It's only business

It's only business

Եվրախորհրդարանը հունվարի 19-ին բանաձեւ է ընդունել՝ Ուկրաինայի պատերազմի հետ կապված հատուկ տրիբունալ ստեղծելու վերաբերյալ։ Բնականաբար, տրիբունալը ստեղծվելու է ընդդեմ Ռուսաստանի, եւ, ինչպես Զելենսկին է Թվիթերում գրել, «Ռուսաստանը պետք է պատասխան տա ագրեսիվ պատերազմի համար, արդարությունը պետք է հաղթի»։ Ենթադրաբար, ԵԽ խորհրդարանականները փորձում են դրանով ոչ միայն դատապարտել ագրեսորին, այլեւ պաշտպանել ժողովրդավարական արժեքները եվրոպական աշխարհամասում: Ինչը ենթադրաբար ողջունելի է եւ, առաջին հայացքից, կասկածի ենթակա չէ՝ հատկապես փոքր երկրների տեսանկյունից դիտարկելիս: Իսկ այժմ անցում կատարենք ճշմարիտ իրականություն: 

Ուկրաինան այն պետությունն է, որտեղ վերջին 100 տարվա կտրվածքով դաժանորեն ճնշվել են, օրինակ, ազգային փոքրամասնություն կազմող լեհերը: Խոսքը գնում է 1943-1944 թթ․ ուկրաինացիների կողմից Վոլինյայում եւ Արեւելյան Գալիցիայում 100 հազար լեհերի ցեղասպանության մասին: Դրա վկայությունն առկա է նույնիսկ անգլիալեզու Վիքիպեդիայում, չնայած՝ ընդամենը 3-4 տողով: Կես դար անց ԽՍՀՄ կազմաքանդումով անկախություն ստանալով՝ ուկրաինացիներն անցան ռուսական բնակչության իրավունքները ճնշելուն: Ինչը, բնականաբար, չէր կարող մնալ առանց պատասխանի, քանի որ այս անգամ զոհը ոչ թե հարեւան երկրում պետականությունը կորցրած լեհ փոքրամասնությունն էր, այլ ՌԴ-ի կողմից աջակցություն վայելող ռուսական փոքրամասնությունը: Այդ հակառուսականությունն էլ, ի վերջո, հանգեցրեց սկզբում 2014 -ի, իսկ այնուհետեւ 2022-ի ռուս-ուկրաինական պատերազմներին: 

2004 եւ 2014 թվականների նարնջագույն եւ Մայդանի հեղափոխություններից հետո ժողովրդավարական Եվրոպա «մուտք գործած» եւ Հյուսիսատլանտյան դաշինք մտնելու հայտ ներկայացրած Ուկրաինան, բնականաբար, պետք է համապատասխաներ արեւմտյան չափանիշներին, որպեսզի ստանար Արեւմուտքի ռազմական, մարդասիրական եւ ֆինանսական աջակցությունը: Իսկ այդ չափանիշներում, որքան արդեն հասկանում եմ, ներառված է նաեւ հակառուսականությունը: Բայց եթե այդ երեւույթը ժողովրդավարության բաղադրիչ է, ապա, ենթադրաբար, այդպիսին պետք է դիտարկվեր նաեւ հիտլերյան Գերմանիայի գաղափարախոսությունը: Եվ եթե դա այդպես դիտարկվեր, ապա նախորդ դարի 30-40-ականների Գերմանիան կարող է պատմականորեն գնահատվել որպես ժամանակակից ժողովրդավարության հիմնադիր: Հատկապես հաշվի առնելով նացիստական առաջնորդների ատելությունն ամեն ռուսականության նկատմամբ: Սակայն պատմության դասագրքերում այդ ժամանակաշրջանի Գերմանիայի իշխանությունը շարունակում են դիտարկել որպես հակամարդկային եւ ոչ թե ժողովրդավարական: 

Ի դեպ, պապյաններին եւ մյուս հայաստանյան արեւմտականներին թվում է, թե Արեւմուտքի օգնությունն Ուկրաինային պայմանավորված է զուտ ժողովրդավարական արժեքների նախանձախնդրությամբ: Իրականությունը շատ ավելի պրոզաիկ է, ինչը բացահայտվել է Կանադայի փոխվարչապետ Քրիստինա Ֆրիլանդի խոսքում՝ մեջբերված ռուսական տելեգրամ ալիքներից մեկում: Ահա. «Մենք (Արեւմուտքում) պետք է գիտակցենք, որ Ուկրաինային ամենեւին էլ լավություն չենք անում, ինչպես ընդունված է համարել: Ուկրաինային զենք մատակարարելով եւ, ինչպես միանգամայն իրավացիորեն նշել է Զելենսկին, պատերազմում հաղթելու համար փող տրամադրելով՝ մենք գործում ենք մեր շահերից ելնելով: Միակ բանը, որ մեզ ազդեցության լծակներ է տալիս, մեր օգնությունն է, որպեսզի Ուկրաինան հասնի հստակ եւ վերջնական հաղթանակի: Եթե մենք հասնենք դրան, եւ դա տեղի ունենա այս տարի, ապա դա հսկայական զարկ կտա գլոբալ (համաշխարհային) տնտեսությանը»: Ինչպես տեսնում ենք, այստեղ ժողովրդավարության հետքն անգամ չի երեւում: Ինչ մնում է ռուսներից «ուկրաինական ազատության» խնդրին, չեզոք եւ Ռուսաստանին ոչ թշնամի Ուկրաինան շատ ավելի ինքնիշխան պետություն կլիներ, քան ԵՄ անդամ Ուկրաինան: Եվ պաշտպանված կլիներ իր չեզոքությամբ, եթե արեւմտյան ազդեցությամբ հիմնական գաղափարախոսությունը չդարձներ հակառուսականությունը:  

Դրա վկայությունն է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ղեկավար Ուիլյամ Բըրնսի այցը Կիեւ: Վերջինս, ըստ ռուսական տելեգրամ ալիքների, Ուկրաինայի նախագահ Զելենսկուն է փոխանցել ռուսական բանակի հարձակողական գործողության ծրագրերը: Եվ դրա հետ մեկտեղ նախագահի աշխատակազմում կադրային փոփոխությունների պահանջները։ Զելենսկին հրաժարվել է դրանք իրականացնել, եւ արդյունքում կոռուպցիոն սկանդալների ալիքը սկսել է ցնցել իշխանության վերին օղակները: Ըստ նույն աղբյուրի, դրանք Զելենսկուն նախազգուշացնող քայլեր են, քանի որ ԱՄՆ-ն ունի բազմաթիվ կոմպրոմատներ նախագահի գրասենյակի ֆունկցիոներների մասին, որոնք միլիարդավոր դոլարներ են յուրացրել պետական բյուջեից եւ այդ գումարները տեղակայել օֆշորներում։ 

Հենց տնտեսական շահերի համատեքստում է երեւում Հայաստանի եւ Ուկրաինայի նկատմամբ Արեւմուտքի վերաբերմունքի տարբերությունը: Ուկրաինայի նկատմամբ վերաբերմունքը եւ նրան տրամադրվող օգնությունը համապատասխանում են արեւմտյան պետությունների երկարաժամկետ տնտեսական շահերին: Կամ, որ նույնն է՝ աշխարհաքաղաքական շահերին: Իսկ հայ-ադրբեջանական հակամարտության համատեքստում նման շահերի արտահայտիչ է դառնում հենց մեր թշնամին: Ու այդ պատճառով էլ Արեւմուտքը բավարարվում է ընդամենը Ադրբեջանին դատապարտող հայտարարություններով եւ շարունակում է վառելիքա-էներգետիկ կապերը զարգացնել իր «հուսալի գործընկերոջ» հետ: Իսկ ՀՀ վարչապետի պաշտոնին կառչած անձը, չգիտակցելով իրերի իրական վիճակը, դատապարտող հայտարարությունը դարձնելով ֆետիշ, նույնը պահանջում է նաեւ Ռուսաստանից: Կարծես թե դատապարտող հայտարարությամբ են լուծվում այսօրվա մեր խնդիրները: