Պաշարված ամրոցի՞, թե՞ մատաղացու գառան տեսակն ենք

Պաշարված ամրոցի՞, թե՞ մատաղացու գառան տեսակն ենք

Հետպատերազմյան 2021-ը կամփոփենք շոշափելի եւ երեւակայական իրականությունների անհամատեղելիության խոր զգացումով՝ շարունակվող պարտության եւ պաշտոնապես քարոզվող խաղաղության դարաշրջանի միջեւ։ Հանրության գիտակից փոքրամասնության զգուշավորությունը, նույնիսկ սպասվող զարգացումներից վախը բնական է, այն պետք է որ զգուշացում լիներ իշխանության եւ հանրային լայն շերտերի համար՝ միաժամանակ չվերաճելով խուճապի եւ ապակողմնորոշման։ Սպառնալիքների մասին սթափ խոսքը պետք է մեզ ազգովի մղեր գործելու ոչ թե հույզերի ազդեցությամբ, այլ բանականության թելադրանքով։ Ցավոք, դեռեւս այդպես չէ։

Մեր մտավորական էլիտայի ուղերձը, օրինակ, այն պիտի լիներ, որ չավարտված այս պատերազմում առաջնագիծն ու թիկունքը պայմանական հասկացություններ են։ Երեւանի կենտրոնը նույնքան խոցելի է թշնամու համար, որքան Երասխը, Կութը կամ Շուռնուխը, բայց եթե զինվորն ամուր թիկունք ու չընկրկող հրամանատար է տեսնում, նրա ոգին ամրանում է, վախը՝ հաղթահարվում։ Մեր թիկունքը, նախեւառաջ՝ իշխանությունը, նաեւ էլիտաների շատ այլ շերտեր, ապրում են խորապես ոչ պատերազմական տրամաբանությամբ, ինչը խարխլում է հանրային զգոնացման վերջին հնարավորությունը։

Թշնամուն դաշնակից այս իշխանությանը եւ անգամ հենց թշնամուն պետք է ընկալել ոչ թե զգացմունքների, այլ գիտակցական մակարդակում, եւ դա կդառնա մեր խնդիրների լուծման բանալին։ Բացի խելքից, մտքից՝ մեր ազգն այլ ռեսուրսներ չունի՝ ո՛չ բնական, ո՛չ նյութական, ո՛չ ժողովրդագրական։ Մեր զինվորը՝ անգամ դպրոցը նոր ավարտած ու բուհ չընդունված, գյուղաբնակ ու կյանք չտեսած, մարտադաշտում աչքի ընկավ հենց իր հնարամտությամբ ու արագ կողմնորոշվելու ունակությամբ եւ այնպիսի անպատմելի սխրանքներ գործեց, որ ուժերի նման անհավասարության հաշվառմամբ ուղղակի անհնար է թվում։

21-րդ դարագլխին ծնված սերունդն իրապես փառքով գրեց իր անունը հայ ժողովրդի տարեգրության մեջ, որքան էլ փորձեն թերթել այդ էջը կամ սրբագրել այն։ «Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» պայմաններում ծնված-մեծացած տղաները պատկերացնել չէին կարող, որ ամենաիսկական պատերազմի են մասնակցելու, իսկ հերոսաբար ընկնելուց հետո իրենց դավելու են ու ի սկզբանե պարտության դատապարտված լինելու մասին անհեթեթ պնդումներ են անելու՝ այդպիսով իսկ ուրանալով իրենց սխրանքները։

Վերջին հարյուրամյակում, այո՛, սա մեր պետությանն ու ժողովրդին պատուհասած ամենամեծ ազգային աղետն էր, մի ամբողջ սերնդի զոհաբերում, ապա դավաճանություն նրանց գործի եւ հիշատակի նկատմամբ։ «Հաղթելու ենք» մարտակոչի շահարկում, անգամ տարբեր ապրանքների գովազդներում դրա օգտագործում, իսկ պարտությունից հետո՝ սեփական անզորության, ճակատագրական դատապարտվածության եւ անգամ, մեղա Աստծու, հազարավոր զոհերի «անիմաստության» մեղսավոր արձանագրումներ։ Դժվար է մեկ այլ պատմական նախադեպ հիշել, երբ պատերազմող երկիրն այսքան անարգ ու նվաստ գնահատականի արժանացներ իր իսկ նահատակ հերոսներին։

2022-ը պետք է ջրբաժան լինի՝ կա՛մ թիկունքն ավելի աչալուրջ կդառնա եւ կսովորի պատերազմի բեռը հավասարապես վերագրել նաեւ իրեն, կա՛մ մենք կշարունակենք պարտությունների շարքը, ինչպես 2021-ին։ Կա՛մ իսրայելական մոդելով՝ շարունակական պատերազմի պայմաններում ապրելու գաղափարախոսություն կորդեգրենք, կա՛մ, պատրաստվելով թվացյալ խաղաղության դարաշրջանին, հերթական անգամ կհայտնվենք մատաղացու գառան կարգավիճակում։ Մեր դաշնակիցների, բարեկամների եւ Սփյուռքի օգնության վրա հերթական անգամ հույս դնելով՝ մեր պետությունն ու ժողովուրդը կարող են հայտնվել իրապես անօգնական եւ միայնակ վիճակում, ինչպես Մեծ եղեռնի տարիներին։

Իսկ այս անավարտ պատերազմն ավարտին հասցնողը բացառապես մենք ենք։ Ադրբեջանն այս ընթացքն օգտագործեց ուժի իրավունքով սեփական դիրքի ամրապնդման համար։ Հայաստանի «արթնացումը» հնարավոր է միայն ու միայն մեր համառության, նպատակասլացության ու ազգային երազանքի դեպքում։

Դավիթ Սարգսյան