Փող, հող, դիվանագիտություն եւ ծայրահեղություններ

Փող, հող, դիվանագիտություն եւ ծայրահեղություններ

Մենք ապրում ենք բարդ ու լարված ժամանակներում։ Դրան ավելացավ Ռուսաստան-Ուկրաինա դաժան պատերազմն իր բոլոր ծանր հետեւանքներով` ռմբակոծություններ, սպանություններ, սանկցիաներ, արտագաղթ։ Ռուսաստանի նախագահի համար այս պատերազմը կավարտվի, երբ կլուծվի ոչ միայն Դոնեցկի եւ Լուգանսկի հանրապետությունների անկախության հարցը, այլեւ վերջ կտա ուկրաինական ազգայնական դրսեւորումներին, Արեւմտյան Եվրոպային, հատկապես ՆԱՏՕ-ին մերձենալու ձգտումներին։ Արեւմուտքն էլ դրան պատասխանում է Ուկրաինային ցույց տրվող բազմակողմանի օգնությամբ, Ռուսաստանի նկատմամբ ֆինանսատնտեսական լայնամասշտաբ պատժամիջոցներով։ Այնպես որ, ռազմական բախումը կարծես վերածվում է համակողմանի գլոբալ ճգնաժամի։ Այս ամենից առավելապես տուժում են հասարակ մարդիկ, որոնց համար միակ ելքը գաղթն է. միլիոնավոր ուկրաինացիներ արդեն տեղափոխվել են Լեհաստան, Սլովակիա, Մոլդովա, Ռուսաստանից հեռացել են մտավորականներ, գործարարներ։ Նրանց կարելի է հասկանալ` անվտանգության խնդիրները բազում են։

Այս օրերին անսովոր քանակի ռուսների կարելի է հանդիպել նաեւ Երեւանի փողոցներում։ Այս ամենն ինձ ակամա հիշեցրեց երկրորդ աշխարհամարտը, երբ մեզ` Բաթումիի թիվ 3 հայկական միջնակարգ դպրոցի աշակերտներիս, չորս անգամ մի կրթօջախից մյուսը տեղափոխեցին, որպեսզի նավերով, այդ թվում եւ «Արմենիայով» ժամանած ուկրաինացի եւ բելառուս փախստականներին ապահովեն կացարանով։

Դժվար չէ պատկերացնել, թե որքան անասելի ծանր է գերդաստաններով հարկադրված գաղթը։ Սակայն այս թեմաներով նաեւ կատակում են․ «Covid-19-ը, զայրացած դժնդակ պատերազմից եւ հետեւելով Եվրոպայի կողմից կազմակերպված պատժամիջոցների օրինակին, իր բացիլներին կարգադրել է անհապաղ լքել Ռուսաստանի տարածքը»: Իսկ սարսափելի պատերազմը, այո, միլիոնավոր մարդկանց է ստիպել փրկություն գտնել այլ երկրներում։ Բայց կա մի իրոք հեքիաթային երկիր, ավելի ճիշտ` կղզի, իր 330 հազար հյուրասեր բնակիչներով, որոնց, չգիտես ինչու, անտեսում են փախստականները։ Այն դեպքում, երբ սույն երկիրը` Իսլանդիան, պարզվում է, աշխարհի ավելի քան 200 այլ երկրներից տարբերվում է նրանով, որ այստեղ պատկերացում չունեն, թե ինչու եւ ինչպես են ծագում պատերազմները, այստեղ գոնե մեկ զինվորականի չես հանդիպի։

Ամենակարեւորը` Իսլանդիան միակ երկիրն է աշխարհում, որտեղ բուժսպասարկումն ու կրթությունն անվճար են։ Ավելին, տնից դուրս գալիս տեղացիները բանալիով չեն կողպում իրենց բնակարանի դուռը, իսկ վարորդներն էլ խանութ կամ սրճարան գնալիս ավտոմեքենայի բանալին հետները չեն տանում։ Մի խոսքով, իսկապես երազանքների երկիր։ Այստեղ, իհարկե, հարգում են բարձրագույն կրթություն ստացած մարդուն, սակայն առաջնայինը բարձրագույն դաստիարակությունն է համարվում։ Պատահական չէ, որ ազգային գլխավոր ամբիոնից գեթ մեկը չի զայրացել ու մատ թափ չի տվել դիմացինի վրա…

Բայց ամեն տեղ չէ, որ այսպիսի իդեալական վիճակ է։ Ֆինանսներն աշխարհում ավելի ու ավելի մեծ դերակատարում են ստանում։ Սիբիրյան քաղաքներից մեկի խանութի երբեմնի սովորական գործակատար Ռոման Աբրամովիչին բացառիկ հաշվենկատությունը բերեց հասցրեց միլիոնատերերի շարքը։ Մոտ 20 տարի առաջ էլ նա այնքան հարստացավ, որ դարձավ անգլիական ֆուտբոլի առաջատար «Չելսի» ակումբի տերը՝ դրա համար վճարելով 140 միլիոն ֆունտ ստերլինգ։ Արդարությունը պահանջում է արձանագրել, որ նրա ղեկավարությամբ «Չելսին» 5 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, երկուական անգամ եղել է Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի առաջնության հաղթող, 5 անգամ` Անգլիայի գավաթակիր, իսկ տառացիորեն վերջերս արժանացավ աշխարհի ուժեղագույն ակումբի տիտղոսին։ Այսօր Աբրամովիչը հայտարարություն է տարածել «Չելսին» վաճառելու մասին, գինը` 4 միլիարդ ֆունտ ստերլինգ։ Դժվար է ասել, թե որն է պատճառը։ Ի՞նչ իմանաս, գուցե պատերազմում կիրառվող եվրոպական սանկցիաների զոհ չդառնալու վտա՞նգն է նրան հարկադրել դիմելու նման քայլի։ Իսկ «Չելսիի» նոր տեր դառնալ ցանկացողների թիվը փոքր չէ` մարզական սպորտաձեւերի հանրահայտ վարպետ Բ. Մակգրեգորից մինչեւ արաբական մեծահարուստներ…

 «Փողի քսակի» հետ կապված ահա եւս մեկ պատմություն։ Մի հայտնի միլիոնատեր պատահաբար կորցնում է դրամապանակը։ Եվ ահա նրա տանն անսպասելի հնչում է հեռախոսի զանգը։ Մի երիտասարդ հարցնում է․ «Դու՞ք եք կորցրել դրամապանակը։ Դրա մեջ գտա Ձեր հեռախոսահամարը եւ զանգահարեցի։ Կարող եք գալ այսինչ հասցեով եւ ստանալ այն»: Րոպեների ընթացքում միլիոնատերը տեղ է հասնում, ստանում կորցրածը, ստուգում եւ համոզվելով, որ մինչեւ վերջին ցենտը տեղում է, զարմանում է։ Այդ ժամանակ նրան է դիմում երիտասարդը.
- Շատ կներեք, կարո՞ղ եք ինձ պարտքով մեկ դոլար տալ…
- Ի՞նչ պարտքով տալու մասին է խոսքը, այն էլ ընդամենը մեկ դոլար,- զարմանում է հարուստը։
- Գիտեք, Ձեզ զանգահարելու համար ես փող չունեի եւ ստիպված պարտքով մեկ դոլար եմ վերցրել մեր հարեւան խանութպանից։ Իսկ պարտքը հարկավոր է վերադարձնել…
Լսելով դա՝ միլիոնատերը հուզվում է եւ մեկ դոլարին գումարած զրոներով գումար է նվիրում՝ ի նշան շնորհակալության ու հարգանքի…

Վերադառնալով պատերազմի թեմային․ 1943 թվականին Թեհրանում կայացած Ստալին-Ռուզվելտ-Չերչիլ հայտնի հանդիպումից երկու տարի անց, երբ երկրորդ աշխարհամարտի հաղթական ավարտին մնացել էր երեք ամիս, առաջնորդների եռյակը վերստին հանդիպում է, այս անգամ` Ղրիմում, ավելի ճիշտ` Յալթայում, որպեսզի քննարկեն եվրոպական երկրների սահմանների վերանայման հարցը։ Մթնոլորտն արտասովոր էր։ Կողմերն իրենց թույլ են տալիս շեղվել թեմայից։ Արտասահմանցի հյուրերն ուղղակի հիացած են լինում Ղրիմի հրաշք բնությամբ, եւ երեւի սա էր պատճառը, որ նրանք անսպասելի առաջարկ են անում Ստալինին` իրենց հանձնել Ղրիմը, փոխարենը հավասար տարածք ստանալ Գերմանիայում։ Ստալինը, հարազատ մնալով իրեն, վեր է բարձրացնում ձախ ձեռքի երեք մատները` բթամատը, ցուցամատը ու միջնամատը, ու դիմում նրանց.
- Եթե դուք գուշակեք այս դիրքի միջնամատը, խոստանում եմ ձեզ հանձնել Ղրիմը։
Չերչիլն անմիջապես գործի է անցնում.
- Իհարկե` ցուցամատը,- լինում է պատասխանը։
- Դու սխալվում ես,- ասում է սովետների երկրի առաջնորդը ու հայացքն ուղղում Ռուզվելտի կողմը։
Ամերիկացուն էլ թվում է, թե Ստալինը խորամանկում է` նա նկատի ունի ձեռքի բոլոր հինգ մատները, ուստի վստահ արձագանքում է.
- Հենց նույն միջնամատը։
- Нээт, - մեղմ ժպտալով՝ պատասխանում է Ստալինը, ապա երկու մատների արանքով անցկացնելով բթամատը՝ անակնկալի եկած զրուցակիցներին ցույց է տալիս երեք մատի կոմբինացիան։

ՀԳ. Օրերս հայտնի դարձավ, որ Մեծ Բրիտանիան սառեցրել է Ռ. Աբրամովիչի բանկային հաշիվները։

Միսակ Նազարյան