Հայաստանի իշխանությունները խրախուսում են, բայց ներդրողները չեն խրախուսվում

Հայաստանի իշխանությունները խրախուսում են, բայց ներդրողները չեն խրախուսվում

Փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանի գրասենյակը երեկ հաղորդագրություն էր տարածել, որից տեղեկանում ենք, որ նա մարտի 29-ին Արաբական Միացյալ Էմիրություններում մասնակցել է «Ամենամյա ներդրումային համաժողով-2022» անվանումով միջոցառմանը: Տեղեկանում ենք նաեւ, որ այդ միջոցառման ժամանակ Համբարձումյանը ելույթ է ունեցել եւ ինչ-որ մտքեր արտահայտել: Իհարկե, ցանկալի կլիներ, որ նա ընդհանրապես չխոսեր, քանի որ նման դեպքերի համար ժողովրդական ասացվածք կա՝ «Խոսել չգիտես, գոնե լռել իմացիր»: Ցավոք, մենք այլեւս գործ ունենք կայացած փաստի հետ. Համբարձում Մաթեւոսյանը խոսել է:

Ամենահանճարեղ միտքը, որն արտահայտել է Մաթեւոսյանը, ներառված է նրա գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ. «Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի տպավորիչ վերելքը խթան է հանդիսացել հեղափոխական արդյունաբերությունների համար՝ ներառյալ կենսատեխնոլոգիաները եւ ագրոտեխնոլոգիաները»: Նախ, ինչպե՞ս կարող է կենսատեխնոլոգիան կամ, առավել եւս՝ ագրոտեխնոլոգիան լինել հեղափոխական արդյունաբերություն: Կենսատեխնոլոգիան կենդանի օրգանիզմների միջոցով որոշակի արտադրանքի ստացումն է: Դիցուք, մածունի կամ թթվասերի արտադրությունը կենսատեխնոլոգիայի օրինակ է: Թե դրա ինչն է հեղափոխական, միայն Մաթեւոսյանը կարող է իմանալ կամ չիմանալ: Բայց որ նա ԱՄԷ կենսատեխնոլոգիան կամ ագրոտեխնոլոգիան անվանել է հեղափոխական արդյունաբերություն, սխալ է՝ կոպիտ սխալ: Ի դեպ, տեղեկացնենք, որ «կենսատեխնոլոգիա» տերմինն էլ հանրային շրջանառության մեջ է դրվել հարյուր տարի առաջ:
Գուցե Մաթեւոսյանը ցանկացել է ասել, որ Հայաստանում գյուղատնտեսությունն անցում է կատարել հեղափոխական ագրոտեխնոլոգիաների եւ կենսատեխնոլոգիաների կիրառման:

Բայց դա ընդհանրապես անհեթեթություն է: Հայաստանի գյուղատնտեսությունը գտնվում է միջնադարյան, իսկ որոշ իմաստով՝ երկաթի դարում: Չիմացողների համար ասենք, որ երկաթի դարի հայկական պետություն է համարվում Ուրարտուն, որը գոյություն է ունեցել մ.թ.ա. 9-6-րդ դարերում: Հայաստանում հողի մեծ մասը, ինչպես ուրարտական շրջանում, շարունակում են մշակել երկաթե բրիչներով, բահերով եւ այլ գյուղատնտեսական գործիքներով, որոնք առաջավոր ագրոտեխնոլոգիաներ ունեցող երկրներում վաղուց թանգարաններում են կամ, լավագույն դեպքում, գործածվում են բացառապես տնային տնտեսություններում, բայց ոչ երբեք արդյունաբերական գյուղատնտեսությունում: Համբարձում Մաթեւոսյանը երեք տարուց ավելի եղել է Արմավիրի մարզպետ, բայց այդ ընթացքում այդպես էլ չկարողացավ տեսնել եւ տեղեկանալ, թե ինչ են իրենցից ներկայացնում հայկական գյուղը եւ հայկական գյուղատնտեսությունը:

Իսկ եթե Երեւան-մարզպետարանի իր աշխատասենյակ ճանապարհին դաշտերում տեսել է խորհրդային արտադրության մի քանի տրակտոր, որոնք դեռեւս ի վիճակի են շարժվել, ապա դա իսկապես հեղափոխական ագրոտեխնոլոգիա է եւ կապված է 1917թ. տեղի ունեցած բոլշեւիկյան հեղափոխության հետ, որի արդյունքում եզն ու ձին փոխարինվեցին տրակտորներով, իսկ արորը՝ գութանով: Բայց քանի որ դրանց գործածության ժամկետը հավերժ չէ, մի օր կա՛մ եզները նորից կհայտնվեն դաշտերում, կա՛մ Հայաստանի մշակվող հողերը կդադարեն մշակվելուց, այնպես, ինչպես չի մշակվում մեր մշակելի հողերի 50 տոկոսը:

Իր ելույթում 30-ամյա փոխվարչապետն այսպիսի միտք էլ է արտահայտել. «Հայաստանի կառավարությունը ստանձնել է պարտավորություն՝ կառուցելու գիտելիքահեն, արտահանմանն ուղղված եւ ներառական տնտեսություն։ Այս ճանապարհին մենք խրախուսում ենք օտարերկրյա ներդրումների ներհոսքը, որոնք առաջ են մղում նորարարությունը, գեներացնում են գիտելիք եւ տեխնոլոգիաներ՝ աջակցելու տնտեսության ընդհանուր արդիականացմանը»: Ինչպե՞ս կարող է խոսել օտարերկրյա ներդրումների ներհոսքի մասին մի երկրի իշխանության ներկայացուցիչ, որտեղ օտարերկրյա ներդրումները հավասար են զրոյի, իսկ եթե նկատի ունենանք երկրից կապիտալի արտահոսքի ծավալը, ապա այն բացասական է:

Ի՞նչ օտարերկրյա ներդրման մասին կարող է խոսք լինել մի երկրում, որի իշխանությունն ընդունակ չէ պաշտպանելու այդ երկրի սահմանները: Ենթադրենք, որեւէ օտարերկրյա ներդրող ներդրում է արել Ներքին Հանդի հատվածում եւ մի օր արձանագրել է, որ այն տարածքը, որտեղ ներդրում է արել, հայտնվել է այլ պետության տարածքում: Կարո՞ղ է Համբարձում Մաթեւոսյանը նշել այս չորս տարվա մեջ նորարարության կամ գիտելիքի վրա հենված որեւէ օտարերկրյա ներդրման հաջողված օրինակ: Թե՞ իրենք ուղղակի խրախուսում են ու խրախուսում, բայց որեւէ մեկը դրանից խրախուսված՝ ներդրում չի անում:

Եվ ընդհանրապես, մի՞թե որեւէ օտարերկրյա ներդրող իր գումարը կներդնի մի երկրում, որտեղ վարչապետի պաշտոնը զբաղեցնում է Նիկոլ Փաշինյանը, իսկ փոխվարչապետինը՝ Համբարձում Մաթեւոսյանը: Չի կարելի, չէ՞, այդքան անհարգալից լինել օտարերկրյա ներդրողների եւ ընկերությունների նկատմամբ եւ նրանց մասին այդքան վատը մտածել:

Ավետիս Բաբաջանյան