2019-ի բողոքի ակցիաները. ամփոփում

2019-ի բողոքի ակցիաները. ամփոփում

2019-ի ավարտին հաշված օրեր են մնացել։ Անցնող տարվա օրերը, հատկապես հինգշաբթիները կառավարության շենքի դիմաց թեժ էին անցնում, հպարտ քաղաքացիները  տարատեսակ հարցերով բողոքի ակցիաներ էին իրականացնում՝ հիմնականում հանդիպում  պահանջելով վարչապետ Փաշինյանի հետ՝ իրենց հարցերին լուծում տալու համար։ Վարչապետը հաշված դեպքերում էր իջնում ներքև, փոխարերենը նրա օգնական Նաիրի Սարգսյանն էր հաճախ հայտվում տհաճ իրավիճակներում։

«Հրապարակը» ներկայացնում է տարվա բողոքի ակցիաները, որոնք անցել են կառավարության շենքի դիմաց։

1․ Սևազգեստ մայրեր․ Կառավարության շենքն առանց նրանց պատկերացնելն արդեն անհնար է։ Զոհված զինծառայողների մայրերն այսօր էլ շարունակում են պահանջել իրենց երեխաների մահվան հանգամանքների արդար քննություն։ Սևազգեստ մայրերը, կարելի է ասել, երկու մասի էին բաժանվել և ակցիաներն իրականացնում էին իրարից անկախ։ Եթե  մի մասը  պահանջում էր   իրենց երեխաների մահվան հանգամանքների արդար քննություն, ապա մյուսը՝ «Զինվոր» հասարակական խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանի՝ Մառոզի, գլխավությամբ պահանջում էր  30 միլիոն դրամի միանվագ փոխհատուցում տալ զոհվածների եւ սահմանին հաշմանդամ դարձածների հարազատներին՝ որպես հավասարության նշան Մարտի 1-ի զոհերի հետ: 

2․ Արծվաշենցիներ․ Ամենաբազմամարդ ակցիաները հենց նրանք էին իրականացնում։ Արծվաշենցիները տարիներ շարունակ պահանջում են դեռևս 1992 թվականին կորցրած տների ու սեփականությունների փոխհատուցում: Նախորդ տարիներին նրանց տրամադրվել է որոշակի, բայց ոչ ամբողջական փոխհատուցում:  

3․ Ավտոներկրողներ․  Նրանք հաճախ էին հայտնվում կառավարության դիմաց և բողոքում ավտոներկրման հետ կապված մի շարք հարցերի դեմ։ Ավտոներկրողները հանդես էին գալիս  «Ընդդեմ բազմաթիվ չլուծված խնդիրների» կարգախոսով։ Վերջին ակցիաների ժամանակ ավտոներկրողները բողոքում էին  մաքսատունը Գյումրի տեղափոխելու դեմ և պահանջում  Գյումրու մաքսատան պետ, ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի և նրա անմիջական ղեկավար Դավիթ Անանյանի հրաժարականը։  «Նրանց աշխատանքի մեջ տեսնում ենք դավադրություն պետական բյուջեի եկամուտները նվազեցնելու մեջ»,- «Հրապարակի» հետ զրուցում ասել էր «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» փոխնախագահ Գևորգ Հովհաննիսյանը։

4․ Կոնդի բնակիչներ․ Հին Երևանի ոգին պահպանած թաղամասի բնակիչները  պահանջում էին  կրկին չափագրել իրենց տները և սեփականության նոր վկայականներ տրամադրել։
Բանն այն է, որ Կոնդի բնակիչներին առաջարկել են տեղափոխվել բազմաբնակարանային շենքեր, բայց բնակիչները մտավախություն ունեն, որ իրենց հատկացվելիք բնակարանների մակերեսն ավելի փոքր կլինի իրենց տներից։ Ակցիայի մասնակիցները պնդում էին,որ  սեփականաշնորհման ընթացքում բակային տարածքները հաշվի չեն առնվել, իսկ բուն տների մակերեսը փաստաթղթերում սխալ է գրված։ Վերջին ակցիայի ժամանկ պահանջվում էր նաև աշխատանքից ազատել  քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանին։ Կոնդեցիների խոսքով՝ Գորշ Գայլը՝ Ալեքսանդր Ղազարյանը, իրենց գործով ապատեղեկատվություն է մատուցում վարչապետին։

5․ Նաիրիտցիներ․ «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնության անդամներն ու «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատողները հաճախ էին պահանջում վերագործարկել «Նաիրիտ» գործարանը։ Ակցիայի մասնակիցները նշում էին, որ «Նաիրիտի» վերագործարկման հարցը իշխանությունները պետք է ներառեն ՀՀ տնտեսական հեղափոխության օրակարգում։

