1 միլիարդ 354 միլիոն դրամ՝ գիտական սարքերի ձեռքբերման համար

1 միլիարդ 354 միլիոն դրամ՝ գիտական սարքերի ձեռքբերման համար

Գիտության ոլորտում ենթակառուցվածքի եւ նյութատեխնիկական բազայի արդիականացման համար 15 կազմակերպությունների տրամադրվել է աննախադեպ մեծ գումար: Մրցույթի շահառու է դարձել ՀՀ պետական բյուջեից գիտական եւ գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ծրագրում ընդգրկված 15 կազմակերպություն, որոնց կտրամադրվի 1 միլիարդ 354 միլիոն ՀՀ դրամի աջակցություն՝ 28 հայտով ներկայացված սարքերի եւ սարքավորումների ձեռքբերման համար:

Սարքերի եւ սարքավորումների ձեռքբերման համար անցկացված մրցույթին հայտեր ներկայացրել են այն կազմակերպությունները, որտեղ տեղակայվելու են տվյալ սարքավորումները: Դրանցից կարող են օգտվել նաեւ այլ շահագրգիռ կազմակերպություններ. սարքերի համատեղ օգտագործման պահանջը մրցույթի հիմնական պայմաններից էր:

Սարքերն ու սարքավորումները ձեռք են բերվելու ոչ միայն Գիտության կոմիտեի տրամադրած միջոցներով. մրցույթի պահանջներով՝ անհրաժեշտ գումարի մի մասը ՀՀ արտաբյուջետային միջոցներից տրամադրելու են համաֆինանսավորող կազմակերպությունները: