Սարոյան եղբայրներ

Սարոյան եղբայրներ

«Սարոյան եղբայրներ» ֆիլմի առաջին կադրում կարդում ենք. «1920 թիվ: Հայաստան: Դաշնակցական իշխանություն: Կործանման եզրին կանգնած երկիր: Փրկություն որոնող, ազատություն երազող մի ժողովուրդ: Ճակատագրական այդ օրերին՝ գավառական մի քաղաք և այդ քաղաքում մի ընտանիք, երկու եղբայր…»

Թեպետ 53 տարի առաջ, երբ «Հայֆիլմը» թողարկեց այդ կինոնկարը (ըստ Գուրգեն Բորյանի «Նույն հարկի տակ» պիեսի), ես կոմերիտական էի ու դաստիա­րակված կոմունիստական ոգով, այդու­հան­դերձ, ներքուստ ինձ ավելի հոգեհա­րազատ էր մինչ օրս հայ ժողովրդի սիրված դերասան Խորեն Աբրահամյանի կեր­տած Գևորգի կերպարը: Հայ կինոարվեստի գիգանտ Ֆրունզե Դովլաթյանի կերտած կերպարն առանձնապես համակրանք չէր առաջացրել. ողղակի համոզիչ չէին Հայկի դատողությունները բոլշևիկների մասին: Ավելին, ֆիլմը, ընդհանուր առմամբ, այն­քան էլ չտպավորեց ինձ հեռավոր 70-ականներին: Բայց մեր ժամանակ­ներում, մեր երկրում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին, այդ գեղար­վեստա­կան գործի բարձր արժեքն այլևս ինձ մոտ կասկած չի հարուցում. ցավալիորեն՝ ազգովի վեր­ապրում ենք Սարոյան եղբայրների ողբերգությունը:
Խորհենք հանճարեղ ստեղծագործության հետևյալ դրվագների շուրջ:

Գևորգի և ժողովրդի երկխոսությունը
Գևորգ (հավաքված մարդկանց, ժողովրդին)- «Գիտեմ, թե ինչ եք ուզում: Ուզում եք, որ ձեր զավակները ձեր կողքին լինեն: Հա՞, ձեր փեշի տակ: Ճիշտ եք մտածում, թող տանը նստեն, թող ճան խաղան, թող մածուն ուտեն: Ազգ, հայրենիք թող քանդվի, թող ջնջվի, վերանա: Ի՞նչ ազգ, դուք չե՞ք ազգը: Այ, ես ձեր: Գիտեմ, գիտեմ, թե ինչ եք ուզում: Ի՞նչ եք ոչխարների պես նայում: Դե, ձեն հանեք: Հը, ինչու՞ եք լռում»: 
Ժողովուրդ - «Ազգի անունից եք խոսում ու տանում մի մատ էրեխեքին կո­տորում»:
Գևորգ - «Դու՞ք պետք է բոլշևիկի առաջը կտրեք»:
Ժողովուրդ - «Մենք մեր վարուցանքին ենք, տղա ջան: Մենք առաջ կտրող չենք: Առաջ կտրողն էլ դուք, թիկունքից խփողն էլ»:

Եղբայրների երկխոսությունը
Գևորգ – «էդ որտեղի՞ց են բոլշևիկները բերելու հաց, եղբայրություն, ազա­տություն»:
Հայկ – Խաղաղություն լինի,Գևորգ, ամեն ինչ լավ կլինի:
Գևորգ - «Ռուսաստանը Գերմանիայից խաղաղություն էր խնդրում, տվեցի՞ն գերմանացիները խաղաղություն»:
Հայկ – «Պարտադրեցին Գևորգ, պարտադրեցին»:
Գևորգ – «Այ, տեսնու՞մ ես, ասում ես պարտադրեցին: Իսկ մենք կարո՞ղ ենք թուրքերին պարտադրել մեր խաղաղությունը»:
Հայկ – «Այ, կողքներս են, ռուսների օգնությամբ»:
Գևորգ - «Օգնությամբ, էլի օգնությամբ: Ընկած աշխարհի հզորներից հզորություն ենք աղերսում, արդեն քանի տարի, վիզ ծռելով: Չէ, Հայկ, մենք փոքր ժողովուրդ ենք, մենք ապրելու իրավունք չունենք»:
Գևորգ – «Մենք ոչ բարով էս ժողովրդի մտավորականն ու զինվորն ենք: Հետո ի՞նչ է լինելու»:
Հայկ – «Չես տեսնում ինչ գործ որ բռնում ենք, թարս է դուրս գալիս: Չե՞ս տեսնում, որ էդքան պատահականություններ չեն կարող լինել: … Վիլսոնը մեզ ծովից-ծով Հայաստան տվո՞ղ էր: Նա մեզ է խաբում, մենք գալիս ենք էս ժողովրդին ենք խաբում: Ամերիկացի զինվորը կգա էստեղ քեզ համար կռիվ կանի՞»: 
Թվում է, թե ֆիլմի գաղափարը խտացված ձևով Գևորգի հետևյալ արտահայ­տություններում է. «Կմեռնեմ, բայց գաղթական չեմ դառնա» և փախուստի պատ­րաստ­վող Սուրմելյանի դեմքին շպրտված՝ «Ասում եմ՝ սոված մանուկներ: Դավա­ճաններ»:
Կլինի՞, արդյոք, այս ֆիլմի շարունակությունը, որի առաջին կադրի գրության սկզբը հայտնի է. «2020 թիվ: Հայաստան: Հեղափոխական իշխանություն: Կոռուպ­ցիայի դեմ պայքար: Կորոնա­վիրուսի համավարակ: Պատերազմ…»
Ի՞նչ կմտածեն մեր ապագա սերունդները 2120 թվականին քսամեկերորդ դարասկզբի իրադարձությունների մասին: Կմտածե՞ն, արդյոք:

Հ.Գ. Սարոյան եղբայրների ողբերգական ոդիսականը չպետք է շարունակվի ոչ այժմ, ոչ էլ 100 տարի անց: Դրա համար պետք է ականջալուր լինել Գևորգի կնոջ՝ Անահիտի խոսքին. «Ի՞նչ եք ուզում իրարից, ինչու՞ եք իրար կոկորդ կրծում»: 
Հ.Գ. Քանի դեռ մեր հաջողությունները և դժբախտությունները կապում ենք դրսի ուժերի հետ, այդ ոդիսականը շարունակվելու է, իսկ մեր գաղթական դառնալն արդեն մեզնից կախված չի լինի:

Հ.Գ.Սա գրել էի 2020 թվականին, պատերազմի օրերին: Մնացել էր անտիպ: 8 ամիս անց ավելացնելու բան չունեմ:

Գագիկ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Տնտեսագիտության դոկտոր պրոֆեսոր