Բաքվի վախերը

Բաքվի վախերը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մերժել է Իրանին սպառազինությունների վաճառքի արգելքը երկարաձգելու մասին ԱՄՆ ներկայացրած բանաձեւը: Ուշագրավն այն է, որ Ռուսաստանը եւ Չինաստանը, որպես ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ, կարող էին «վետո» կիրառել, սակայն վստահաբար հարցը հասցրել են քվեարկության: Արդյունքում ԱՄՆ բանաձեւին սատարել է միայն Դոմինիկյան հանրապետությունը, դեմ են քվեարկել Ռուսաստանը եւ Չինաստանը, ձեռնպահ են մնացել Ֆրանսիան, Անգլիան, Գերմանիան եւ մի շարք այլ երկրներ:

Միջազգային մամուլը համարում է, որ Միացյալ Նահանգները «դիվանագիտական ծանր պարտություն կրեց»: Թե ինչ զարգացումներ են սպասվում՝ պարզ կլինի առաջիկա ամիսներին: Բայց չենք կարող ուշադրությունից դուրս թողնել ադրբեջանական կողմի ակնհայտ նյարդայնությունը: Բաքվի լրատվամիջոցներն ահազանգում են, որ Չինաստանն արդեն իսկ Իրանի հետ համաձայնեցրել է վերջինիս զինված ուժերի արդիականացման ծրագիր, որը մոտ ապագայում կստորագրվի:

Հղելով անանուն աղբյուրների, ադրբեջանական մամուլը գրում է, որ Իրանն Ռուսաստանին է ներկայացրել սպառազինությունների «ներշնչող ցուցակ, որ կցանկանար ձեռք բերել»: Խոսքը բացառապես արդիական զինատեսակների մասին է, նեռարյալ C 400 հրթիռային համակարգեր, դիզել-էլեկտրշարժիչներով սուզանավեր, T-90 տանկեր, ՍՈՒ-35 կործանիչներ, նույնիսկ՝ «Կալիբր» հրթիռներով զինված ռազմանավեր: Խոսքը 100 միլիարդ դոլարի հասնող գործարքի մասին է: Ինչու՞ են Ադրբեջանում նյարդայնացած Իրանի զինված ուժերի արդիականացման ծրագրից: Պատճառը, կարծես, հասկանալի է. ավելի հզոր Իրանը տարածաշրջանում թուրքական ազդեցության հակակշիռն է:

Հանգամանք, որ չի կարող չազդել Մերձավոր Արեւելք-Հարավային Կովկաս ուղղությամբ այլ ուժային կենտրոնի ծրագրավորումների վրա: Բաքվում հույս ունեն, որ իրանական տնտեսությունը «չի դիմանա այդ ծանրաբեռնվածությանը»: Բայց եւ չեն կարողանում մինչեւ վերջ հաղթահարել վախերը եւ նկատել են տալիս, որ այդ դեպքում «Չինաստանը եւ Ռուսաստանը կարող են վարկավորել Իրանի զինված ուժերի արդիականացման ծրագիրը»: Միանգամայն հնարավոր տարբերակ է, եթե կողմերն աշխարհաքաղաքական հարցերում ունենան ընդհանրություններ: Իսկ դրանք առերեւույթ առկա են: Հարավային Կովկաս թուրքական էքսպանսիան սպառնալիք է Իրանի տարածքային ամբողջականությանը, իսկ Չինաստանը Թուրքիայի հետ վաղեմի հակասության մեջ է այսպես կոչված՝ «մուսուլման ույղուրների իրավունքների» հարցով:

Թյուրքախոս ույղուրներով բնակեցված շրջանը վաղուց է Թուրքիայի դրդմամբ ձգտում անջատվել Չինաստանից: Եւ եթե Թուրքիան Հարավային Կովկասի «միջանցքով» մտնի Կենտրոնական Ասիա, ապա ույղուրական թեման ավելի օրակարգային կդառնա: Ռուսաստանի դեպքում հարկ չկա թվարկել Հարավային Կովկասում Թուրքիայի ամրապնդված ներկայությունից բխող սպառնալիքները: Ահա շահերի այս ընդհանրությունը, թվում է, Չինաստանին եւ Ռուսաստանին կարող են Իրանի զինված ուժերի արդիականացման ծրագրի շուրջ միավորել: Վաշինգտոնն արդեն իսկ անցել է կանխարգելիչ քայլերի: Ամերիկյան դիվանագիտությունը ջանքեր է գործադրում, որպեսզի Պարսից ծոցի արաբական երկների եւ Իսրայելի միջեւ «պատմական հաշտություն» կայանա: Չափազանց ուշագրավ պատկեր է ուրվագծվում: