Նախկինում ճանապարհային ոստիկանությունը կաշառք էր վերցնում և չէր արձանագրում, հիմա արձանագրում են

Նախկինում ճանապարհային ոստիկանությունը կաշառք էր վերցնում և չէր արձանագրում, հիմա արձանագրում են

Հայաստանում բոլոր տեսակի հանցագործությունների թվերը 2017-2022 թվականներին աճել են ավելի քան 86.6%-ով: Օրինակ` գողությունների թիվը մեզանում աճել է 62.8 %-ով, երթևեկության կանոնների խախտման դեպքերն աճել են 104.%-ով:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Իոաննիսյանն, անդրադառնալով երթևեկության կանոնների խախտման դեպքերի կտրուկ աճին, ասաց.

«Խոսքը ոչ թե երթևեկության կանոնների խախտման, այլ խախտման դեպքերի արձանագրման մասին է: Բնականաբար, այս կտրվածքով դեպքերի արձանագրման վիճակագրությունն աճել է, քանի որ մինչ այդ ճանապարահային ոստիկանությունը կաշառք էր վերցնում և չէր արձանագրում, իսկ ահա պարեկային ծառայությունն այսօր դրանք արձանագրում է: Եթե դիտարկենք ավտոպատահարների թվերը վերջին երկու տարվա ընթացքում, ապա կտեսնենք, որ պատկերն ավելի է լավացել: Պարեկայինը, երբ նոր աշխատանքի էր անցել, դեպքերն ավելի շատ էին, սակայն ժամանակի ընթացքում վիճակն ավելի լավացավ»,- նշեց Իոաննիսյանը:

Նրա խոսքով` 2022 թվականին դեպքերի, պատահարների թվերը 2021-ի համեմատ նվազել են: «Ամեն դեպքում՝ եկեք արձանագրենք, վիճակը շատ վատ է»:

Անդրադառնալով Հայաստանում հանցագործությունների թվերի կտրուկ աճին, Դանիել Իոաննիսյանն ասաց. «Հայաստանում իրավապահ համակարգը շատ թույլ է: Իրավապահներն իրենց գործը պատշաճ կատարել չեն կարողանում: Ավելի շատ իմիտացիա են ստեղծում, քան աշխատում»- նշեց նա:

Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարի 1-ին ուժի մեջ մտավ ճանապարհային երթևեկության բալային համակարգն, ինչը ենթադրում էր, որ ավտոպատահարների թվերը կնվազեն, սակայն այսօր, ըստ վիճակագրության տվյալների, դրանք մեզանում աճել են: