Քավարան ու այլասերում

Քավարան ու այլասերում

Միանգամից ասեմ, որ այս պրոցեսն օգտակար է ԲՀԿ-ին եւ անձամբ Գագիկ Ծառուկյանին։ Տառապանքների ու փորձությունների միջով են մարդիկ եւ կուսակցությունները զարգանում, մաքրվում, առաջ գնում։ Սա քաղաքական կուսակցություն դառնալու ճանապարհն է տնաբույս կուսակցության համար, որը երբեւէ փողի, կարգավիճակի, քվեի պակաս չի ունեցել եւ խորհրդարանում մշտապես երկրորդ կամ երրորդ ուժն է եղել։

Այնպես որ, պետք չէ անհանգստանալ ո՛չ ԲՀԿ-ի, ո՛չ էլ նրա՝ բանտի ճամփան բռնած ղեկավարների համար։ Ոչինչ, սա էլ իրենց քավարանն է՝ պետք է անտրտունջ անցնեն։ Շատ ավելի կարեւոր փորձության է ենթարկվում մեր հասարակությունը։ Իշխանությունը հետեւողականորեն այլասերվում եւ փոխակերպվում է մեր աչքի առաջ՝ նորանոր ռեկորդներ գրանցելով։ Եթե մինչ օրս նրան քննադատում էինք կառավարելու անկարողության, անփորձության, մեծամտության, հասարակությանը պառակտելու եւ ատելություն սերմանելու համար, ապա այժմ արդեն գործ ունենք քաղաքական հետապնդումներ իրականացնող, երկիրը տարբեր վտանգների մատնող, համավարակի դեմ պայքարը ձախողած եւ պետության շահերին դեմ գործող խմբի հետ, որի հեռացումն օրախնդիր է դառնում։

Ինչ վերաբերում է հասարակությանը, ապա գիտակից զանգվածը մերժում է այս քաղաքականությունը եւ հասկանում, որ բոլորովին կարեւոր չէ, թե այս հետապնդումներն ում դեմ են իրականացվում, սա վտանգավոր ճանապարհ է, որը ոչնչացնելու է տարիների մեր ձեռքբերումները, մեզ ետ է շպրտելու դեպի տոտալիտար ու անօրինական անցյալ։ Բայց հասարակության մի շերտ էլ կա, որը գոհ է այս տեսարաններից, կարծում է, թե սա է արդարության հաստատման ճանապարհը՝ ինչքան շատ մարդ բռնեն ու դատեն, այնքան շուտ կկառուցենք «կոմունիզմ»։ Սա ամենավտանգավոր զանգվածն է՝ իշխանությունների միակ հենարանը։