Թուրքիայում ինֆլյացիան շարունակում է աճել 

Թուրքիայում ինֆլյացիան շարունակում է աճել 

Թուրքիայում այս տարվա հունվարի տվյալներով ինֆլյացիան շարունակում է աճել, տարեկան կտրվածքով ավելանալով 6,7 տոկոսով եւ հասնելով 64,9 տոկոսի։ Այդպիսով, անցյալ տարվա նոյեմբերից սկսած՝ սպառողական գների աճն այդ երկրում արագացել է առավելագույն չափով։ Իշխանություններն, ըստ էության, բավականին ծանր վիճակում են հայտնվել, քանի որ չնայած խոստումներին, որ կկարողանան ինֆլյացիան կարգավորել, այդպես էլ դա անել չեն կարողանում։ Տնտեսագետները կանխատեսում էին, որ դեկտեմբերին 64,8 տոկոս ցուցանիշին հասնելուց հետո, հունվարին այն կկազմի 64,5 տոկոս։ Սակայն կարծես թե աճը շարունակվում է, ու կանխատեսումները չեն իրականանում։ Սպառողական գներն, ընդ որում, հունվարին աճել են 9,38 տոկոսով, եւ տարեկան կտրվածքով հասել 129,11 տոկոսի։ Չի իրականացել նաեւ Թուրքիայի Կենտրոնական բանկի նոր ղեկավար Ֆաթըխ Կարախանի խոստումն առ այն, որ վերջինս չէր թույլ տալու, որպեսզի ինֆլյացիոն կանխատեսումները վատանային։ 

Նշենք, որ վերջինս, անցնելով այդ պաշտոնին հայտարարել էր, որ ամենից կարեւոր հարցն իր համար գնային կայունություն ապահովելն է, որին հասնելու համար պետք է վարել խիստ դրամավարկային քաղաքականություն, մինչեւ որ ինֆլյացիան նվազելով չհասնի թիրախային այն մակարդակին, որը հետապնդում է թուրքական կառավարությունը։ Տնտեսագետները նշում են, որ Թուրքիայում այժմ հատկապես նկատելի է վառելիքի թանկացումը։ Այստեղ գնաճը նկատելի է օրըստօրե ռեժիմով։ Զարմանալին այն է, որ Կարախանը լավատես է եւ կարծում է, որ նույնիսկ այս իրավիճակում իրեն կհաջողվի հասնել նրան, որ ընթացիկ տարվա վերջում ինլֆյացիան կազմի 36 տոկոս։ Ինֆլյացիայի աճի կասեցումը հնարավոր է մի քանի գործոնների համադրմամբ, դրանք են՝ գնային դինամիկան, պետական եւ մասնավոր սպառողական ծախսերը, հարկային քաղաքականությունը, նաեւ՝ մեկնարկային տոկոսադրույքը, որը Կարախանի նախորդ Հաֆըզե Գայե Էրքանի ժամանակ 8,5 տոկոսից հասցվել է մինչեւ 45 տոկոսի։ 

Դժվար է ասել, թե ինչ ընթացք կունենան տնտեսական ու ֆինանսական ցնցումները Թուրքիայում, ինչպես կկարգավորվեն օրեցօր աճող գները, ինչպես իրեն կդրսեւորի թուրքական ազգային տնտեսությունը, կունենա” արդյոք բավարար ներուժ եւ դիմացկունություն հաղթահարելու ներկայիս դժվարությունները, սակայն Moody's Investors Service միջազգային վարկանիշային գործակալության մասնագետները կարծում են, որ ճիշտ քաղաքականության վարման դեպքում հնարավոր կլինի հասնել մինչեւ 45 տոկոս ինֆլյացիայի, մինչեւ այս տարվա վերջ։