Շիզոֆրենիա, որն արդեն երեք տարի իշխում է աշխարհում

Շիզոֆրենիա, որն արդեն երեք տարի իշխում է աշխարհում

Երբ 2019 թվականի վերջին Չինաստանի Ուհան քաղաքում հայտնաբերվեցին կորոնավիրուսի առաջին վարակակիրները եւ կարճ ժամանակ անց պարզ դարձավ, որ անհայտ ծագման այդ վարակից մահացությունների մեծ տոկոս է արձանագրվում, մենք սոսկումով հետեւում էինք չինական իշխանությունների սկսած պայքարին՝ համաճարակը կանխելու եւ այդ քաղաքում լոկալացնելու համար։ Անմարդկային մի հիստերիա էր սկիզբ առել, որտեղ ճշմարտությունն ու հորինվածքը, իրական հիվանդությունն ու անհայտ հիվանդությունից սարսափն այնպես էին միահյուսվել, որ հասկանալի չէր, թե դա ինչ շարունակություն է ունենալու։ Իսկ երբ աշխարհը կատաստրոֆիկ արագությամբ նետվեց այդ հիստերիայի հորձանուտը եւ սկսեց պարալիզացնել երկիր մոլորակի կենսագործունեությունը, պարզ դարձավ, որ մենք մտել ենք մի մութ, անորոշ ու վտանգավոր շրջան, որից դուրս գալն ավելի մեծ ջանք է պահանջելու, քան թվում էր 2019-ի ձմռանը։ 

Աշխարհի ամենազարգացված երկրներն անգամ մտան այդ հորձանուտի մեջ՝ լոքդաուն կոչվող անմարդկային ռեժիմները հաստատելով իրենց երկրներում, փակվեցին օդանավակայանները, մարդկանց զմռսեցին իրենց տներում, հայտարարվեց արտակարգ առողջապահական իրավիճակ, ահասարսուռ կադրեր սկսեցին հեռարձակել դաշտային հոսպիտալներից, դիահերձարաններից ու գերեզմանատներից։ Հիշում եք՝ Մարզահամերգային համալիրի զորանոց հիշեցնող մահճակալների կադրերը, որոնք սարսափի մատնեցին հայ հասարակությանը։ Մահացողներին արգելում էին դիահերձում անել, թաղումներ կազմակերպել, փոքր հավաքներն անգամ արգելվեցին, տնից դուրս գալու եւ անգամ մթերային խանութ գնալու համար հատուկ թույլտվություններ սահմանվեցին։ Մարդկությունն անցավ օնլայն աշխատելուն եւ սովորելուն։ Վարակակիրներին սկսեցին վերաբերվել ինչպես բորոտների եւ հանրային ցասումի ալիքն սկսեցին ուղղել հիվանդացողների ուղղությամբ։ Կոշմարի 3 տարիներ մարդկությունը ոչ ուտում էր, ոչ խմում, ոչ ապրում՝ զբաղված էր կորոնավիրուսի մասին խոսակցություններով, վախերով ու մահվան սպասումով։ Սարսափելի թվեր էին հրապարակվում՝ մարդկությունը 7 միլիարդից պետք է դառնա 2 միլիարդ, բոլորը կոտորվելու են այս անհայտ հիվանդությունից եւ այլն։ 

Թե այդ շիզոֆրենիայի ընթացքում ինչքան անմաքուր գործարքներ իրականացվեցին, ովքեր մեծ գումարներ աշխատեցին եւ ինչքան մարդիկ ու ընկերություններ սնանկացան եւ ոչնչացան, հավանաբար հետագայում պատմությունը կուսումնասիրի։ Սա աստվաշնչյան ջրհեղեղի նման մի բան էր, որը 3 տարում մարդկությունը դեռ չի հաղթահարել եւ շարունակում է կրել դրա հետեւանքները։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, որը թվում է, պետք է կանոնակարգեր եւ հանգստացներ համաշխարհային հանրությանը, մշակեր բուժման ամենաօպտիմալ մեթոդները, զբաղվեր պատվաստանյութերի կենտրոնացված արտադրությամբ եւ հակահամաճարակային կանոնների մշակմամբ, հակառակը՝ միայն բացասական դեր խաղաց այս պրոցեսի մեջ՝ խուճապ ու անորոշություն ստեղծելով եւ հաստատելով այն կասկածները, որ սա մի համաշխարհային դավադրություն է, որտեղ իր բաժինն ունի նաեւ ԱՀԿ-ն։ 

Եւ բնական է, որ տարբեր կառույցներ եւ պետություններ այս պղտոր ջրում լավ ձուկ որսացին՝ սահմանափակելով մարդու իրավունքները եւ ազատությունները, միջամտելով մարդկանց կյանքին եւ իսպառ ոչնչացնելով անձի կյանքի գաղտնիության իրավունքը։ Ապա սկսվեց դաժան պայքար հիվանդությունը եւ պատվաստանյութերը կասկածի տակ դնողների նկատմամբ։ Որոշ երկրներում անգամ օրենքներ ընդունեցին եւ գործեր հարուցեցին այդ անձանց դեմ։ Ամենից շատ տուժեցին բժիշկները, որոնք տարակարծիք էին հիվանդության կանխարգելման եւ բուժման հարցերում։ Լրատվամիջոցների նկատմամբ սահմանափակումներ կիրառվեցին եւ արշավ սկսվեց։ Ոչ ոք իրավունք չունի կասկածել այս հիվանդության մահաբերությանը եւ պատվաստման արդյունավետությանը։ Անգամ դիմակները, որոնք մեկ մտցնում են, մեկ հանում են կիրառումից՝ տարբեր երկրներում եւ շատ բժիշկներ հայտարարում են, որ դրանք չեն կարող կանխել վարակի տարածումը, դարձան Զեւսի կնոջը համազոր մի բան, որը կասկածի տակ առնել չի կարելի։ 

Դիմակավորված աշխարհը կորցրեց տարրական տրամաբանությունը եւ ողջամտությունը։ Օրինակներ՝ ինչքան ուզեք․ հսկայական համերգասրահում, որտեղ մի քանի սանտիմետր հեռավորությամբ սեղանների մոտ մարդիկ ալկոհոլ եւ ուտելիք են վայելում՝ երաժշտությունն ունկընդրելիս, եւ մոտ երկու ժամանոց համերգի ժամանակ, բնականաբար, դիմակներ չեն կրում, դուրս են գալիս միջանցք կամ գնում են արտաքնոց՝ մուտքի մոտ կանգնած ժանդարմը պահանջում է դիմակ կրել։ Առարկում ես՝ նույն դահլիճում 2 ժամ նստել ենք՝ «իրար գրկած», վարակն անարգել պտտվել է դահլիճում, շենքի դատարկ միջանցքում դիմակ կրելն ի՞նչ իմաստ ունի՝ ոչ, այդպես է կարգը։ Բաց օդում միայնակ կամ փոքր խմբերով քայլող մարդկանցից դիմակ պահանջելու իմաստը եւս չկա, բայց շատ երկրներում դա պարտադիր է։ Կան երկրներ, որտեղ պատվաստման սերտիֆիկատը՝ քյուառ կոդը բավարար է, բայց կան երկրներ, որտեղ նաեւ թեստի բացասական պատասխան են պահանջում։ Թեեւ պատվաստումը չվարակվելու երաշխիք չէ եւ պատվաստված մարդիկ էլ կարող են վարակը տեղափոխել երկրից երկիր։ 

Եւ ամենակարեւորը՝ տարբեր երկրներում տարբեր պատվաստանյութեր են անցնում ու մարդիկ որեւէ երկիր մեկնելուց առաջ պետք է մանրակրկիտ ուսումնասիրեն այդ երկրի օրենսդրությունն ու նորմատիվները, պարզեն, թե վերջին օրերին ինչ նորամուծություն են մտցրել այդ երկրում, որ երկիր մուտք գործելիս տհաճ անակնկալների չբախվեն։ Իսկ պատվաստումների պարտադրանքն առհասարակ մարդու տարրական իրավունքների ոտնահարում է, մանավանդ՝ դեռեւս այդ պատվաստումների հետեւանքներն ամբողջությամբ ուսումնասիրված չեն եւ հայտնի չէ, թե դրանք մարդկանց առողջական համակարգի, գենետիկ ֆոնի վրա ինչպես են ազդելու։

Օրերս Մեծ Բրիտանիան կարծես թե ճեղքեց համաշխարհային շիզոֆրենիայի այս եռամյա փուլը եւ հայտարարեց, որ հրաժարվում է դիմակներից, պարտադիր պատվաստումից, օնլայն աշխատել-սովորելուց, կովիդով պայմանավորված բոլոր սահմանափակումներից։

Արձանագրենք, որ ողջամտությունը մի երկրում հաղթեց։ Ի վերջո, կովիդի մահացության թվերն իջել են եւ բժշկությունը արդեն սովորել է ոչ միայն պատվաստել, այլ նաեւ բուժել այս հիվանդությունը, իսկ մահացությունների որոշակի տոկոս, ինչպես հայտնի է, սովորական գրիպից էլ է լինում։ Ուրեմն պետք է հաղթահարել այս համատարած տագնապի, կասկածների ու սահմանափակումների շրջափուլը եւ անցնել բնականոն կյանքով ապրելուն։