19 միլիարդը կդառնա 200 միլիոն

19 միլիարդը կդառնա 200 միլիոն

Դեռևս փոքրաթիվ, սակայն ժամանակ առ ժամանակ խիստ ակտիվացող հանրային հատվածը ոգևորվել է ԱՄՆ կոնգրեսական Նենսի Փելոսի այցի կապակցությամբ: Միաժամանակ ինչ-որ աղբյուրից էլ հրապարակ է նետվել 19 միլիարդ ԱՄն դոլար բերելու մասին կեղծ լուրը: Կեղծ, քանի որ ռուսատյացների ֆեյսբուքյան գրառումներից ու դրանց կայքային արտատպումներից բացի որևէ այլ տեղ գումար բերելու մասին խոսք չկար: Խոսք չկար նույնիսկ նման մտադրության մասին: Ու զարմանալին այն է, որ մարդիկ, որոնց նախկինում համարում էի լուրջ անձնավորություններ, այսօր հավատում են այդ հեքիաթին: Եվ այստեղ ծագում է օրինական հարցը՝ խի՞, էլի: Բայց երբ դա դիտարկում ես հակառուսականության ծիրում, ապա ամեն ինչ ընկնում է իր տեղը: Հենց որ մենք ազատվենք ռուսական ներկայությունից, անմիջապես դոլարային անձրև կտեղա և դրա շնորհիվ ոչ միայն մեր անվտանգության ու բարեկեցության խնդիրները կլուծվեն, այլև նույնիսկ մեր զուգարանակոնքերն էլ կոսկեպատվեն: Ճիշտ այնպես, ինչպես մաֆիոզների կամ կոռուպցիոներ պաշտոնյաների առանձնատներում: 

Իսկ որպեսզի մարդիկ չմտածեն, որ այդ գումարը, որն իրականում գոյություն չունի, մեզ հատկացվելու է Արցախից հրաժարվելու դիմաց, անընդհատ խոսվում է Մինսկի խմբի (ՄԽ) համանախագահության աշխատանքը վերականգնելու մասին: Այն ձևաչափը, որի մահկանացուն կնքվեց 2020 թ.-ի նոյեմբերի 10-ի, իսկ դագաղի վերջին մեխն էլ խփվեց 2022 թ.-ի փետրվարի 24-ի առավոտյան: Երկրորդ թվականը (եթե ընթերցողներն անմիջապես չկողմնորոշվեցին) ռուսական ռազմական գործողության մեկնարկն էր Ուկրաինայում: Չնայած դրան, ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ու նրա ենթականները շարունակում են խոսել ՄԽ գոյության մասին: Ինչը բնական է, քանի որ հայրենիքի զգացողությունը դեռևս պահպանած հայաստանցիների ինչ-որ մասը (չգիտեմ՝ մեծամասնությունը, թե փոքրամասնությունը) ցանկանում է հավատալ մեռյալի վերակենդանացման հնարավորությանը: Եվ Փաշինյան Նիկոլն էլ խաղում է հենց այդ հատվածի զգացմունքային լարերի վրա: Իսկ անձամբ նրա համար Արցախ գոյություն չունի առնվազն 2008 կամ 2009 թվականից: Այն ժամանակից, երբ իր կյանքի առաջին թաքստոցում գրվում էր վերջինիս «քերթվածքը»: Եվ նրանում արձանագրվում էր արցախյան բեռից ազատվելու գաղափարը: 

Տեղեկանք. ՄԽ չգոյությունը չի նշանակում Արցախի վերջնական հայաթափում, քանի որ դեռևս այնտեղ են ռուսական խաղաղապահ ուժերը: Եվ արցախահայերի ապրելու իրավունքն իրենց պապենական տարածքներում ապահովում են հենց ռուսները:
Վերադառնանք ամերիկյան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցին: Ինչպես փորձագետներն են նշում, տիկին Փելոսիի այցը զուտ նախընտրական նպատակ ունի: Երկու ամսից տեղի են ունենալու Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ, իսկ թեկուզ մեկուկես միլիոնանոց հայկական համայնքը  (ԱՄՆ 330 մլն բնակչության դեպքում) ընտրություններին որոշակի արժեք է ձեռք բերում: Բայց այս այցը երկկողմանի օգտակարություն ունի. այն քարոզչական մեծ նշանակություն ունի Նիկոլի իշխանության համար: Բայց հաշվի առնելով այն բարդ իրավիճակը, որում գտնվում է այսօր Հայաստանը, կարծում եմ, որ դա Նիկոլի համար պյուռոսյան հաղթանակի պես մի բան է լինելու՝ երբ շահում է ճակատամարտը, սակայն պարտվում է պատերազմում: Իսկ երբ ադրբեջանական հերթական ագրեսիայի ծավալման կասեցումը Ազգային ժողովի նախագահի կողմից վերագրվում է Միացյալ Նահանգներին, հիշում ես դասականի խոսքը՝ իյա, իրո՞ք: Եվ եթե վերջինս կտրված չլիներ իրականությունից, ապա կիմանար, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մեկ-երկու օր առաջ արդեն ասել էր, որ պատերազմը կանգնեցվել է ռուսական միջնորդության շնորհիվ: Եթե դա այդպես չլիներ՝ պապը նման բան հաստատ չէր ասի. այդ հարցազրույցն, ի դեպ, հրապարակվել է «Հրապարակ»-ում: Ինչ մնում է իբրև թե Հայաստանին հատկացվելիք 19 միլիարդին, ապա կարճ մամուլի ասուլիսում Նենսի Փելոսին հայտնեց, որ Երևանում խոսակցություն է եղել ամերիկյան «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիային կրկին միանալու հնարավորության մասին: Իսկ դրա նյութական արժեքը մեզ համար $100-200 մլն կարգի գումար էր: Ի՞նչ ռազմական օգնություն, ի՞նչ ՀԱՊԿ-ից դուրս գալու և ԱՄՆ-ի ոչ ՆԱՏՕ-ական դաշնակից դառնալու վերաբերյալ հեքիաթներ... Ինչ մնում է 200 միլիոն դոլարին, ապա այն պետական բյուջեից մի քանի տարվա նիկոլական պարգևավճարների չափ գումար է ընդամենը: