Նոր կարգը պատուհաս է հիվանդ աշակերտների եւ ծնողների գլխին

Նոր կարգը պատուհաս է հիվանդ աշակերտների եւ ծնողների գլխին

Վերջին շջանում տարածում ստացած սուր շնչառական հիվանդությունների պատճառով մայրաքաղաքի եւ մարզային հիվանդանոցներն աշխատում են ծանրաբեռնված: Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում շրջանառվում են գրիպի Ա և Բ տիպերն ու դրանց ենթատեսակները, օրինակ՝ խոզի գրիպը- H1N1-ը և H3N2-ը: Զուգահեռ նաև սուր շնչառական վարակի մի քանի այլ տեսակ է շրջանառվում: Գրիպի այս երկու տիպերն իրենց ենթատեսակներով ու սուր շնչառական վարակները գրեթե նույն ախտանշաններն ունեն՝ քթահոսություն, ջերմություն: Բայց շրջանառվող սուր շնչառական վիրուսային վարակներից մեկը միանգամից բրոնխներն է վնասում: 

Դեռեւս  հունվարի 8-ին Համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը կանխատեսում էր, որ թվերը կտրուկ կաճեն դասերը վերսկսվելուն պես: «Նախանշաններ ունենալու դեպքում երեխաներին չուղղորդել ուսումնական հաստատություններ և նախադպրոցական կազմակերպություն: Այն անձինք, ովքեր չեն պատվաստվել գրիպի նկատմամբ, կարող են պատվաստվել, ովքեր ունեն ախտանշաններ ու ամեն դեպքում պետք է տնից դուրս գան, գոնե այդ դեպքում անպայման կրել դիմակ», - իր հարցազրույցում հորդորել էր Ռոմելլա Աբովյանը:

Մասնագետի այս հորդորն անհամատեղելի է դպրոցական նոր կարգի հետ, ըստ որի ուսումնական տարում որեւէ կիսամյակում 60 ժամ բացակայություն ունեցող աշակերտի կիսամյակային գնահատականները որոշվում են լրացուցիչ գրավոր աշխատանքների միջոցով՝ տվյալ կիսամյակի ավարտին: Իսկ, որպեսզի 60 ժամը չլրանա, աշակերտները հիվանդությունն ամբողջությամբ չհաղթահարած եւ վիրուսը իրենց մեջ կրելով գնում են դպրոց։

 Այս առումով  ծնողների շրջանում մեծ է դժգոհությունը: «Հաշվի առնելով այս նոր կարգը, համաճարակի  այս պիկ շրջանում դպրոցներին պետք է արձակուրդներ տրվեին, որպեսզի հիվանդությունը չտարածվեր: Երեխան չապաքինված, վիրուսակիր, գնում է, մեկ ուրիշին վարակում, ինքն էլ ավելի հիվանդացած, ավելի վատացած գալիս: Երկու ամիս է մենք հիվանդության շրջապտույտի մեջ ենք: Հիվանդ երեխային դպրոց ենք ուղարկում՝ գլխացավով, թուլությամբ: Նա ո՛չ ի վիճակի է դաս լսել, ո՛չ էլ դաս պատրաստել: Ինչի՞ համար էր այս դաժան իրավիճակը: Եթե գոնե երկու շաբաթ արձակուրդ լիներ, վիրուսը կարող էր թուլանար, ոչ թե ակտիվորեն տարածվեր»- ասաց «Հրապարակին» դիմած ծնողը` Անուշ Վարդազարյանը: