«Հրապարակ». Մենք հակահայ ենք, ուր մնաց՝ հակառուս չլինենք

«Հրապարակ». Մենք հակահայ ենք, ուր մնաց՝ հակառուս չլինենք

Զինծառայողների մասնակի մոբիլիզացիայի մասին Պուտինի հրամանագրից հետո Ռուսաստանից Հայաստան մեծ ներհոսք է սկսվել։ Դժգոհները ցույցեր են կազմակերպում ռուսական քաղաքներում, այդ թվում՝ Մոսկվայում։ ՌԴ հայերի Մոսկվայի և Մերձմոսկովյան միության նախագահ Արտյոմ Վարդանյանն ասում է, որ իրականությանը չեն համապատասխանում լուրերը, թե մեծամասնությունը դեմ է ՌԴ նախագահի որոշմանը։

«Իրականում, որ դուրս եք գալիս փողոց ու հարցնում եք, թե, օրինակ, ՌԴ էկոնոմիկայի փոխնախարարն ով է, մարդիկ չգիտեն։ Նրանք ապրում են իրենց սովորական կյանքով, ուղղակի մեկ-երկու խմբեր պրովոկացիոն հավաքներ են անում, որ ցուցադրեն, թե իբրեւ թե նախագահի որոշմանը դեմ զանգված կա»։ Վարդանյանին հարցրինք` այդ դեպքում ի՞նչ խցանումներ ու կուտակումներ են ամենուր` օդանավակայաններում, սահմանային կետերում։

- Բանն այն է, որ հայերը սովորաբար այս տարեշրջանին վերադառնում են արտագնա աշխատանքներից, ինչպես ամեն տարի։ Նույն  օդանավակայանում, որ խցանումներ կան, մարդիկ՝ 50-60 տարեկան եւ ավելի, որոնք այստեղի քաղաքացիություն էլ չունեն, վերադառնում են, բայց համապատասխան ուժերը մեկնաբանում են, թե հայերը փախչում են ՌԴ-ից։ Ես այսօր մի քանի հայերի հետ խոսակցություն եմ ունեցել, մարդիկ ասում են՝ ես ստեղ ծնվել, մեծացել եմ, Հայաստանը մեր մայր հայրենիքն է, բայց սա էլ է մեր հայրենիքը, ու եթե զորահավաք է, մենք պատրաստ ենք գնալ եւ ծառայել Ռուսաստանի համար։

- Լարսում կուտակումներ են, ճանապարհները խցանված են, դա կապ չունի՞ զորահավաքի հետ։

- Վերջին մի քանի ամսվա ընթացքում չի եղել դեպք, որ Լարսում կուտակում չլինի, ու վարորդները չբողոքեն։ Սա նույն պրոցեսն է, ամենօրյա, որը բերում կապում են Պուտինի հրամանի հետ։ Նույնը  կարելի է ասել, որ մեր երիտասարդները, քանի որ տարածաշրջանում կարող է լայնամասշտաբ պատերազմ տեղի ունենալ, ուզում են տեղափոխվել ՌԴ կամ այլ երկրներ։ Գուցեեւ մի քանիսին գտնենք, բայց դա քանակ չի կազմում, եւ երկրորդ՝ այդ մասին խոսելն անիմաստ է։

- ОРТ ալիքով վերջերս հաճախ են հակահայկական ելույթներ հնչում՝ բացահայտ պրոադրբեջանական ուղղվածության։ Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը նամակ-բողոք էր հղել հեռուստաալիքի ղեկավարությանը: Ի՞նչ եք կարծում` այդ բողոքը մեր պետական այրերը չպե՞տք է ուղարկեին, առաջին հերթին՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը, ԱԳՆ-ն, սփյուռքի հանձնակատարը։

- Այո, Արա Աբրահամյանը նամակ գրեց, որի արդյունքում նրանք ներողություն խնդրեցին։ Ես կարծում եմ, որ երբ յուրաքանչյուրն իր աշխատանքով է զբաղվում, հասարակության մեջ ամեն ինչ նորմալ է լինում։ Եթե ՀՀ-ում ամեն մեկը՝ շարքային քաղաքացուց մինչեւ առաջին դեմք, զբաղվեր իր գործով, մենք կունենայինք ուրիշ երկիր։

- Երբեք ՀՀ-ում այսքան ուժեղ չեն եղել հակառուսական տրամադրությունները, ամեն մի առիթ օգտագործվում է դրանք լարելու համար՝ փաստաթուղթ Տուապսեի զինկոմից, Պուտինի հանդիպման լուսանկարը թուրքերի հետ։ Ինչո՞ւ են այդքան աճել հակառուսական տրամադրությունները։  

- Նախ, մենք հակահայ ենք, ուր մնաց՝ հակառուս կամ այլ ազգի «հակա» չլինենք։ Ամբողջ  ազգը դիվանագետ է, քաղաքական գործիչ է, 3 մլն վարչապետ ունենք, 3 մլն նախագահ։ Ամեն մեկը Ֆեյսբուքում գեներալ է։ Մարդիկ պատերազմը վարում են դեմառդեմ զենքով, իսկ հայերը Ֆեյսբուքում են պատերազմում։ Մենք «Սոդոմ-Հոմոր» ենք ստեղծել էս երկրում ու ասում ենք՝ հակառուսական, պրոեվրոպական։ Այն պահից, երբ մենք հայամետ լինենք, ինքներս մեզ սիրենք։ Եթե սիրենք մեզ, ո՞նց թույլ կտանք, որ ֆեյսբուքյան հարթությունում պետության բարձրաստիճան անձինք հակառուսական քարոզներով հանդես գան՝ վտանգելով մեր շահերը։

- Առաջ Դուք Փաշինյանի կողքին էիք, հիմա ոնց որ սկսել եք քննադատել հակառուսական դիրքորոշման համար, ճի՞շտ եմ հասկանում։

- Առաջ՝ ե՞րբ, 2018-ի՞ն:

- Ոչ միայն, դեռ անցյալ տարի, Աննա Հակոբյանի հետ էիք հանդիպել, կարծես։

- Այո, հանդիպել եմ։ Բայց ներկայիս ներքաղաքական իրավիճակում իրերն իրենց անուններով կոչելը, կարծում եմ, կապ չունի որեւէ անձի նկատմամբ հարգանքի հետ։