«Հրապարակ». Չի կարելի հավատալ իշխանական նարատիվին, թե ժողովուրդն այս իրավիճակի հետ հաշտ է

«Հրապարակ». Չի կարելի հավատալ իշխանական նարատիվին, թե ժողովուրդն այս իրավիճակի հետ հաշտ է

«Հրապարակի» զրուցակիցը քաղաքագետ, գրականագետ Անուշ Սեդրակյանն է:

- Տիկին Սեդրակյան, արդեն մի քանի օր է՝ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց, Ձեր նախաձեռնությամբ, ակցիաներ են իրականացվում` «Կանայք՝ հանուն Արցախի» պայմանական խորագրով: Մեկական օր կանայք հերթափոխով նստում են հացադուլի` ի պաշտպանություն Արցախի: Այսօրվանից մեկնարկել եք Օրիգամի տեղեկատվական ակցիան: Եկեք խոսենք այս նոր ակցիայի մասին: Ի՞նչ ակցիա է դա, ի՞նչ է ներկայացնում իրենից:

- «Կանայք՝ հանուն Արցախի» նախաձեռնությունը, ինչպես գիտեք, շարունակվում է: Հաշվի առնելով այն փաստը, որ ակնհայտ է` դրսում չկա պատշաճ տեղեկացվածություն, իսկ ահա պետությունը չի ապահովում այն, ճապոնական ավանդույթով, որ հազար օրիգամին մեկ ցանկություն է, որոշեցինք նամակի տեքստ պատրաստել` տարբեր լեզուներով, դիմելով բոլոր-բոլոր միջազգային կազմակերպություններին: Նաեւ հորդորել ենք այդ նամակն ուղարկել սփյուռքում գտնվող մեր ընկերներին, մշակութային եւ հասարակական գործիչներին, որպեսզի տեղեկացվածության աստիճանը բոլոր կողմերում բարձրանա: Ինֆորմացիան պետք է հեղեղել: Օրիգամի ակցիան «Կանայք՝ հանուն Արցախի» նախաձեռնության ակցիայի, այսպես ասած, մի մասն է:

- Ի՞նչ է գրված նամակում, եւ ո՞ր միջազգային կառույցներին եք դիմել:

- Պարզապես խոսվում է այն մասին, որ հումանիտար միջանցքը պետք է բացվի, որովհետեւ 30 հազար երեխա մնացել է ծայրաստիճան վատ վիճակում. դեղորայքի պակաս, սննդի պակաս, հացի հերթերում ուշաթափվող մարդիկ եւ այլն.... ներկայացրել ենք իրավիճակը՝ խնդրելով ուշադրությունը հրավիրել Արցախի ուղղությամբ: Բոլոր միջազգային կառույցներին եւ դեսպանատներին, անգամ СNN-ին եւ BBC-ին ենք դիմել, ո՞րն ասեմ, ո՞րը թողնեմ` բավականին մեծ է ցուցակը:

- Ովքե՞ր են այս ակցիան իրականացնող կանայք:

- Անկեղծ ասած, այնքան շատ են ակցիա իրականացնող կանայք, որ անգամ անունները չեմ կարողանում մտապահել: Արդեն մինչեւ երկուշաբթի ակցիա իրականացնողների ցանկը պատրաստ է:

- Ձեր ֆեյսբուքյան էջում կարդացի, որ այնքան շատ են ակցիային մասնակցելու ցանկություն ունեցող կանայք, որ Ձեզ խնդրում են հացադուլ անելու իրենց հերթն առաջ գցել, այսպես ասած: Դուք անգամ զարմացել եք, որ մարդիկ նման խնդրանքով են Ձեզ դիմում` հերթն առաջ գցելու, այնքան մտահոգ են ու պատրաստակամ: Սպասո՞ւմ էիք նման ակտիվություն:

- Ոչ, անկեղծ ասած, չէինք սպասում նման ակտիվություն, կարծում էի, թե մի քանի նվիրյալներով անընդհատ պետք է կրկնենք ակցիան, սակայն, ինչպես տեսնում եք, մեզ հերթ չի հասնում:

- Կարծես, մշակութային գործիչները պասիվ են: Հիմնականում ակցիա իրականացնող կանայք կամ ակտիվիստներ են, կամ պարզապես մտահոգ քաղաքացիներ:

- Դա այնքան էլ այդպես չէ: Երեւանի պետական համալսարանից դասախոսներ են ինձ դիմել, անգամ Բրյուսովի համալսարանից է մի դասախոս հերթագրվել, որ ակցիային մասնակցի: Իհարկե, շատ ավելի լավ կլինի, որ ավելի շատերը դիմեն, սակայն այնպես էլ չէ, որ չկան: Օրինակ՝ ի՞նչ պակաս մշակութային գործիչ է բանաստեղծ Հասմիկ Սիմոնյանը:

- Ի՞նչ ակնկալիքներ ունեք: Այս ակցիայի շրջանակներում ի՞նչ կոնկրետ կետի պետք է հասնեք, որ ակցիան համարեք կայացած, ստացված:

- Մեր առաջնային հարցն այս պահին միայն Արցախ պարեն ուղարկելն է: Դա գերխնդիր է մեզ համար: Չեմ ասի, որ միջանցքի բացումը մեր ուժերից վեր չէ, հատկապես, որ չկա պետական աջակցություն, սակայն Արցախ պարեն ուղարկելը շատ կարեւոր է: Չի կարելի այդ հարցն աչքաթող անել: Չի կարելի հավատալ այն իշխանական նարատիվին, թե Հայաստանի եւ Արցախի ժողովուրդն այս իրավիճակի հետ հաշտ են: Գոնե տեղեկատվական աղմուկ բարձրացնելով՝ պետք է այնպես անենք, որ պարենը հասնի Արցախ: Ինձ թվում է՝ մենք այդքանը կարող ենք անել, մեծամտություն չթվա, բայց հնարավոր է: