Ո՛չ մանկուրտիզմին

Ո՛չ մանկուրտիզմին

Շաբաթ օրը տեղի էր ունենում համահայաստանյան «ամենակարևոր» իրադարձություններից մեկը՝ նիկոլական գլխավոր ուսապարկերից մեկն ամուսնանում էր: Դրա մասին գրեցին և որից նկարներ ցուցադրեցին բոլոր լրատվամիջոցները (հեռուստացույց չեմ դիտել): Այնպիսի տպավորություն էր, որ այդ հարսանիքը կարծես թե կանխորոշիչ նշանակություն ուներ հայության ճակատագրի առումով: Բայց լրատվամիջոցները մեղավոր չեն՝ մարդու բնույթն է այդպիսին, հատկապես՝ հայաստանցունը: Վերջինս սիրում է նման տիպի միջոցառումների մասնակցել կամ գոնե հետևել դրանց. մեկը՝ ուրախությունից, մյուսը՝ նախանձից: 

Այս և բազմաթիվ այլ առումներով ես նման չեմ հայաստանցուն: Չէ, մի քանի նկար ես էլ նայեցի՝ տեսնեմ ինչ-որ անսովոր բան կար արդյոք, որ բոլորին է դա գրավել: Սովորական հարսանիք էր՝ նորմայից ավելի շքեղ, թեև շատ ավելի շքեղներն էլ են եղել: Իհարկե, Հայաստանում կոռուպցիա ասած բանը վաղուց վերացվել է Նիկոլի շնորհիվ, և այդ շքեղությունն ընդամենը «աշխատավարձ + պարգևավճար + վարկ (եթե այն առկա է)» եկամտային երկյակ կամ եռյակ բաղադրիչների հաշվին էր: Իսկ հանդիսասրահի տնօրինությունն էլ հաստատ ամանորյա զեղչեր էր կիրառել: Նույնը և հանդիսավարը, որ, ասում են, թե խիստ թանկաբազար է: Բայց դա իր իրավունքն է՝ լինել թանկաբազար և կամ զեղչ կիրառել: Ինչևէ, քանի որ նոր ընտանիք էր հիմնվում մեր երկրում՝ շնորհավոր այդ միությունը: Բայց վերադառնամ այս պարբերության սկզբին՝ ես հարսանիքների և ոչ էլ այլ ուտուշ-խմուշների սիրահար չեմ: Եվ դա վաղուց: Իսկ 2020 թվականից հետո ընդհանրապես դեմ եմ: 

2020-ից հետո հարսանիքների նկար տեսնելուց կամ թեկուզ նյութի վերնագրում դա կարդալուց ինձ թվում է, թե ես հայտնվել եմ ռուս դասական բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի (1799-1837) «Խրախճանք ժանտախտի ժամանակ» ստեղծագործության միջավայրում: Մի կողմից ծածանվող եռագույներով Եռաբլուրն է՝ լացող հայրերով, մայրերով, զավակներով, քույր-եղբայրներով, և մյուս կողմից՝ աննորմալ քեֆ-ուրախությունը: Եվ այդ աննորմալությունը մտել է մարդկանց ընտանիքները՝ ճիշտ այնպես, ինչպես հայաստանցիների նիկոլական բաժանումները: Ինչը հերթական պառակտումն է մտցրել մեր հասարակության մեջ: Եվ եթե ես լինեի երկրի ղեկավարը՝ ծանր հարկ կդնեի հարսանիքների և հատկապես շքեղների վրա, որպեսզի կազմակերպիչները մի քիչ մտածեին նախքան նախաձեռնելը:

Բայց դե երկրի ղեկավարը ես չեմ և ոչ էլ ինձ նման մտածող մեկը, այլ Փաշինյան Նիկոլն է: Այնպիսի մեկը, ով ամեն ինչ անում է, որպեսզի մոռացվի 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբերը: Բայց մոռացվի ոչ թե այն բանի համար, որպեսզի առողջացվի երկրի բարոյական մթնոլորտը, այլ մարդիկ վերածվեն մանկուրտների: Հիշո՞ւմ եք կամ գիտե՞ք, թե ով կամ ինչ է մանկուրտը: Եթե ոչ՝ ասեմ. դա ղրղզ հանրահայտ գրող Չինգիզ Այթմատովի (1928-2008) «Եվ դարից երկար ձգվում է օրը» վեպի հակահերոսի կերպար է:

Մի մարդ, որ գերեվարվարվելուց հետո բռնի կերպով վերածվում է անհոգի ստրուկի՝ մոռացած սեփական անցյալը և լիովին զրկված սեփական կամքից: Եվ այդ ամենն այն աստիճան, որ տիրոջ հրամանին ենթարկվելով՝ սպանում է նույնիսկ սեփական մորը՝ երբ վերջինս փնտրելով գտնում է նրան և փորձում է ազատել ստրկությունից: Այդ հակահերոսի կերպարն այնպիսի ճանաչում է ձեռք բերել, որ ողջ աշխարհում փոխաբերական իմաստով «մանկուրտ» բառը  (նաև «մանկուրտիզմ» հասկացությունը) օգտագործվում է իր պատմական և ազգային արմատների հետ կապը կորցրած մարդուն բնորոշելու համար։ 

Իսկ ինչի՞ն են պետք Նիկոլին մանկուրտները: Որպեսզի մարդկանց ուղեղները մտցնի թուրքի հետ խաղաղ դարաշրջանի մեկնարկի ցնդաբանությունը, և որպես բոնուս թուրքից Հայաստանը ցկյանս ղեկավարելու հնարավորություն ստանա: Բայց ինքը չի գիտակցում, որ թուրքին պետք են ոչ թե ստրուկ հայեր, այլ հայազուրկ տարածքներ և այդ թվում Սյունիքը, Երևանն ու Սևանը: Այսինքն՝ համարյա ողջ Հայաստանը: Իսկ իրենց ցանկացածը ստանալուց հետո Նիկոլից կազատվեն ճիշտ այնպես, ինչպես ազատվել են դարերի ընթացքում օգտագործված դավաճաններից՝ նրանց գլխատել են: Բայց քանի որ Նիկոլը շարքային հայ չէ՝ նրան կվերացնեն շատ ավելի քաղաքակիրթ ձևով: Եվ երբ գալու լինի այդ պահը՝ ինքը կգիտակցի իր սխալը, սակայն արդեն ուշ կլինի: Եվ որպեսզի թե՛ Նիկոլը և թե՛ մենք խուսափենք նման ճակատագրից՝ նրան անհրաժեշտ է հեռացնել իշխանությունից: Հեռացնել ճիշտ այնպես, ինչպես բերել ենք իշխանության: