Այս պահին կառավարությունն ունի ռազմարդյունաբերական ձեռնարկություններին տրված այնպիսի ծավալի պատվերներ, ինչպիսին երբեք չի եղել

Այս պահին կառավարությունն ունի ռազմարդյունաբերական ձեռնարկություններին տրված այնպիսի ծավալի պատվերներ, ինչպիսին երբեք չի եղել

Այսօր Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գրասենյակում տեղի ունեցավ միության տարեսկզբի ասուլիսը ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանի և գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանի մասնակցությամբ։

Բանախոսները ներկայացրին ԱՏՁՄ նախորդ տարվա աշխատանքների ամփոփումը՝ անդամակցության տվյալները, ԱՏՁՄ կողմից իրականացված նախագծերի մանրամասները, ինչպես նաև 2023 թվականին սպասվելիք խոշոր նախագծերը։

2022 թվականի մեկնարկը նշանավորվեց գործադիր տնօրենի դերում փորձառու գործիչ Հայկ Չոբանյանի ընտրությամբ։ Տարվա ընթացքում գրանցվեց անդամակցության զգալի աճ՝ անդամների թիվը հասցնելով 130-ի։ Գալիք տարում ևս անդամակցության ինստիտուտի զարգացումն ու կատարելագործումը լինելու է ԱՏՁՄ առաջնահերթություններից մեկը։ 

Իրականացվեցին հարյուրավոր թիմեր ընդգրկած պատանեկան մրցույթներ՝ «ԴիջիԿոդ», «Ճարտարագիտական մոդելավորման մրցույթ», «ԱրմՌոբոտիքս»։ Տրվեց նոր նախագծերի մեկնարկ՝ «Հայաստանի տեխնոլոգիական ապագա», ԻննոԻջևան, շարունակվեցին տարիներ շարունակ իրականացվող ծրագրերը։ ԱՏՁՄ-ն մասնակցեց և համագործակցեց ոլորտային խոշոր միջոցառումների հետ՝ այդ թվում Emerge կոնֆերանսի, MitQ հաքաթոնի և «Սթարմուս» փառատոնի։ Անցկացվեց հաջող մեդիաարշավ՝ ՏՏ ընկերություններին կառավարության աջակցության նախագծի լուսաբանման և համայնքի ձայնի բարձրաձայնման նպատակով։ 

Միությունն արձագանքեց երկրում կատարվող բոլոր նշանակալի իրադարձություններին՝ հայտնելով իր դիրքորոշումը և ձեռնարկելով անհրաժեշտ քայլեր։ Նոր թափ ստացավ մասնակցությունը միջազգային կոնֆերանսներին և ցուցահանդեսներին, այդ թվում՝ VivaTech ցուցահանդեսին Փարիզում և Ֆրանկոֆոնիայի ցուցահանդեսին Թունիսում, ուր Արմաթն իր տաղավարով ներկայացնում էր Հայաստանի Հանրապետությունն ու վերջինիս հեռանկարը տեխնոլոգիական աշխարհում։

Ասուլիիսի ընթացքում Հայկ Չոբանյանը հատուկ շեշտեց մարտին սպասվելիք  «ԴիջիԹեք 2022» ցուցահանդեսի և վեհաժողովի թարմացված օրակարգի մասին՝ հիշեցնելով, որ միջոցառումը նախապես ծրագրված էր իրականացնել նախորդ տարվա հոկտեմբերի սկզբին, սակայն սեպտեմբերյան մարտական գործողությունների հետևանքով այն հետաձգվեց։ ԱՏՁՄ ներկայացուցիչները նշեցին, որ մարտին կայանալիք միջոցառումը չի բացառում աշնանը «ԴիջիԹեք 2023» միջոցառման կազմակերպումը։ 

Չոբանյանը խոսեց նաև Հայաստանի պաշտպանության ոլորտում կատարած քայլերի, իրականացվող ծրագրերի մասին։

«Ես շատ կարևորում եմ անցած տարի սկիզբ առած Հայաստանի համապարփակ պաշտպանության և անվտանգության ծրագիրը, որը ի սկզբանե ԱՏՁՄ նախաձեռնությունն էր, և մենք այդ նախաձեռնությամբ գործըթնացը սկսեցինք դեռևս 2021 թ․ վերջին ԲՏԱ նախարարության հետ միասին։ Անցած տարի մենք կարողցանք մի քանի կարևոր խնդիր լուծել, առաջինը խնդրի ձևակերպումն էր։ Ծրագիրը ստացել է «Ոգեզէն» անվանումը, որը շատ ուրախ եմ, որ դարձելէ Հայաստանի տոկունությանն ուղղված տարբեր ծրագրերի ապակենտրոն հարթակ։ 2020 թվականին մեր հիմնական խնդիրն է եղել Հայաստանի համապարփակ պաշտպանության համակարգը դարձնել պետական ծրագիր, 2023 թվականին ևս մեր հիմնական խնդիրը պետք է լինի շարունակել այդ աշխատանքները, որը հնարավորություն կտա մեծ չափով որակական առումով բարձրացնել Հայաստանի տոկունության համակարգը։ Խոսքը վերաբերում է ոչ միայն ռազմականացված ռեզերվի ստեղծմանը, այլև մասնագիտական ռեզերվի ստեղծմանը, որը կրիտիկական նշանակություն ունի ոչ միայն սովորական, այլև հիբրիդային պատերազմների  շրջանում»,-ասաց Հայկ Չոբանյանը։

Նա նաև խոսեց այն մասին, թե ինչ ծրագրեր են իրականացրել Արցախում, ինչ են արել Արցախում հատկապես տեխնոլոգիական ոլորտի զարգացման ուղությամբ՝ հիշեցնելով, որ անցյալ տարի հասցրել են մի քանի ԱԹՍ լաբորատորիաներ բացել, այս տարի ևս միտք ունեն շարունակել իրենց ծրագրերն Արցախում։

Hraparak.am-ը հետաքրքրվեց, թե Հայաստանի ռազմարդյունաբերության ոլորտում ինչ հաջողություններ են գրանցել,  և որքանով են այդ գրանցած հաջողությունները հետո սահմանին հաջողություններ գրանցել՝ դիմակայելով ադրբեջանական հարձակումներին։

Հայկ Չոբանյանը նախ ասաց, որ ռազմարդյունաբերության ոլորտը պետք չէ առանձին դիտարկել տեխնոլոգիական ոլորտից, որովհետև այն խթաններն ու միջոցները, որոնք անհրաժեշտ են աազմարդյունաբերության ոլորտի զարգացման համար, դրանք նույն խթաններն ու միջոցներն են, որոնք անհրաժեշտ են ընդհանրապես տեխնոլոգիական ոլորտի զարգացման համար։

«Դա ֆինանսական ոլորտի ահսանելիությունն է, և ռազմարդյունաբերությունը հատուկ ուղղություն է, որտեղ ստանդարտ ֆինանսական գործիքակազմը բավարար չէ ռազմարդյունաբերության զարագցման համար; Դա նշանակում է, որ պետք է ստեղծվեն հատուկ ֆոնդեր։ Այսինքն՝ միայն պետական բյուջեն չէ իր բյուրոկրատական գնումների մեխանիզմներով, պետք է ստեղծվեն շատ ավելի ազատ ֆոնդեր, որոնք կարող են նպաստել իրականում էդ արդյունաբերության զարգացմանը։ Հիմա Դուք մի պահ պատկերացրեք, եթե Հայաստանի IT ոլորտի զարգացումը կախված լիներ միայն պետական բյուջեից և պետական գնումներից՝ մենք չէինք ունենա IT ոլորտ»,-ասաց Հայկ Չոբանյանը։

Իսկ այս պահին կառավարությունն օգտվո՞ւմ է ռազմարդյունաբերության ոլորտի տված պտուղներից, օրինակ՝ կատարո՞ւմ է հայկական ԱԹՍ-ների գնումներ, որոնք հետո կիրառվում են սահմանին։

Չոբանյանն ասաց․ «Եկեք էսպես պատասխանեմ՝ այս պահին կառավարությունն ունի ռազմարդյունաբերական ձեռնարկություններին տրված այնպիսի ծավալի պատվերներ, ինպիսին երբեք չի եղել»։