Սամվել Բաբայանը վերահաստատեց, որ չի հավակնում վարչապետ դառնալ

Սամվել Բաբայանը վերահաստատեց, որ չի հավակնում վարչապետ դառնալ

Ազատական կուսակցության վարչապետի թեկնածու, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի կարծիքով՝ ընտրություններում եթեը տարբերություն մեծ լինի առաջին ու երկրորդ տեղի միջև, ապա բախումներ չեն լինի, բայց եթե շատ փոքր լինի, լինելու են։

«Լարվածություն լինելու է, որովհետեւ 26 կուսակցություններից երեք-չորսն անցնելու են, մնացածը՝ պարտվեն։ Պիտի լարված լինի, բա ի՞նչ պիտի լինի։ Մարդիկ չարչարվել են, որ ժողովրդի վստահությունը չեն ստացել, պիտի լարվածություն լինի, բա ի՞նչ անեն», - քվեարկելուց հետո լրագրողներին ասաց Սամվել Բաբայանը։ 

Ընտրությունների արդյունքների մասով ՊԲ նախկին հրամանատարն ասաց, որ կախված կլինի ժողովրդի քվեից։

«Եթե տարբերություն մեծ լինի առաջին ու երկրորդ տեղի միջև, ապա բախումներ չեն լինի։ Բայց եթե շատ փոքր լինի, իհարկե լինելու են», - շարունակեց նա։

Քաղաքական գործիչը վերահաստատեց, որ իր չի մրցում վարչապետի պաշտոնի համար։

«Առաջին հերթին ես բազմիցս հայտարարել եմ, որ ես չեմ մրցում վարչապետի պաշտոնի համար, դա մեկ։ Երկրորդը, ես շատ պարզ ձևի արտահայտվել եմ, որ ես ինձ տեսնում եմ պաշտպանությունում։ Մտնում ենք, որ մեր փոքր ձայնով կոալիցիա կապենք ինչ-որ ուժի հետ, պաշտպանությունը մեզ տան, ու զբաղվենք երկրի պաշտպանությամբ։ Ուրիշ ոչինչ մենք չենք արտահայտել ամբողջ այս ընթացքում», - ընդգծեց ռազմական գործիչը։

Սամվել Բաբայանը մի քանի անգամ նախկինում հայտարարել էր, որ պատրաստ է համագործակցել թե՛ «Հայաստան» դաշինքի, թե՛ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, թե՛ «Պատիվ ունեմ» դաշինքի հետ։

«Ցանկացածի հետ տենում եմ [կոալիցիա կազմելու հնարավորություն], եթե գաղափարական հակասություն չունենք։ Ուժերը, որոնք անցան պառլամենտ, դրանց ծրագրերը դնում ես դեմդ, դնում ես քո ծրագիրը, դրանից փորձում ես տեսնել՝ որտեղ են հակասությունները, ինչ խնդիրներ կան, որտեղ եք կարող գալ համաձայնության, որտեղ՝ ոչ։ Հուշագիրը պատրաստում ես, ասում ես՝ «ես հես եմ, ուզո՞ւմ եք միասին գնանք, խնդրեմ, եթե ոչ, ոչ», - ասաց Ազատական կուսակցության վարչապետի թեկնածուն։