Եթե մեզ հետ գան համաձայնության, Վանաձորում կարելի է ավագանու նիստեր անել

Եթե մեզ հետ գան համաձայնության, Վանաձորում կարելի է ավագանու նիստեր անել

Տեւական ժամանակ է՝ իշխանությունների համառ ջանքերով Վանաձորը ղեկավար չունի, համայնքային բազմաթիվ խնդիրներ մնում են չլուծված։ Դեկտեմբերի 5-ի ընտրությունների ժամանակ ՔՊ-ն փաստացի պարտվել էր եւ պարտությունը չմարսելով, հաղթող ուժի՝ «Մամիկոն Ասլանյան դաշինքի» առաջնորդ Մամիկոն Ասլանյանին պատանդ էր վերցրել, որպեսզի չընտրվի համայնքապետ։ Իսկ ՔՊ-ի աջակից ԼՀԿ-ի միջոցով էլ դատական կարգով արգելանք դրեցին ավագանու նիստերի վրա՝ մինչեւ հունիսի 20-ը։ Վերջին օրերին տեղեկություններ են շրջանառվում, որ իշխանությունները բանակցում են Վանաձորում հայտնի Ակայի՝ փոխքաղաքապետ Արկադի Փելեշյանի հետ, որ նրան համայնքի ղեկավարի ԺՊ նշանակեն։

Վերջինս ավագանու ընտրություններին գլխավորում էր Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության ցուցակը եւ ստացել էր 5 մանդատ: Փելեշյանը հայտնի է նրանով, որ պարբերաբար հայտնվում է տարբեր սկանդալներում եւ 2008 թվականին դատապարտվել է խուլիգանության համար (ըստ դատավճռի՝ ալկոհոլ օգտագործած վիճակում ընկերների հետ գնացել է Վանաձորի խանութներից մեկը, վիճել աշխատողների հետ, հայհոյել եւ ջարդել խանութում եղած ապրանքները), դրանից մի քանի տարի առաջ էլ ծեծել էր տեղի Ավետարանական եկեղեցու հոգեւոր առաջնորդին եւ այլն։ Եվ քանի որ Ակային կուսակցությունը հորդորել է չխոսել, եւ նա չի պատասխանում զանգերին, զրուցեցինք ՀԱՍԿ-ի նախագահ Մովսես Շահվերդյանի հետ։

- Ճի՞շտ է, որ Ձեր թեկնածուին պատրաստվում են Վանաձորի համայնքապետի ԺՊ նշանակել։

- Ես չգիտեմ՝ ինչու են նման տեղեկություններ տարածում, դրանք զուտ պատի տակի խոսակցություններ են․․․ Եթե նման բան լիներ, կուսակցությունում ընդունված կարգ կա, կուսակցության ղեկավարը գոնե պիտի տեղյակ լիներ ինչ-որ ձեւով։

- Հիմա եթե Արկադի Փելեշյանը որոշեց, Դուք ի՞նչ եք անելու։

- Ուրեմն ասեմ, որ Արկադի Փելեշյանը շատ կարգին մարդ է, մենք անընդհատ կապի մեջ ենք իրար հետ՝ հեռախոսային, ես նաեւ հաճախ եմ լինում Վանաձորում եւ կարող եմ ասել, որ առանց քննարկման, համաձայնություն ո՛չ Փելեշյանը, ո՛չ էլ մեր խմբակցության մյուս անդամները չեն կայացնի։ Բոլոր դեպքերում, քաղաքական որոշումը կուսակցության ղեկավարությունն է կայացնելու։

- Տեսականորեն բացառո՞ւմ եք, որ Ձեր թեկնածուն կարող է նշանակվել ԺՊ։

- Որպեսզի տեսականում չբացառենք, պետք է գործնականում քննարկում լինի, բայց նման քննարկում չի եղել։

- Իսկ գուցե տեսականում նախ պետք է չբացառեք, որ հասկանալի լինի՝ գործնականում կարո՞ղ է նման քննարկում լինել, թե՞ ոչ։

- Գիտեք՝ մեր կուսակցությունը գաղափարական, ծրագրային կուսակցություն է․ մենք ընտրություններին մասնակցել ենք կոնկրետ գաղափարներով, ծրագրերով, եւ այնպես չէ, որ մի հատ աթոռ տվեցին, պաշտոն տվեցին, մենք էլ պիտի վազելով գնանք նստենք։ Դա բավականին լուրջ հարց է, բացի այդ, ես չեմ էլ պատկերացնում, թե ԺՊ-ի հարցն իրավաբանորեն ոնց են ձեւակերպելու։ Նաեւ չեմ պատկերացնում, թե Վանաձորի ավագանու հետ կապված դատական այս գործընթացն ինչի համար են սկսել, եւ ինչ նպատակ է հետապնդում։ Ասենք, դատարանն իրավասո՞ւ է նոր ընտրություններ նշանակել կամ ընտրությունները չեղյալ համարել, կամ ինչ-որ մեկին մանդատ նվիրել, դա դատարանի ի՞նչ գործն է։ Մենք այնտեղ 5 մանդատ ունենք եւ չենք էլ կարող գործընթացների վրա ազդեցություն ունենալ։

- Այդպես չէ, օրինակ, Փելեշյանի գլխավորած խմբակցությունը կարող էր մասնակցել վերջերս «Ասլանյան դաշինքի» հրավիրված նիստին, այն կկայանար, ու կստացվեր, որ ավագանին նիստեր է անում, հիմք չկա այն ցրելու։ Իսկ քվորումի համար ընդամենը երկու ձայն էր պակասում։

- Հա, դե գիտեք, որ «Մամիկոն Ասլանյան» դաշինքը համագործակցում է Վանեցյանի կուսակցության հետ՝ Դոխոլյանի, մերոնց որեւէ ձեւով տեղյակ չեն պահել, չեն զանգել, անգամ էթիկայի, քաղաքավարության տեսակետից դա ճիշտ չէ։ Կարելի է նախօրոք քննարկել, համաձայնեցնել, որ այդ օրը, այդ օրակարգով նիստ է արվելու։

- «Ասլանյան դաշինք» խմբակցության ղեկավարը մեր զրույցում ասաց, որ բոլոր խմբակցությունների ղեկավարներին ծանուցել են նիստի մասին, որի օրակարգում ավագանու կանոնակարգի հաստատումն էր։

- Այսինքն, իրենք որոշել են իրենց օրակարգով նիստ անել, մեզ էլ ընդամենը ծանուցո՞ւմ են, դա ի՞նչ կարգ է, դա ծանուցմա՞ն հարց է, թե՞ քննարկման։

- Պիտի գնայիք նիստին, չէ՞, որ քննարկեիք օրակարգը։

- Ոչ թե կանոնակարգը պետք է քննարկեին, այլ մեզ հետ նիստի ժամը եւ տեղը, իսկ իրենք դա արե՞լ են, որ մի հատ էլ նիստ են հրավիրում։ Սա սովորական, տարրական հարաբերությունների, կուլտուրայի հարց է։ Թող մի հատ ապահովեին նիստի կայացումը, նոր՝ ընթացքը, այ քեզ բան։

- Իսկ Ձեր թիմակիցները չե՞ն զրուցել իրենց հետ, գուցե Դուք հաստատեք այդ հարաբերությունները, ի՞նչ խնդիր կա։

- Դե գիտեք, իրենք իրենց շատ լավ ճանաչում են, իրար հեռախոսի համար էլ գիտեն, թե իրենք ինչու չեն նախաձեռնել, պետք է իրենցից հարցնեք։

- Փաստն այն է, որ չմասնակցելով նիստին, դուք սպասարկում եք իշխանության օրակարգը։

- Դա Ձեր կարծիքն է, այս ընտրությունների ընթացքում ամենաընդդիմադիր դիրքերից մենք ենք հանդես եկել։

- Իսկ հիմա՞։

- Հիմա էլ ենք մենք ընդդիմադիր, եթե հետեւեք մեր հարցազրույցներին, հայտարարություններին, մենք երբեք իշխանության օրակարգ չենք սպասարկել, որովհետեւ որեւէ ընդհանուր բան չունենք իրենց հետ։

- Այն, որ այսօր Վանաձորում նիստեր չեն գումարվում, ձեռնտու է միայն իշխանություններին, որոնք պարտվել են եւ ամեն ինչ անելու են, որ նիստեր չգումարվեն, ու այդ հիմքով ցրեն ավագանին, նոր ընտրություններով զավթեն իշխանությունը, ինչպես արեցին Վեդիում։

- Չեմ առարկում, Ձեր տրամաբանությունը տեղին է, բայց այդ դեպքում մյուս կողմը՝ Վանաձորի ոչ իշխանական կողմը, այսքանը չի՞ հասկանում, չե՞ն կարողանում մի խելամիտ քայլ ձեռնարկել, ինքն էլ իր օրակարգը ձեւավորի, ես պիտի հուշե՞մ՝ ինչ պետք է անեն։

- Տեղեկություններ կային, որ փոխքաղաքապետի պաշտոն եք ուզել «Ասլանյան դաշինքից», բայց չեն համաձայնել։

- Ընտրությունների հաջորդ օրը, երբ պատկերը պարզ էր, այո, մենք ասել ենք, որ դեմ չենք, որ մեր համագործակցությունը շարունակվի, դուք գիտեք, որ մեր ցուցակի առաջին, երկրորդ համարները Վանաձորի համայնքապետի տեղակալներն են եղել։ Սա ասել ենք մինչեւ ընտրությունները, որ կողմ ենք, որ ստատուս քվոն պահպանվի։ Եթե նման բարյացակամ վերաբերմունք լիներ «Մամիկոն Ասլանյան» դաշինքի կողմից, հենց ընտրությունների հաջորդ օրը ե՛ւ քվորումի հարցը կապահովվեր, ե՛ւ համայնքի ղեկավար կընտրեին։ Ինչո՞ւ իրենք այդ հարցը չքննարկեցին՝ իրենց տվեք այդ հարցը։

- Ես տվել եմ, պատասխանն այն է, որ պաշտոնի խնդիր չեն լուծում, բայց «Ասլանյան դաշինքը» հայտարարել է, որ բաց է համագործակցության համար։

- Ի՞նչ է նշանակում՝ բաց ենք, ով կուզի, թող համագործակցի։ Մենք համագործակցությունը կոնկրետ բովանդակությամբ ենք պատկերացնում, պայմանավորվածությունների հիման վրա։ Ի՞նչ է նշանակում՝ բաց ենք, սա ի՞նչ անգրագետ արտահայտություն է։

- Հավանաբար, ուզում են ասել՝ եթե դուք ձեզ ընդդիմադիր ուժ եք համարում, տրամաբանորեն  ընդդիմադիր թեկնածուին պետք է աջակցեիք։

- Հա, բայց դա ենթադրում է պայմանավորվածություն, աշխարհի ո՞ր երկրում է հենց այնպես, օդում համագործակցություն լինում։

- Ստացվում է՝ պայմանավորվածություններո՞վ եք ընդդիմադիր կամ իշխանական։

- Իշխանական դաշտում էլ է պայմանավորվածություններով համագործակցությունը ձեւավորվում, ընդդիմադիր դաշտում էլ, դա ընդունված կարգ է քաղաքական, պետական գործունեության մեջ։ Ինչի՞ շուրջ ենք համագործակցում, եթե չկա գաղափար, նպատակ, թիմ։ Հիմա տեղից վերկացողն իրեն ընդդիմադիր է համարում, մնացածն էլ իշխանություն են, մենք այսօր ո՛չ ընդդիմության հետ ենք, ո՛չ իշխանության, ո՛չ նրանց ենք որակյալ գնահատական տալիս, ո՛չ նրանց։

- Պաշտոնի շո՞ւրջ պետք է լիներ պայմանավորվածությունը։

- Պաշտոնն իրենից ենթադրում է ծրագրի որոշակի իրականացում։ Ասենք՝ մենք Մամիկոնին ընտրեցինք քաղաքապետ, որ ի՞նչ անի, ի՞նչ ծրագիր իրականացնի։

- Լավ, եթե այսօր համաձայնում են ձեր առաջարկին, Վանաձորի թնջուկին ելք պատկերացնո՞ւմ եք։

- Եթե մեր 5 անդամները գումարվում են իրենց 14 անդամներին՝ առանց Մամիկոնի, ավագանու նիստ միշտ էլ կարելի է գումարել, պետք է լրջմիտ ու ողջամիտ լինեն։ Խնդիրը պարզ է՝ եթե ավագանու լեգիտիմ նիստ պետք է կայանա, ու որոշում ընդունվի․․․ ճիշտ է, դատարանն արգելանք է դրել համայնքի ղեկավարի ընտրության հարցով, բայց մյուս օրակարգերով կարելի է նիստ անել, եթե մեզ հետ գան համաձայնության։ Եթե 3 ամիս նիստեր չեղան, ՀՀ գործադիրը կարող է նոր ընտրություններ նշանակել։ Այստեղ նման հարցեր էլ են առաջանում, դրա համար եմ ասում՝ պետք է աչալուրջ լինեն։