Լրատվամիջոցներին ասֆալտին փռելու գործողության մեկնարկը

Լրատվամիջոցներին ասֆալտին փռելու գործողության մեկնարկը

Իհարկե լրագրության ոլորտում խնդիրները չափազանց շատ են: Դրանք պայմանավորված են ինչպես օբյեկտիվ իրականությամբ, այնպես էլ ներքին առանձնահատկություններով: Բայց ի տարբերություն այլ ոլորտների, այստեղ խնդիրներն ու մարտահրավերները ինքնակարգավորվող և ինքնազտվող բնույթ ունեն, այսինքն` կերպափոխվելու և բարեփոխվելու մենաշնորհը պատկանում է բացառապես լրագրողական համայնքին, որի աղբյուրներն են կամքն ու փորձառությամբ պայմանավորված անհրաժեշտությունը: Ասվածի տրամաբանությունից հետևում է, որ կողմնակի միջամտությունը հակացուցված է և պետությունը չի կարող հանդես գալ լրագրության ոլորտում փոփոխություններ իրականացնելու դիրքերից, քանի որ փոխել նշանակում է վերահսկել, իսկ վերահսկման հաջորդ աստիճանը ճնշելու և սահմանափակելու գայթակղությունն է:

Մամուլի ինքնակարգավորվող բնույթը լրատվամիջոցների ազատության առաջնային երաշխիքն է, ինչն էլ իր հերթին ժողովրդավարական հասարակարգի հիմնասյուներից մեկն է: Եթե հանրությունը որոշում է շարժվել ժողովրդավարության կառուցման ճանապարհով, ապա դրա հետ զուգընթաց պետք է տիրապետող դառնա այն համոզմունքը, որ բազմաշերտ հանրության բոլոր շերտերը կարող են լրատվական համակարգում որոշակի մասնաբաժին ունենալ, որքան էլ դրանք ատելի լինեն մեկը մյուսի համար: Ասվածից հետևում է, որ վարչապետ Փաշինյանն ու հեղափոխականները պետք է կարողանան հաշվի նստել այն իրողության հետ, որ լրատվական տիրույթում կարող են նաև քոչարյանամերձ լրատվամիջոցներ լինել: Որքան էլ փաստն այս ցավոտ լինի Փաշինյանի համար, միևնույն է, ժողովրդավարության պահանջն է այդպիսին:

Բայց, կարծես թե, վարչապետը չի կարողանում հաշտվել այս իրողության հետ: Անհաշտությունն իհարկե վաղուց էր տեսանելի, իսկ  կառավարության վերջին նիստում այն գործնական մարմնավորում ստացավ: Այլ խոսքով` եթե նախկինում Փաշինյանի անհանդուրժողականությունը զուտ զգացմունքային բնույթ էր կրում, ապա հիմա լրատվամիջոցներին ասֆալտին փռելու կոնկրետ տրամադրվածություն է նկատվում: Այս պարագայում իհարկե ամենազավեշտալին Փաշինյանի անձի երկատվությունն է:

Տասը տարի առաջ վարչապետ Փաշինյանն անշուշտ համերաշխ կլիներ այս ակնարկում արծարծվող գաղափարների հետ և լրատվամիջոցների թափանցիկության ապահովման նախաձեռնությունները նրա կողմից կդիտարկվեին որպես ավտորիտար և խոսքի ազատությունը սահմանափակող: Այլ կերպ պարզապես լինել չէր կարող, քանի որ, եթե խմբագիր Փաշինյանը բացահայտեր իր թերթի ֆինանսական աղբյուրները և կատարյալ թափանցիկություն ապահովեր, ապա ոչ լրատվամիջոցը գոյություն կունենար և ոչ էլ լրագրող Նիկոլը: Իսկ ի՞նչ է հիմա փոխվել, դե իհարկե, ինչպես հեղափոխականներն են ասում, իրավիճակն է փոխվել կամ էլ լրագրողից վարչապետ դարձած Փաշինյանը լրատվամիջոցների հետ ցանկանում է անել այն, ինչի հետևանքով ժամանակին կարող էր ոչնչանալ հենց իր թերթը: Իշխանությունը քաղցր բան է, հատկապես, երբ այն սուպերվարչապետական է: Իսկ քաղցրության առաջնային գրավականը անզուսպ փառաբանությունն է, այսինքն որքան շատ փառաբանես ու օրհնես իշխանությանը, այնքան այն ավելի քաղցր կլինի: Բայց քաղցրից զատ իշխանությունը նաև վտանգավոր երևույթ է, քանի որ կարող է նաև անձի երկատվության պատճառ դառնալ: 

Ասվածի համատեքստում տրամաբանական հարց է առաջանում. ի՞նչ է վարչապետը ակնկալում լրատվամիջոցներից: Կարող ենք ենթադրել, որ նրա որոնածը քաղցր իշխանության էլ ավելի քաղցրացումն է, այլ խոսքով բոլոր լրատվամիջոցները պետք է Հ1 դառնան ու օր ու գիշեր փառաբանեն հեղափոխական սուրբ կառավարությանը: Ավելին` հեռուստալիքներն ու թերթերը պետք է մեկ մարդու պես տարածեն վարչապետի հորինած օջախաընտանեկան լոզունգներն ու խորովածի մասին քնարեգրությունները, ինչպես նաև օր ու գիշեր հայհոյեն նախկիններին: Հակառակ պարագայում դրանք մերժելի են ու հանցավոր, քանի որ հեղափոխության արևի տակ ոչ բոլորը տեղ ունեն, հատկապես նրանք, որոնք համարձակվում են քննադատել սուրբ վարչապետին: