Հայաստանի եվրոպական հեռանկարը․ կգնա՞ Հայաստանն Ուկրաինայի ճանապարհով

Հայաստանի եվրոպական հեռանկարը․ կգնա՞ Հայաստանն Ուկրաինայի ճանապարհով

Հայաստան է ժամանում պատերազմների հրահրման եւ խրախուսման մեծ մասնագետ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, եւ դա վատ նշան է Հայաստանի համար: Հիշում եք, չէ՞, թե ինչպես սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմը: Արեւմուտքն Ուկրաինային ոգեշնչում էր՝ միանալ ՆԱՏՕ-ին, եւ Ուկրաինայի իշխանությունները, ոգեւորված այդ հրավերից, հայտարարում էին, որ Ուկրաինայի անվտանգ եւ բարեկեցիկ ապագան ՆԱՏՕ-ի եւ ԵՄ կազմում է: Ռուսաստանը դեմ էր Ուկրաինայի հաշվին ՆԱՏՕ-ի ընդլայնմանը՝ մտահոգված լինելով իր անվտանգությամբ: Ռուսաստանն Ուկրաինային եւ Արեւմուտքին առաջարկում էր գրավոր երաշխիք տրամադրել, որ Ուկրաինան չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ եւ կմնա չեզոք երկիր: Ի պատասխան՝ Յենս Ստոլտենբերգն ասում էր, որ յուրաքանչյուր երկրի իրավունքն է՝ անդամակցել ՆԱՏՕ-ին, եւ անդամակցության հարցը լուծելը տվյալ երկրի եւ ՆԱՏՕ-ի սուվերեն իրավունքն է՝ որոշել․ միանա՞լ այդ դաշինքին, թե՞ ոչ, իսկ երրորդ կողմն իրավունք չունի դրա վրա ազդեցություն ունենալ: Ռուսաստանը, ըստ էության, պատերազմ սկսեց Ուկրաինայի դեմ՝ այն հիմնավորմամբ, որ թույլ չտա Ուկրաինային միանալ ՆԱՏՕ-ին, թույլ չտա, որ ՆԱՏՕ-ի հրթիռները հայտնվեն իր մայրաքաղաքից, մեծ քաղաքներից կրիտիկական վտանգավոր հեռավորության վրա: Եվ ի՞նչ, անցած երկու տարիների ընթացքում ՆԱՏՕ-ն ընդունե՞ց Ուկրաինային իր կազմի մեջ եւ իր ամբողջ ուժով կանգնե՞ց Ուկրաինայի կողքին։ Իհարկե՝ ոչ: ՆԱՏՕ-ն զինում եւ ֆինանսավորում է ուկրաինական պատերազմը, բայց այն չափով, որ վտանգի չենթարկի իր անդամ երկրներին՝ ամեն անգամ ընդգծելով, որ ՆԱՏՕ-ն անմիջականորեն չի ներգրավվելու Ռուսաստանի դեմ պատերազմում:

Հայաստանը պաշտոնապես ՀԱՊԿ անդամ է, չնայած Փաշինյանն ասում է, որ անդամակցությունն այդ կազմակերպությանը սառեցվել է: Վերջին անգամ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը Հայաստան էր եկել անցած տարվա դեկտեմբերի 21-ին: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին Հայաստանում ընդունեց միայն ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Փաշինյանը, որ նախկինում ընդունում էր ՀԱՊԿ քարտուղարներին, հարկ չհամարեց հանդիպել նրա հետ՝ դրանով ընդգծելով իր բացասական վերաբերմունքը ՀԱՊԿ-ի նկատմամբ: Թասմագամբետովին չընդունեց անգամ Հայաստանի պաշտպանության նախարարը: Սա վիրավորանք է դաշնակից կառույցի բարձրաստիճան պաշտոնյայի նկատմամբ: Բայց Ռուսաստանի համար ավելի մեծ վիրավորանք է, որ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը ոչ միայն հանդիպելու է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ, այլեւ նրա հետ համատեղ ասուլիս է տալու: 

Ստոլտենբերգը տարածաշրջան է եկել իբրեւ թե խաղաղության ուղերձներով, իբրեւ թե հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման նախաձեռնությունն առաջ տանելու համար: Բայց ՆԱՏՕ-ին մեր տարածաշրջանում ոչ թե խաղաղություն, այլ պատերազմ է պետք, պատերազմ է պետք ՆԱՏՕ-ի անդամ երկրներին, որոնք ներկայանում են իբրեւ Հայաստանի բարեկամ եւ Հայաստանի համար ցավող երկրներ, բայց Հայաստանի ճակատագիրը նրանց ամենեւին էլ չի հետաքրքրում: Եթե Հայաստանը կործանվի, նրանք ընդամենը ափսոսանք կհայտնեն՝ համարելով, որ Հայաստանը զոհվեց համաեվրոպական արժեքների եւ նպատակների համար:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, ՆԱՏՕ-ի անդամ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ ԵՄ անդամ երկրների այլ բազմաթիվ ղեկավարներ ասում են, որ իրենք պատերազմում են Ռուսաստանի դեմ: Պատերազմում են միջնորդավորված, ուկրաինացի ժողովրդի արյան եւ տառապանքների միջոցով: Հիմա ուկրաինական ռազմաճակատում իրավիճակը բարդացել է, ուկրաինական բանակը նահանջում է՝ կորցնելով տարածքներ, չունենալով բավարար զենք եւ մարդկային ռեսուրս՝ իր տարածքը Ռուսաստանից ազատագրելու համար: Հիմա եթե դուք լինեիք եվրոպացի առաջնորդների փոխարեն, ի՞նչ կանեիք: Իհարկե, կփորձեիք ջլատել Ռուսաստանին, նրա համար առաջացնել նոր խնդիրներ, հակամարտության եւ պատերազմի նոր գոտիներ ստեղծել, ներքաշել Ռուսաստանին նոր պատերազմի մեջ: Իսկ որտե՞ղ է դա հնարավոր անել, եթե ոչ Հայաստանում: Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, թեկուզեւ թղթի վրա, Հայաստանում կան ռուս սահմանապահներ, ռազմաբազա, եթե Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հրահրմամբ հարձակվի Հայաստանի վրա եւ տարածքներ գրավի Հայաստանից, Ռուսաստանը կարող է եւ միջամտել: Տեսականորեն պարտավոր է, քանի որ ունի պայմանագրային պարտավորություններ: Չնայած կարող է եւ չմիջամտել: Երկու դեպքում էլ ՆԱՏՕ-ն չի տուժում, այլ միայն օգտվում է, իսկ Հայաստանը երկու դեպքում էլ կորցնում է, քանի որ դառնում է պատերազմի գոտի՝ անխուսափելի ավերածություններով եւ զոհերով:

Մի պահ պատկերացնենք, որ Ադրբեջանը հերթական անգամ հարձակվում է Հայաստանի վրա եւ գրավում է Սյունիքի մարզը կամ դրա մի մասը, եւ Ռուսաստանը չի միջամտում՝ ընդունելով դիտորդի դեր, իրեն ապահովագրելով նոր պատերազմի մեջ մտնելու ռիսկերից:  Թուրքիան ցամաքային հասանելիություն է ստանում Ադրբեջանի հետ, Հայաստանը կորցնում է ցամաքային սահմանը բարեկամ Իրանի հետ, բայց Հայաստանի հետ այդ սահմանը կորցնում է նաեւ Ռուսաստանը, որովհետեւ Ռուսաստանը Հայաստանի տարածքն օգտագործում է Իրանի հետ առեւտրի եւ հաղորդակցության համար: Թուրքիան եւ Ադրբեջանը, միանալով իրար, իրական սպառնալիք են դառնում Իրանի համար, որը եւս ՆԱՏՕ-ի թշնամի երկրների ցանկում է: Երբ Ալիեւն ասում է, թե Զանգեզուրի միջանցքին այլընտրանք կա, եւ դա Իրանի տարածքով անցնող ճանապարհն է, նա կեղծում է, որովհետեւ Իրանով անցնող ճանապարհը Թուրքիան, Ադրբեջանը կամ Արեւմուտքը չեն կարող օգտագործել Իրանի դեմ պատերազմում: Նույնիսկ Վրաստանով անցնող ճանապարհը եւ երկաթուղին, որոնք կապում են Թուրքիան եւ Ադրբեջանը, չեն կարող փոխարինել իրենց ուզած Զանգեզուրի միջանցքին, քանի որ դրանք հեռու են ադրբեջանաիրանական սահմանից, իսկ Արեւմուտքին պետք է, որ Ադրբեջան-Իրան բախման պարագայում ապահոված լինի Թուրքիայից զենքի եւ զորքի փոխադրումը դեպի մարտական գործողությունների վայր ամենակարճ եւ հարմար ճանապարհով: 

Դե իսկ եթե Ռուսաստանը միջամտում է, ապա ստիպված է լինելու հակամարտության մեջ մտնել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ: Ադրբեջանի եւ Թուրքիայի ռազմաքաղաքական դաշինքը, այսպես կոչված, Շուշիի հռչակագիրը, հո Հայաստանի դեմ չի՞  ուղղված, որ Ադրբեջանի վրա Հայաստանի հարձակման դեպքում Թուրքիան օգնության հասնի Ադրբեջանին: Այն առաջին հերթին ուղղված է Ռուսաստանի դեմ, նաեւ՝ Իրանի: Ռուսաստանը Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացումից եւ այդ երկրի դեմ հակամարտության մեջ մտնելուց է ամեն անգամ վախենում, երբ Հարավային Կովկասում կամ Սիրիայում ստիպված է լինում զիջել Թուրքիային:

Այնպես որ, Եվրոպայի եւ հավաքական Արեւմուտքի համար հայ-ադրբեջանական պատերազմը գտնված տարբերակ է, Հայաստանի երաշխավորված պարտությամբ: Հայաստանի գրավված տարածքների բնակիչներին եվրոպացիները սիրահոժար փախստականի կարգավիճակ կտան, իսկ Հայաստանի մյուս հատվածին կասեն, որ պետք չէ շատ դարդ անել, փոխարենը կստանաք ԵՄ թեկնածուի կարգավիճակ եւ անվտանգության եվրոպական երաշխիքներ, եթե, իհարկե, այս ամենի արդյունքում Հայաստան մնա:

Ավետիս Բաբաջանյան