6․Արայիկ Հարությունյանի հրժարականը պահանջողներ․ ՀՅԴ ՀԵՄ անդամները, որոնք ԿԳՄՍ նախարարության դիմաց նստացույց էին հայտարարել և պահանջում էին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, հաճախ հայտնվում էին նաև կառավարության դիմաց։
Վերջին ակցիայի ժամանակ ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջողները   իրենց հետ բերել էին խաղալիք զենքեր և դրել շենքի դիմաց։ Ակցիան կապված էր վերջին սկանդալներից մեկի հետ, որը վերաբերում է ՀՅԴ բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանի հայտարարությանը Նիկոլ Փաշինյանի կառավարության դեմ «պարտիզանական պատերազմի» մասին։
«Մենք պարտիզաններ ենք, որոնք պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը, եկել ենք մեր զենքը հանձնելու», –  ակցիայի մասնակիցներից նշում էր  Արգիշտի Գևորգյանը։

7 Արթուր Աջամյանի հարազատներ․ Դեռևս չպարզված հանգամանքներում զոհված զինծառայող Արթուր Աջամյանի հարազատները կառավարության շենքի դիմաց վերջերս ամենաբազմամարդ հավաքներից մեկը անցկացրին անցնող տարում։ Ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև տեղի ունեցած բախման արդյունքում ջարդվեց Աջամյանի լուսանկարներից մեկը, ինչից հետո իրավիճակը ավելի սրվեց։ Աջամյանի հարազատները փակեցին Տիգրան Մեծ պողոտան, ինչից հետ վարչապետը կառավարության շենքում ընդունեց Աջամյանի հարազատներին։

8․ Ամուլսարի պաշտպաններ․ Նրանք նույնպես հաճախ էին հայտնվում կառավարության շենքի դիմաց։ «Հանուն Ամուլսարի» կարգախոսով ակցիայի մասնակիցները հավաքվում էին կառավարության դիմաց և հենց այնտեղից սկսում շրջել Երևանի փոքր կենտրոնով։ «Լիդիան, Լիդիան հեռացիր, Ամուլսարը մոռացիր»,- վանկարկում էին ակցիայի մասնակիցները։

Փոխգնդապետ Արա Մխիթարյանի մարտական ընկերներ․ Հայտնի միջադեպից հետո կոմայի մեջ հայտված փոխգնդապետ Արա Մխիթարյանի մարտական ընկերները անցնող տարում ևս մի քանի բողոքի ակցիա անցկացրին կառավարության դիմաց։
Նրանք պահանջում էին պատժել փոխգնդապետին ծեծեղներին և անդրադառնում ՊՆ մի շարք խնդիրների։ 
«Նախկինների ժամանակ գոնե գիտեինք՝ ինչը որից հետո ա, հիմա էդ էլ չգիտենք։ «Ոչ մեկ իրավունք չունի զինվորին թարս նայելու։ Դա կլինի շարքային, սպա, թե  պայմանագրային։ Նույնիսկ էդ թարս նայելու համար կարելի է էդ տվյալ անձնավորությանը քրեական պատասխանատվության ենթարկել»,- նշել էր Մխիթարյանի ընկերներից պահեստազորի սպա Գրիգոր Գրիգորյանը։

Անցնող տարում կառավարության շենքի դիմաց հաճախ  կարելի էր տեսնել նաև «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանին։  Նա մշտապես գտնվում էր այդ պահին կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող ցանկացած քաղաքացու կողքին։ Աղեկյանը հաճախ էր փորձում ճեղքել կառավարության դիմաց գտնվող ոստիկանական պատը, սակայն դա նրան անել չէր հաջողվում։

Վարչապետ դառնալու ցանկություն ունեցող Անի Զախարյանն էլ էր փորձում Աղեկյանի նման լինել քաղաքացիների կողքին և աջակցություն հայտնել նրանց, բայց քիչ դեպքերում էր, որ քաղաքացիները ցանկանում էին լսել նրան։

Երեւանի ավագանու նախկին անդամ, բժիշկ Մարինա Խաչատրյանը նույնպես լինում էր կառավարության դիմաց։ Խաչատրյանի ամենաաղմկահարույց ակցիան կապված էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին արտասահման բուժման ուղարկելու ցանկության հետ։
Երևանի ավագանու նախկին անդամը դրամահավաք էր կազմակերպել և ցանկություն էր հայտնում հավաքված գումարով վարչապետին ուղարկել Գերմանիա՝ հոգեկան առոջության բուժման համար։