած հրեշություններից ոգեւորված, շարունակում է նորանոր ավերածություններ սփռել։ Իսկ ովքե՞ր են մեր այս հրեշի հենարանը, պաշտպանները, հավատարիմ ծառաները, որոնք օգնում են, որպեսզի սա կարողանա ավելի ու ավելի ընդլայնել իր չարագործությունների սահմանները։ Առաջին ու գլխավոր պաշտպանը հայ ոստիկաններն են։ Սրանք այն, այսպես ասած, խավն են, որ բոլոր ժամանակներում եղել եւ մնում են իշխանության գլխավոր պահապանն ու պաշտպանը։ Գաղտնիք չէ, որ մի փոր հացով, մի քանի հազար դրամ ավել ստանալու ակնկալությամբ սրանք հաճույքով ծեծում-ջարդում են բոլոր նրանց, ովքեր դուրս են գալիս իրենց խնամակալ հրեշի դեմ։ Թքած ունեն, որ երկրի կործանումը նաեւ իրենց կործանումն է դառնալու, որ վաղը «ուղտը չոքելու է նաեւ իրենց դռանը», որ իրենց ընտանիքի, իրենց երեխաների կյանքն է դրվելու զոհասեղանին... Բայց չէ, սրանք նման են այն շախմատիստին, որ գիտե միայն իր կատարած քայլը, իսկ թե դրան ինչպես կպատասխանեն, հետո ինչ է լինելու, դա մազաչափ չի հետաքրքրում հայ ոստիկանների գերակշիռ մասին։

Նրանք ապրում են միայն այսօրով։ Առջեւը դրված կերակուրը համեղ է, ու վերջ։ Մեզանում հանրահավաքներում վանկարկում են` ոստիկանը մերն է։ Դե, իհարկե, մերն է։ Չէ՞ որ սրանց եւս հայ մայրերն են ծնել, կերակրել ու մեծացրել...

Շարունակենք․ որն է մեր հրեշի մյուս հենարանն ու աննկուն պաշտպանը։ Երկրորդ կարկառուն, բայց քողարկված հենարանը հայ ընդդիմությունն է, որը հանդես է գալիս տարբեր անվանումներով` խորհրդարանական ընդդիմություն, արտախորհրդարանական ընդդիմություն, իսկական ընդդիմություն, արմատական ընդդիմություն եւ այլն։ Մասնակցելով հրեշի կազմակերպած ընտրաշոուին, հենց սրանք լեգիտիմացրին, օրինականացրին ազգային վիշապին։

Բայց դա դեռեւս քիչ էր. պետք էր օրինական, այսպես կոչված, ժողովրդավարական շունչ հաղորդել հրեշի տիրապետությանն ու ամեն ինչ անել, որպեսզի նա հնարավորինս երկար գոյատեւի։ Ու խորհրդարանական բնականոն կյանքի իդիլիա ստեղծելու համար սրանք, մանդատներն առած, նստոտել են մեծ ավերիչի ստեղծած խորհրդարանում, դատարկ-մատարկ հարցեր են տալիս գերագույն ջարդարարին, նրա նազիր-վեզիրների վրա պլաստիկե շիշ շպրտում, կատարածից գոհ ու երջանիկ վերադառնում տուն, որպեսզի մյուս օրը նույնը շարունակեն։

Հետո ի՞նչ, որ իրենց ընտրողները հեղեղում են սոցիալական ցանցերը, մամուլը եւ պահանջում մանդատները ցած դնել ու հեռանալ։ Հետո ի՞նչ, որ արդեն կոշտ ու հայհոյանքով են ասում, զայրացած պահանջում են․ «Վայր դրեք մանդատներն ու հեռացեք՝ գուցե արդյունքում քաղաքական ճգնաժամ առաջանա, իշխանափոխություն լինի»։ Վերջիններս թքած ունեն, թե իրենց ընտրողներն ինչ են ասում կամ ինչ են պահանջում։ Խուլ են ձեւանում, չլսելու են տալիս, ժողովրդի ասած` «իրենց էշի տեղ են դնում»` ո՛չ տեսել ենք, ո՛չ լսել։ Չեն ուզում հրաժարվել տաքուկ սենյակներից, բարձր աշխատավարձից, գործուղումներից ու պարգեւավճարներից։ Իսկ երկիրը շարունակում է գահավիժել անդունդ, նոր ցեղասպանության ուրվականն է երկրի գլխին դամոկլյան սրի պես կախված։ Ու, ցավոք, ստացվում է, որ միայն մեր հեքիաթներում են հերոսներ հայտնվում ու վերջ տալիս հրեշին։ Հայոց իրական կյանքում հրեշներն անմահ են, որովհետեւ ո՛չ նրանց հախից եկող հերոսը կա, ո՛չ էլ ինքնապաշտպանական տարրական բնազդ ունեցող ժողովուրդը։

Գարեգին Վարդանյան